04 Հուլիս 2013, 18:20
1432 |

Խաղաղության աղմուկ Սիրահարներում

Խաղաղությունն ունի իր ձայնը: Համոզվելու համար «Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ն հուլիսի 6-ին Սիրահարների այգում «Խաղաղության ձայներ» էքսպերիմենտալ երաժշտության փառատոն է անցկացնում: Խաղաղության կոչով իրենց ձայնը Սիրահարների բեմում կբարձրացնեն երաժիշտներ Հայաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Վրաստանից:
Մասնակից երկրների ընտրությունն մտածված էր. «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը նշեց, որ երաժիշտները հրավիրվել են հենց այն երկրներից, որոնք հակամարտություն են ունեցել: «Մեր հիմնական նպատակը Հայատանում խաղաղության մշակույթի զարգացմանն ուղղված փառատոն ստեղծելն է: Այդ իսկ պատճառով, հրավիրեցինք հակամարտություն ապրած երկրների երիտասարդ երաժիշտներին, կարծելով, որ նրանց այս խնդիրն առավել քան սրտամոտ է»:
Հրավիրված երաժիշտների հիմնական չափանիշը երիտասարդ լինելն է: Կազմակերպիչները նշում են, որ կարևորում են երիտասարդների ներուժը,փառատոնն ինքնին կոչված է խաղաղության գաղափարի շուրջ համախմբելու համամարդկային արժեքները կրող երիտասարդներին:
Հայաստան ժամանած շուրջ 20 երիտասարդներից ոչ բոլորն են երաժիշտներ: Հյուրընկալվել են երիտասարդներ, որոնք տեղեկատվություն են տարածելու փառատոնի մասին սոցիալական ցանցերում:
Մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է՝ ինչ գտնվում են Դիլիջանում: Այդ օրերի ընթացքում համատեղ ջանքերով ստեղծել են նոր երգեր, որոնք հանդիսատեսի դատին կներկայացվեն գալիք շաբաթ օրը: Երաժշտասեր հասարակությունն այդ օրը հնարավորություն կունենա ունկնդրել ջազ, ռոք, ինչպես նաև էթնիկ երաժշտության ժամանակակից մշակումներ:

Այս թեմայով