06 Մայիս 2014, 16:30
4449 |

Ազատ գրքեր՝ ազատ մարդկանց համար

Վերջերս մեծ թափով համալրվող Grapaharan.org առցանց գրադարանի հիմնադիրներից մեկի հետ մեզ հաջողվեց շփվել ու քննարկել էլեկտրոնային գրականության դերը հայերի կյանքում, ընթերցանության մակարդակի բարձրացման գործում նոր տեխնոլոգիաների ավանդը և հեղինակային իրավունքների խիստ պայմանական լինելը: Հարցազրույցը, ի դեպ, անցել է բոլորովին ինկոգնիտո՝ «Գրապահարանում» կան բազմաթիվ գործեր, որոնց հրապարակումը այսօրվա օրենքների համաձայն կարելի է դիտարկել որպես «գրահենություն»:

Ինչպե՞ս ծնվեց «Գրապահարանը» և ինչու՞:
— Նոր միտք չէ, գրքերի թվայնացմամբ զբաղվում են Գուգլը, համացանցի արխիվը, million book project-ը, մեզ մոտ էլ մի քանի նախաձեռնություն կա: Հայերեն գիրք կարդալու համար պետք է հատուկ նախաձեռնություն, ջանք՝ գնալ խանութ կամ գրադարան։ Նույնիսկ եթե կարդալու հավես ունես, անհամեմատ ավելի հեշտ է գտնել նույն գիրքը ռուսերեն կամ անգլերեն՝ դրանք հասանելի են համացանցում։ Ստացվում է, որ հայերեն կարդալը խնդիր է ժամանակակից մարդու համար։ Ու այդ խնդիրը մասնավորապես լուծվում է գրականությունը հասանելի, ձեռքի հեռավորության վրա հասանելի դարձնելու, գոնե այնքան, ինչքան սոցիալական ցանցերը կամ օտարալեզու գրադարանները։

Ասացիք, որ կան այլ գրադարաններ, ինչո՞ւ էր պետք ստեղծել նորը։
— Որքան տեղյակ եմ, եղածներից ամենահարմարը թերևս Վիքիդարանն է, որը իր հերթին Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերից մեկն է։ Այնտեղ կարելի է նույնիսկ առանց գրանցվելու նյութ ավելացնել, ու շատ հարմար է միասնական աշխատանքի համար։ Կա, սակայն, մի շատ կարևոր նրբություն. Վիքիդարանը անկախ նախագիծ չէ, և ստիպված է ենթարկվել որոշակի կանոնների, այդ պատճառով էլ նյութերի սակավություն է զգում։ Մասնավորապես, այնտեղ հնարավոր չէ գտնել պատճենաշնորհով պաշտպանված որևէ նյութ՝ նույնիսկ ավելացվելու դեպքում այն պարզապես ջնջվելու է։ Իսկ այլ գրադարանները հարմար չէին միասնական աշխատանքի համար՝ պետք է կապվել ինչ-որ ադմինի հետ, ու խնդրել որ նա ավելացնի նյութը։ Եթե հետո տեքստի մեջ սխալ գտար, պետք է նրան խնդրես, որ ուղղի։ Ու սպասես, կբարեհաճի՞ ուղղել, թե ոչ։ Կտեղադրի՞ քո տված նյութը, թե կասի, որ հավես կամ ժամանակ չուներ։ Եվ վերջապես, կասի, որ հեղինակային իրավունքներ իրենց վերագրողների հետ խնդիրների հավեսը չունի։ Այդ պատճառով էլ ընտրեցինք «մեդիավիքի» շարժիչը՝ այն շատ հարմար է միասնական աշխատանքի համար։

