18 Հունիս 2013, 21:19
3428 |

Մեկ օր «Երևան փրոդաքշնսում»

Հունիսի 18-ին «Երևան փրոդաքշնսում» բաց դռների օր էր: «Հայաստանի երեխաներ հիմնադրամի» (Children of Armenia Fond - COAF), HSBC բանկի և «ԵՐԵՎԱՆ» քաղաքային ամսագրի աջակցությամբ կազմակերպված մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Հայաստանի ինը շրջանների տասը դպրոցներից Երևան եկած աշակերտները հյուրընկալվել էին ընկերությունում: Հատուկ նրանց համար «Երևան փրոդաքշնի» աշխատակիցները հետաքրքիր էքսկուրսիա էին կազմակերպել, որի ընթացքում երեխաները ծանոթացան ընկերության գործունեությանն ու տվեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Բարձր դասարանցիներին ծանոթացրեցին ընկերության հրատարակությունների հետ և պատմեցին' ինչ նպատակներ է հետապնդում ու ինչ խնդիրներ լուծում դրանցից յուրաքաչյուրը: Նրանց մանրամասն նկարագրեցին ամսագրի ստեղծման բազմաստիճան գործընթացը' սկսած համարի թեմայի ընտրությունից մինչև նյութերի բաշխումը լրագրողների միջև ու սրբագրիչի և գրական խմբագրի կողմից հոդվածների ստուգումը: Դիզայնի և էջադրմանմասնագետները աշակերտներին ցույց տվեցին' ինչպես են ստեղծվում տպագիր հրատարակության մակետն ու ցանցը: Երեխաները նաև ծանոթացան ամսագրի համար լուսանկարների ընտրության առանձնահատկություններին, դրանց մշակմանն ու էջի դիզայնի տեխնիկական նրբություններին: Ջերմ ընդունելությունից ոգևորված' նրանք զանազան հարցեր էին տալիս և ակտիվ հետաքրքրություն դրսևորում ստեղծագործական աշխատանքի նրբերանգների հանդեպ:

Էքսկուրսիայի վերջում, ի հիշատակ «Երևան փրոդաքշնսում» անցկացրած օրվա, դպրոցականների համար հատուկ ֆոտոսեսիա կազմակերպվեց: Բացի այդ, մրցանակներ ու նվերներ ստացան Յոահիմ դե Պոսադի ու Էլեն Զինգերի «Մի՛ կերեք զեֆիրը... առայժմ» գրքի հիման վրա գրված տասը լավագույն էսսեների հեղինակները:

Այս թեմայով