20 Հունիս 2013, 20:30
1704 |

Քո արյունը կփրկի իմ կյանքը

Հայ աստղերին ու մտահոգ մարդկանց մեկտեղել էր մեկ ընդհանուր գաղափար՝ այսուհետև արյան փոխներարկման կարիք ունեցող ոչ մի մարդ խնդրի առաջ չկանգնի։

Արյան կաթիլի տեսքով կրծքանշանից ունեն «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» ակցիայի բոլոր մասնակիցները։ Սա նշանակում է, որ նրանք արդեն գրանցել են իրենց տվյալները Արյունաբանական կենտրոնի հատուկ տաղավարում ու պատրաստակամություն են հայտել դառնալ արյան դոնոր։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորում է այս միջոցառումը, քանի որ արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում մոտ 500 երեխաների, բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր, որոնց պակասը շատ է զգացվում։

Ակցիայի ամբողջ ընթացքում գրանցվող մարդկանց թիվը հետզհետե ավելանում էր, իսկ դա նշանակում է, որ ծրագրի գլխավոր նպատակը մոտ է իրականացմանը. արյան դոնորության վերաբերյալ հասարակությունն իրազեկվում է ու դառնում մտահոգ՝ իրենց կարիքն ունեցող մարդկանց նկատմամբ։

Բացի տեղեկատվական ու բարեգործական բնույթից՝ «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» ծրագիրը նաև ժամանցային մաս էր նախատեսել։ Ակցիային էին միացել հայկական շոու բիզնեսի աստղեր, որոնք հավաքվածների համար կատարեցին երաժշտական համարներ։ Ավելին՝ մասնակցեցին նաև դոնորների գրանցմանը, պարտավորվելով դառնալ արյան դոնոր՝ հրաշալի օրինակ ծառայելով բոլորի համար։

Ակցիան ավարտվեց բարի ու դրական էմոցիաներով, մարդիկ հեռանալուց առաջ նշում էին, որ հպարտ են, քանի որ կատարել են կարեւոր առաքելություն՝ դարձել են արյան դոնոր ու գուցե եւ փրկել եւս մեկ մարդու կյանք։

Այս թեմայով