15 Մայիս 2014, 16:21
4395 |

Ի՞նչ են կարդում նրանք, ովքեր գրում են

Լավ ընթերցողը կարող է ամբողջ կյանքում մի տող անգամ չգրել, բայց գրողը լավ ընթերցող պարտավոր է լինել: Պարզ չէ՝ մայրաքաղաքում տեղադրված «Կարդալը նորաձև է» վահանակները որքանով են նպաստում, որ դրանց կողքով անցնողները այդ օրն անպայման գրադարան մտնեն կամ քնելուց առաջ հիշեն վահանակն ու մի քանի էջ կարդան, բայց եթե կան մարդիկ, ովքեր այս պահին չեն կողմնորոշվում` ինչ կարդալ, կարող են օգտվել առիթից ու կարդալ գրքերը, որոնք այժմ կարդում են հայ ժամանակակից գրողները:

Հովհաննես Թեքգյոզյան, արձակագիր
Վերջին շրջանում զարմանքով նկատեցի, որ հիմնականում պիեսներ եմ կարդում: Երևի գործողությունը սկսել եմ տեքստից կարևորել: Կարդալիս հիմնականում հիշողությանս մեջ ռեմարկներն են մնում: Երեկ կոնկրետ վերընթերցեցի Օզբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսը: Բացի ռեմարկից, գրեթե ոչինչ չեմ հիշում: Հավանաբար ինձ համար եկել է վերբալ, միայն հնչյունային տեքստի ժամանակը...


Արամ Մամիկոնյան, բանաստեղծ
Կարդում եմ 20-րդ դարի ամերիկյան հրաշալի պոետներից մեկի՝ Էնն Սեքստոնի «Իմ բոլոր սիրունիկները» («All my pretty ones») գիրքը: 20-րդ դարի ամերիկյան խոստովանական պոեզիայի ամենահիշարժան պոետներից մեկը, ով 1967-ին «Ապրիր կամ մեռիր («Live or die») գրքի համար արժանացել է պուլիտցերյան մրցանակի, սկսել է ստեղծագործել իր հոգեբույժի խրախուսմամբ, որին դիմում էր խրոնիկ դեպրեսիայի սրացումներից հետո: «Իմ բոլոր սիրունիկները»-ը բանաստեղծուհու գրքային կենսագրության մեջ թվով 3-րդ ժողովածուն է: Ժողովածուն դստեր նկատմամբ ոտնձգություններ կատարող հարբեցող հոր, քաղցկեղով տառապող մոր, օր օրի անձնական կյանքը կործանող ու մոդելային ասպարեզում հաջողությունների հասած մի գեղեցիկ ու դժբախտ կնոջ բանաստեղծություններ չեն միայն: «Բաց», «անկեղծ», «զգացմունքային» սահմանափակող բնորոշումները, որ հաճախ կարելի է կարդալ գրքին նվիրված գրաքննադատություններում, բարկացնող են: Բանաստեղծը ավելիին է հասնում: Կյանքի ու մահվան ածելու սայրի չափ բարակ սահմանից այն կողմ է նա, անցնում է թույլատրելի սահմանները, քանզի եթե սահման կա, ապա չես իմանա, թե որն է դա մինչև չհատես այն:


Հասմիկ Սիմոնյան, բանաստեղծուհի
Հենց հիմա վերընթերցում եմ Տիգրան Պասկևիչյանի «Ինքնուրույն աղոթք» բանաստեղծությունների ժողովածուն, և, քանի որ իմ սիրած բանաստեղծությունները միշտ էլ սիրել եմ արտագրել, հիմա էլ շարում եմ, որ տեղադրեմ իմ բլոգում: Մի երկու տարի առաջ Ազգային գրադարանում պատվիրեցի այս գիրքը, որը հատուկ բաժնում էր գտնվում և հավանաբար ինչ-որ հատուկ ընթերցողի մոտ, որը, ենթադրում եմ, օրը մի էջ էր կարդում և ստանում երկու էջ վիրտուալ անեծք իմ կողմից: Հուսահատ որոնման մի քանի փորձեր արեցի գրախանութներում, հետո նորից գրադարաններում, հետո հույսերս ինքնասպան եղան: Նոր տարուն պատահաբար գիրքը գտա Հովհաննես Թեքգյոզյանի անձնական գրադարանում, խնդրեցի կարդալ ու շուտ վերադարձնել: Հիմա, երբ քանի ամիս է՝ գիրքն ինձ մոտ է, ոչ թե մակագրյալ տիրոջ մոտ, ես հասկանում եմ այն հատուկ ընթերցողին, որն այս գրքից օրական մի էջ էր կարդում:


Արմեն Օհանյան, արձակագիր
Հիմա տարված եմ 20-ականների վերջի և 30-ականների սկզբի հայ արձակով: Զուգահեռաբար կարդում եմ գոնե ինձ հայտնի երեք քաղաքաշինական կամ, էսպես կոչված, ուրբանիստական վեպ՝ Մկրտիչ Արմենի «Երևան. էպոպեա»-ն, Դերենիկ Դեմիրճյանի «Նոր մոնումենտալ»-ը, և Ստեփան Զորյանի «Սպիտակ քաղաքը»: Երեքի առանցքում էլ հինը քանդել ու նորը կառուցելու հարցն է: Երեքի կենտրոնական հերոսն էլ քաղաքաշինական նախագիծ հղացող ստեղծարար անհատն է: «էպոպեա»-ում քանդվում է հին, կավածեփ, հողաշեն Երևանը, և առաջանում է քաղաքաշինական վեճ նորի շուրջ' Արևելք-Արևմուտք ծիրում:

Երեքում էլ չի շրջանցվել մասնավոր սեփականության ու հանրային շահի առճակատման սուր հարցը, որ մեկ դար անց կրկին արդիական է: Կարգախոսը փոխվել է. «Պահպանելով հինը՝ կառուցենք նորը», որն իրականում սուտ է: Վեպերից երկուսը վերջացնելու վրա եմ, իսկ «Սպիտակ քաղաքում» հասել եմ N35 կոմունա-տան հանդիսավոր բացման տեսարանին: Գլխավոր հերոսը քաղաքաշինարար է, որն իր կյանքի մեծ գործի սկիզբն է համարում N35 կոմունա-տան կառուցումը: Նա առաջարկում է Երևանից եկած ճարտարապետին հատակագծել իր երազանքի Սպիտակ քաղաքը:


Լիլիթ Կարապետյան, արձակագիր
Հիմա գրադարանում կարդում եմ Ռոբերտ Մուզիլի «Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը», Մարսել Պրուստի «Կորուսյալ Ժամանակի որոնումներում»-ը, իսկ տանը' Ջորջ Օուրելի «1984»-ը: Առաջին երկու վեպերը համաշխարհային լավագույն գրողների գործեր են: Պրուստի գիրքը համարվում է դարի գրքերից մեկը: Մեկ ընդհանուր վերնագրի տակ ներկայացված են մի շարք վեպեր: Իսկ Մուզիլ վաղուց եմ սկսել կարդալ, և հերթը հասել էր Աշոտ Ալեքսանյանի թարգմանությանը: Գիրքը պատմում է մի տղայի մասին, որը փորձում է բացատրել իրեն շրջապատող իրականությունը և մարդկանց:


Նառա Վարդանյան, արձակագիր
Երբ կիսահեքիաթի ու կիսաիրականի քաղց եմ զգում, Օ' Հենրի եմ կարդում: Նայիվ՝ տպավորիչ, հեքիաթ՝ իրական, էն՝ ինչ ուզում ես տեսնել շուրջդ ու, ալե՜ հոպ, հայտնվում ես այնտեղ: Մեկ էլ մեծ ուրախություն է որևէ վեպի, պատմվածքի, տողի առաջին ընթերցողը լինել: Այս պահին էլ կարդում եմ Գուրգեն Խանջյանի անտիպ վեպի առաջին մասը: Խանջյանական կերպարները ներսդ լցվելու, տեղավորվելու, նրանց կարոտելու, նրանց մոտ գնալու մեծ ցանկություն են առաջացնում: Անհամբեր սպասում եմ մյուս մասերին:


Արամ Պաչյան, արձակագիր
Այս պահին կարդում եմ և ուսումնասիրում Վարդուհի Նաղաշյանի' «Քաղաքային կահույքը և փայտափորագրության նմուշները Երևանում» գիրքը՝ լույս տեսած 1989-ին: Այն ներկայացնում է' 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածում Երևանի կահույքի պատմությունը... Զգեստապահարաններ, սնդուկներ, գրադարակներ, դեղապահարաններ, գրքի ցուցասեղաններ, նստարաններ, ժամացույցներ, հայելիներ, վարագույրի և զգեստի կախիչներ... Երևանցիների կահույքը, որ անցյալը վերականգնելու հնարավորություն է տալիս, պատկերացումներ քաղաքային կյանքի, նրբավարության, ճաշակի և ազդեցությունների մասին: Գրքում արխիվային բացառիկ լուսանկարներ կան: Այս գիրքը իմ գրադարանի լավագույն ձեռքբերումներից է:


Ռուզաննա Ոսկանյան, բանաստեղծուհի
«Հիմա կարդալ» սահմանումը հարաբերական է: Հատկապես գեղարվեստական գրքի դեպքում: Կարդում ես, քանի դեռ մինչև վերջ չես մարսել: Մեկ ամսից ավելի է, որ ավարտել եմ Սարտրի «Սրտխառնուք» վեպը: Բայց դեռ կարդում եմ: Ես այդպիսի ընթերցող եմ՝ ցանկացած գիրք կարդում եմ տարիներ շարունակ:

Սա միայնության, սեփական անպետքության զգացողության, ժամանակի հետ անէացող մարդու հանդեպ անսահման ատելության ու միաժամանակ սիրո իմաստը հասկանալու ճանապարհ-խոստովանություն է: Թե որոշես կարդալ, մի սպասիր, որ կլանված ես կարդալու. գիրքը վանելու է քեզ, հոգնեցնելու, ձանձրացնելու ու հետո նորից ոգևորելու, գիշեր-ցերեկդ խառնելու, ինչպես կյանքը:


Սարգիս Հովսեփյան, արձակագիր
Վերջերս նվեր էի ստացել Մորիս Բլանշոյի «Վիպումներ» ժողովածուն' Մարկ Նշանեանի թարգմանությամբ, և քանի որ Ինքնագիր ակումբում պայմանավորվել էինք որոշ ժամանակ անց քննարկել գիրքը, սկսեցի կարդալ: Ժողովածուի առաջին երկու վիպակները' «Մահավճիռը» և «Պատու՞մ մը» կարդացի մի շնչով՝ չնայած անսովոր դասական հայերենին: Մինչ կանցնեի երրորդ ու ամենածավալուն վիպակին' «Վերջին մարդը», ընկերական մի հավաքույթի ժամանակ անընդհատ շրջանառվող Բերնհարդ Շլինկի անունը գրգռեց հետաքրքրությունս այն աստիճան, որ տուն վերադառնալուն պես անմիջապես վերցրեցի ու սկսեցի կարդալ նրա «Ընթերցողը» վեպը: Երկու հեղինակների միանգամայն տարբեր գրականությունները, հայտնվելով ժամանակային համարյա նույն հատվածում, միախառնվեցին իրար՝ ստիպելով ակամա համեմատել անհամեմատելի ստեղծագործությունները: Մորիս Բլանշոն ինձ համար բացահայտում էր, այն վարպետությունը, որով տեքստի մանրամասնությունների մեջ տարրալուծում, կորցնում է արձակի սյուժեն ու կերպարները, և թե ինչպես է կարողանում արտաքինից ոչնչով աչքի չընկնող դեպքերի մեջ անհավանական, երբեք չավարտվող խորություններ բացահայտել: Ուղղակի ցնցող է:


Արփի Ոսկանյան, բանաստեղծուհի, արձակագիր
Ես անընդհատ կարդում եմ պոեզիա՝ արևելահայ, արևմտահայ, ռուս, ամերիկյան, և եվրոպական դասականներ, ժամանակակիցներ: Գլխավորապես հանգավոր պոեզիա եմ կարդում և արևելահայ դասականներին, շատ կարդում եմ նաև մանկական բանաստեղծություններ, և էդ ամենը՝ ոչ էնքան պոեզիայի հանդեպ սիրուց, որքան գործի բերումով, պոեզիայի ընթերցանությունն էս դեպքում մարզանք է կամ նախավարժանք։ Այնպես եմ անում, որ մեջս անընդհատ երաժշտություն լինի, չափը՝ չափ, հանգը հանգ է հուշում։ Այս պահին իմ սեղանին դրված են Սահյան, Իսահակյան, Չարենց, Շիրազ, Մանդելշտամ, Ախմատովա։ Հաճախ են փոխվում, բայց զավեշտն այն է, որ իմ սեղանի գրքերը վերջին շրջանում երբեք իմ սիրած հեղինակների գրքերը չեն լինում։ Ես անտարբեր եմ այս հեղինակների նկատմամբ։ Ցավոք, սիրած պոեզիայի և արձակի համար քիչ ժամանակ է մնում։ Դա էլ թերևս ընթերցողների ու գրողների տարբերությունն է։ Ընթերցողները գրողների նկատմամբ ունեն մեծ առավելություն. նրանք կարող են կարդալ միայն այն, ինչն իրենց դուր է գալիս, իսկ գրողների համար ընթերցանությունն աշխատանք է:

Այս թեմայով