26 Օգոստոս 2013, 13:10
1707 |

Claptomania՝ Դիլիջանում և Ստեփանակերտում

Սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում և սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում կկայանան D’Black Blues Orchestra խմբի համերգները, որի մենակատարն է ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը: 

D’Black Blues Orchestra-ն միավորել է վառ եւ տաղանդավոր կատարողների հինգ երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից: 

Ստեղծվելով 2000 թվականին` D'Black Blues-ն իր երկրորդ ծնունդն ապրեց 2008 թվականին` նոր ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի հայտնվելով:  

Հայտնի գործարարը երաժշտությանը նվիրված է դեռեւս դպրոցական տարիներից և իր կիրքը բլյուզի հանդեպ այսպես է բացատրում. «Բլյուզը ինքնատիպ է և խորը արմատներ ունի: Այն նման է կյանքին: Սակայն կան բաներ, որոնք հատուկ են միայն բլյուզին, օրինակ, միջակության ժխտումը: Ինչպես Շեքսպիրի մոտ. կամ բոլորը մահանում են, կամ էլ դա կատակերգություն է, որտեղ բոլորը հաճույք են ստանում»:

D’Black Blues Orchestra-ն Ռուսաստանում եւ Եվրոպայում փառատոնների մասնակցության մեծ փորձ ունի: Երաժիշտները շրջագայություններ են ունեցել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:  

D’Black Blues Orchestra-ն Դիլիջանում եւ Ստեփանակերտում կներկայացնի եվրոպական մակարդակի ձայնային և լուսային «Claptomania» շոուն, որտեղ տարբեր ժանրերի համադրություն է օգտագործվում:  

«Հայաստանից իմ ակնկալիքները չեն փոխվում. բնության առնական գեղեցկությունը, հնագույն քաղաքակրթություններից մեկի հանդիսավոր շքեղությունը և աներևակայելի հոգևոր ջերմությունը ծանոթ և անծանոթ մարդկանց հետ շփումից», - ասել է Վլադիմիր Ավետիսյանը: 

Տարբեր տարիներին Վլադիմիր Ավետիսյանը զբաղեցրել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ի վարչության անդամի, վարչության նախագահի տեղակալի, «Միացյալ ավտոմոբիլային տեխնոլոգիաներ» ընկերության վարչության նախագահի պաշտոնները, ինչպես նաև մի շարք խոշոր ռուսաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է եղել:

D’Black Blues Orchestra կատարումներին կարելի է ծանոթանալ YouTube-ում խմբի պաշտոնական էջում` http://www.youtube.com/user/wwwclaptomaniacom?feature=c4-overview-vl:

Այս թեմայով