08 Սեպտեմբեր 2013, 22:07
1673 |

Ընկույզկոտրիչի կյանքի փառահեղ ավարտը

Նոր գաջեթների հանդեպ գերուշադրությունը ոչ միայն ռադիոծածկույթից դուրս մղեց պնդաճակատ Nokia հեռախոսները, այլև հանեցին դրանք պանդխտության մայրուղի: Բազմապրոֆիլային արմատներով հեռահաղորդակցության հիմնաքար Nokia ընկերությունն իր կարապի երգը երգեց Microsoft-ի դուդուկի ներքո: Բոլորիս ականջին այդքան հարազատ 1902 –ին իսպանացի կոմպոզիտոր Ֆրանցիսկո Տարեգայի գրած Մեծ վալսն այսուհետ կհնչի Microsoft-ի պատուհաններից ներս:

Microsoft - Nokia ընտանիքի կնքահայրը եղավ ջոբսյան ժառանգի՝ Apple ընկերության հանդեպ ունեցած վախը: Շուկան անասելի արագությամբ կլանող ջոբսյան խնձորի հաջողություններն արդեն վաղուց անհասանելի էին Nokia-ի համար: Apple-ի համացանցը խժռեց նաև Microsoft-ի շուկան, և այժմ Apple-ը սկսում է գերադրական դիրքեր զբաղեցնել թե՛ համակարգչային, և թե՛ ծրագրային ապահովման հարթակներում:

Nokia-ին նույնիսկ չփրկեց հեռահաղորդակցության ոլորտում տասնամյակների ընթացքում համաշխարհային առաջատարի տիտղոսը: Մինչդեռ կային ժամանակներ, երբ բջջային հեռախոս ու Nokia բառերը հոմանիշներ էին: Սակայն այսօր հեռահաղորդակցության շուկայում գոյատևելու համար դա բավարար չեղավ: Nokia ընկերությունը գրոշներով հանձնեց իր բազմապրոֆիլային բիզնեսի այն հատվածը, որի շնորհիվ ֆինլանդական փոքրիկ քաղաքի անունը դարձավ համաշխարհային բրենդ:

1970-ականներին հեռահաղորդակցության ոլորտում իր առաջին քայլերն անող Nokia-ն երկար ճանապարհ անցավ, որպեսզի 5 կգ-անոց շարժական հեռախոսները դառնան բջջային: Առաջին հեղափոխական մոդելը հազիվ մեկ կգ կշռող Mobira Cityman-900-ը տակնուվրա արեց այն ժամանակների հեռահաղորդակցության շուկան: Նոր զարգացող շարժական կապի հանդեպ հետաքրքրությունը տենդի վերածվեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ հենց այդ հեռախոսով զանգահարեց ԽՍՀՄ կապի նախարարին:

Տասը տարի անց, այս բրենդի հեռախոսները շուկայի առաջատար դիրքերում էին: 1998-ից մինչ 2002-ը մրցակիցներից շատերը փորձում էին գահընկեց անել ակնհայտ առավելություն վայելող բջջային հսկային: Արդյունքում, ի հեճուկս այլ կազմակերպությունների, 2003-ին թողարկվեց հեռահաղորդակցության պատմության մեջ ամենաշատ վաճառքն ունեցած Nokia 1100 մոդելը: Հեռախոսը հատկապես սիրվեց հայերի շրջանում, այն նույնիսկ քնքշորեն անվանում էին ՊՆ Nokia: Հայկական բանակի սիմվոլ դարձած հեռախոսի հաջողությունը պայմանավորված էր մի շարք գործոններով. նախ՝ մոդելը անհավանական էժան էր ու մատչելի բոլորին, ու բացի այդ՝ դիմակայուն բանակում հանդիպող արգելքների նկատմամբ: մի խոսքով՝ իսկական գանձ: Այս մոդելն ըստ արժանվույն գնահատվեց նաև աշխարհում. 4 տարվա ընթացքում երկրի երեսին վաճառվեց Nokia 1100-ի 200 մլն օրինակ:

Բայց հետո եկան ծանր տարիներ, ասպարեզ մտան Samsung-ն ու Apple-ը: Ու բջջային հեռախոսների շուկան վերածվեց աշխարհին տիրանալու մարտադաշտի: Սակայն այստեղ կանոններն այնքան էլ մարտական չէին: Դրանք ավելի շատ միջպալատական ինտրիգներ էին: Samsung-ն իր հաճախորդներին սկսեց առաջարկել էժան, բայց որակյալ հեռախոսներ, իսկ Apple-ն իր փյունիկյան վերածննդի նմանվող iphone-ում ներդրեց անկրկնելի դիզայն:

Արդյունքում արդեն մի քանի տարի է, ինչ Nokia-ն ոչ միայն գաջեթների համաշխարհային շուկայում արժեքավոր ոչինչ չի ներկայացրել, այլև նույնիսկ իր շքերթը ղեկավարող սմարթֆոնային գեներալ չունի:

Ինչքան էլ Nokia-ի վաճառքը նմանվում է պատերազմը տանուլ տված տիրակալի վերջին ճիգի, այն արդեն պատմության մեջ իր կարևոր դերն ունեցել է: Ու համոզված կարելի է ասել՝ ինչ ապրանքանիշի տակ և ինչպես էլ որ գործի ֆինլանդական այս ընկերությունը, արդյունքը նորից սեփական բջջայինների նման ամուր ու անկոտրում է լինելու: 

 

Այս թեմայով