Այսինքն՝ դուք օրենքին դե՞մ եք։
— Րոպեների հարց է օրենք փոխելը, որոշ օրենքներ պետք է փոխվեն, և արդեն իսկ փոխվում են։ Օրինակ, վերջերս, Վիքիպեդիայում արագ անհետանում էին Հայաստանի լուսանկարները, քանի որ ըստ ՀՀ օրենսդրության, եթե կադրի մեջ երևում էր արձան, կամ շենք, ապա պետք էր այդ քանդակագործի կամ ճարտարապետի թույլտվությունը՝ լուսանկարը Վիքիպեդիայում օգտագործելու համար։ Կարծում եմ, դժվար թե որևէ մի քանդակագործ կամ ճարտարապետ դեմ լիներ։ Ավելին՝ նա կզարմանար, եթե ամեն մի լուսանկարը առցանց տեղադրելու համար իրեն խնդրեին թուղթ ստորագրել և ուղարկել ինչ-որ հասցեով։ Բարեբախտաբար այդ օրենքը վերջերս վերանայեցին։ Նման բան կատարվում էր և Վիքիդարանում։ Սևակի առանձին բանաստեղծություններով լեփ լեցուն են զանազան բլոգերը, բայց չի կարելի դրանք լցնել Վիքիդարան՝ հեղինակի մահվանից յոթանասուն տարին դեռ չի անցել։ Դա նշանակում է, որ գրեթե ցանկացած գործ, որը թարգմանվել և հրատարակվել է Խորհրդային Հայաստանում, չի կարող տեղ գտնել Վիքիդարանում։ Երևի, եթե լիներ գտնել այդ բոլոր թարգմանիչներին կամ դրանց ժառանգներին ու ստորագրություններ հավաքել, որպես կանոն, խնդիր չէր առաջանա։ Ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի ժառանգությունը հենց իր հետնորդներն են հրապարակել ցանցում։ Սակայն փաստացի Վիքիդարանում գերակշռում են հին, նույնիսկ դասական ուղղագրությամբ նյութերը։ Ու անհնար է գտնել ավելի ժամանակակից մի գործ կամ թարգմանություն։ Իսկ եթե մեկն ու մեկը ավելացնի, այն ստիպված կլինեն ջնջել ադմինները։ Մասնավորապես, այսպես և ծնվեց միտքը՝ մենք կարծում ենք, որ պետպատվերով տպված հայերեն լեզվով գրականությունը, որի համար հանրությունը արդեն վճարել է, պետք է հասանելի լինի մարդկանց։ Առավել ևս, որ մենք ունենք խնդիր՝ կարդացողների փոքր շուկան։ Խորհրդային տարիներին, բացի ակնհայտ չարիքներից, կային առավելություններ՝ օրինակ գրքեր թարգմանելու պետպատվեր կար, որի շնորհիվ թարգմանվել է բավական մեծ քանակի գրականություն։ Ու դա, կարծում ենք, ոչ թե ԽՍՀՄ կազմի մեջ գտնվելու շնորհիվ էր, այլ հակառակը, մասնակի, որոշ չափով «անկախություն» պահպանելու շնորհիվ, իսկ որոշ չափով՝ «սոցիալիստական» համակարգի առանձնահատկությունների պատճառով էր։ Հիմա, շուկայական հարաբերությունների պարագայում անհնար է պատկերացնել այդքան քանակությամբ գրքերի թարգմանությունն ու հրատարակումը և այնքան մատչելի լինելը։ Այսպես ձևավորվում է արատավոր օղակ՝ մենք չենք կարդում հայերեն, քանի որ կարդալու բան չկա, իսկ կարդալու բան չկա, քանի որ սպառման շուկան փոքր է։

Ի դեպ, իմ տպավորությունն այն է, որ չնայած խորհրդային թարգմանությունների քանակին, այդ քանակը այդպես էլ որակ չդարձավ։ Թարգմանությունների մեծ մասը լի են ռուսաբանություններով, երբեմն՝ շատ կոպիտ սխալներով։ Հիմա միջակ լրագրողը ավելի լավ որակի, ու ասենք, գոնե հայերեն շարահյուսությամբ նախադասություններ կարող է կազմել։ Պարզապես այդ քանակությամբ թարգմանություններ այլևս չեն վճարվում, քանի որ շուկան սահմանափակ է։

«Գրապահարանում» պարզապես սքան արած էջեր չեն, տեքստ է: Այսինքն, գործը է՛լ ավելի երկար ու ջանջալ է…
— Այս հարցը մեզ համար սկզբունքային է՝ տեքստը պետք է լինի ոչ թե տեսածրած, պատկերների տեսքով, այլ թվային տեքստի։ Թվային տեքստի հետ կարելի է ամեն ինչ անել՝ այն ճկուն է, կարելի է կարդալ քո ուզած տառատեսակով, ինչպես հեռախոսի, այնպես էլ մեծ էկրանին վերադասավորել և այլն։ Բայց ամենակարևորը՝ թվային տեքստը փնտրվում է համացանցում, փնտրվում է նույնսիկ ֆրազը, բառակապակցությունը։ Ես ինքս այնքա՜ն լավ հեղինակ եմ բացահայտել պատահաբար, ասենք Գուգլում փնտրելու արդյունքներով։ Նույնիսկ երբ լրիվ այլ բան էի փնտրում։ Կարծում եմ, այսպես շատ երիտասարդներ կարող են պատահաբար գտնել լավ գրականություն առցանց ու սկսել կարդալ։ Իսկ դա կարող է օգնել կարդալու մշակույթի ստեղծմանը, որը, ավաղ, մենք չունենք։

Բա՞րդ գործ է տեսածրելը, գիրք ավելացնելը։
— Յուրաքանչյուրի համար էլ տեսածրելն ինքնին բարդ չէ, հեշտ է, պարզապես ձանձրալի գործ է, կարելի է այդ ընթացքում աուդիոգիրք լսել կամ մտածել ինչ-որ բանի մասին, ինչպես ցնցուղ ընդունելիս։ Պատկերներից՝ թվային տեքստ ստանալն է բարդ։ Ներդրողներ կան, ովքեր նախընտրում են տառաճանաչում անել Ֆայն-Ռիդերով, բայց ելքային տեքստի որակը բարձր չէ, ու այդ տեքստը պետք է դեռ խմբագրել, ուրիշներն էլ ավելի են հավես անում գիրքը հավաքել։ Ես ինքս սիրում եմ ծրած գրքերը հավաքել՝ ավելի հեշտ է աչքերը տանել էկրանից էկրան (նկարից՝ տեքստային խմբագրիչ), քան գրքից՝ էկրան։ Հաճախ մեկ գրքի վրա մի քանի հոգով ենք աշխատում. օրինակ մեկը գիրքը մաս-մաս ավելացնում է, մյուսը՝ կարդալով սրբագրում։ Անծանոթ մարդիկ են աշխատում, միմյանց ճանաչում ենք միայն մականուններով։

Իսկ ինչպե՞ս են ընտրվում գրքերը:
— