17 Նոյեմբեր 2014, 17:02
2876 |

Նահապետի ջազախեղդ աշունը

Պրոսպեկտ-Ամիրյան խաչմերուկի շենքերից մեկի երկու պատուհանները գիշերվա ամենաուշ ժամերին անգամ լուսավոր են: Հայկական ջազի կնքահայրերից մեկը՝ Ստեփան Շաքարյանը, լուռ, բոլորից աչքից հեռու ու ճկույթի երկարության մատիտով խզբզում է նոտաների տետրի մեջ, գրում հերթական ջազային ստեղծագործությունը: 80 տարեկանում էլ սևամորթների երաժշտության հայ վարպետը չի հանձնվում, հպարտորեն խոստովանում է՝ ամեն օր քաղաքով մի շրջան քայլում եմ, որ անշարժ գույք չդառնամ:

Կովկասցի ջազմենի աշուղական ակունքները
Նախնիներս հայ աշուղական երգի հայրենիք պատմական Գողթան գավառից են: Պատերազմներից մեկի ժամանակ գաղթել են Ղարաբաղ, հետո Բաքու: Դեռ այնտեղ մտմտում էի ջազի շուրջ, 1952-ին տեղափոխվեցինք Երևան, 45-րոպեանոց «Ամերիկայի ջազի ժամ» ռադիոհաղորդում կար, որ աֆրիկյան մի երկրից գալիս հասնում էր մեզ, երիտասարդներով հավաքվում ու լուռ, առանց ծպտուն հանելու լսում էինք. այդպես էլ սիրահարվեցի սևամորթների երգին:

Արամ Խաչատրյանի սիրելի աշակերտը
21 տարեկանում Արամ Խաչատրյանն ինձ տարավ Մոսկվա, երևանյան լսումներից հետո հավանել էր երաժշտական ունակություններս:
Արամ Իլյիչը հաճախ էր կրկնում՝ Ստյոպա՛, դու իմ որդին ես, խնդրիր սրտիդ ուզածը: Խնդրեցի ծանոթացնել Մոսկվայում դասավանդող լավագույն ուսուցիչների հետ: Շատ բան սովորեցի նրանցից: Ավելի շատ սովորել եմ ինքնակրթությամբ, երաժշտությունը ակադեմիական կրթությամբ չես մարսի: Սովորում էինք կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի հետ: Խաչատրյանը երկուսիս էլ սիրում էր, մեծ հույսեր էր կապում:

Խաչատրյանից մնաց նաև հայտնի արտահայտությունը, որն օգտագործում են ինձ բնորոշելից՝ «сначала нос, потом очки, потом он сам» (սկզբում`քիթը, հետո` ակնոցը, հետո նա): Ամեն օր դուրս եմ գալիս փողոց քայլելու, վախենում եմ անշարժ գույք դառնալուց:

Մութ ու ցուրտ ջազը
Ամենահաջողված ստեղծագործություններս գրել եմ իննսունականների սկիզբին: Ցուրտ էր, կուչ էի գալիս տաք ծածկոցի մեջ, տաք «քյարփինջը» դնում ոտքերիս տակ ու սկսում գրել, հրաշք գործերի էին ստացվում արդյունքում: Հիմա համ ջեռուցում կա, համ էլ լույս, բայց այն տարիների առույգությունը չկա:

80-ամյա ուսուցչի երազանքը
Դասավանդում եմ Ջրբաշյանի անվան դպրոցում ու Պետական կոնսերվատորիայում: Սովորեցնում եմ, բայց միևնույն ժամանակ գլուխները մտցնում՝ ինքնաուսուցումն է երաժիշտ դառնալու միակ ճանապարհը: Բոլոր հանճարեղ դասական կոմպոզիտորները չեն, որ հաստատուն համալսարանական կրթություն են ստացել, մեծ մասի միակ փրկությունն ինքնաուսուցումն էր:

Հայկական ջազի անկման պատճառը
Իրական ջազը մեծ նվագախմբերն են կատարում, երաժշտությունը զարգանում է, երբ նոր ու մասշտաբային գործեր են գրվում: Խորհրդային միությունը շշմեցրած հայկական ջազը 21-րդ դարում տեղափոխվել է փոքր ակումբներ, երեք-չորս հոգով հավաքվում ու սկսում են դաշնամուրով խաղ անել: Ծովից ծով Հայաստանում հարյուրավոր ջազմեններ կան, ցավում եմ, որ ջազ գրող կոմպոզիտորներն են քիչ:

Ստեփան Շաքարյանը Խորհրդային Հայաստանի ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն է: Ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը:

Արամ Խաչատրյանն աշակերտներ Ս. Շաքարյանի և Մ.Թարիվերդիևի հետ
Արամ Խաչատրյանն աշակերտներ Ս. Շաքարյանի և Մ.Թարիվերդիևի հետ
 
Ստեփան Շաքարյանն ու Միքայել Թարիվերդիևը
Ստեփան Շաքարյանն ու Միքայել Թարիվերդիևը

 

To read the English version of this article, please click here.

Այս թեմայով