27 Մարտ 2013, 11:28
120 |

Հակոբ Հակոբյանի «Երկաթե երկերը»

Նրա առաջին ցուցահանդեսը որպես քանդակագործ՝ ամենասպասվածներից մեկը։ Կյանքի վերջին շաբաթները նա աշխատում էր այս նախագծի վրա, բայց վերջացնել այն այդպես էլ չհասցրեց։ Վերջին ու առաջին՝ Հակոբ Հակոբյանի «Երկաթե երկերը» ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մարտի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում։

Ցուցահանդեսին ներկայացված էին չորս գեղանկար, մի քանի գիպսե մոդելներ և 62 քանդակ։ Այս 62 գործը «մեկ հարկի տակ» էին հավաքել առաջին անգամ. մինչև այժմ Հակոբ Հակոբյանն ունեցել էր բազմաթիվ գեղանկարչական ցուցահանդեսներ, իսկ որպես քանդակագործ՝ և ոչ մի հատ։
Կծաքցաններ, պտուտակամերի բանալի, աքցան... Սովարական մարդկանց մոտ այս բառերն ասոցացվում են, ասենք, վառված վարդակի, խափանված մեքենայի և այս ամենի հետ գլուխ դնող հայրիկի հետ։ Թե ինչպես կարելի էր այս կոպիտ, անհրապույր կենցաղային իրերը վերածել արվեստի գործերի՝ գիտեր միայն Հակոբ Հակոբյանը։ Ինչպե՞ս պատկերել պողպատե բանալու նրբագեղ պարը։ Ինչպե՞ս անել այնպես, որ մարդը նայի երկաթի այս կտորին և տեսնի հիասքանչ կնոջ, զգա նրա կրքոտ արգենտինական տանգոն։ Երկաթը հյուսում է այն երկը, որն արդեն կա ձեր մտքում՝ այսպիսի հատկանիշներով իրենց ստեղծածը կարող են օժտել միայն իսկապես տաղանդավոր արվեստագետները։

Հակոբ Հակոբյանը, անշուշտ, հայ լավագույն վարպետներից էր, որը սկսեց ստեղծագործել այն ժամանակ, երբ արդեն կային Սարյանը, Մինասը, Քոչարը։ Սակայն Հակոբյանի անունը չկորչեց այս հսկաների շարքում՝ նա կարողացավ իրենն ասել, նոր շունչ բերել հայ նկարչության, իսկ կյանքի վերջին տասնամյակներին՝ նաև քանդակի ասպարեզ։ «Մենք պատրաստում էինք այս ցուցահանդեսը նկարչի հետ միասին, - պատմում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը։ - «Երկաթե երկերը» պլանավորվում էին որպես խորհրդանշական իրադարձություն՝ քանդակի առաջին ցուցահանդես, որի բացումը պետք է նվիրված լիներ Հակոբյանի 90-ամյակին։ Բայց, ցավոք, ավարտեցինք աշխատանքներն արդեն առանց նրա»։
Սա իսկապես խորհրդանշական ցուցահանդես է։ Վերջին նախագիծը՝ սովորական երկաթից հյուսված 62 երկերը դեռ երկու ամիս հասանելի կլինեն բոլոր նրանց համար, ովքեր կուզեն տեսնել երկաթի իրենց պարը։

Այս թեմայով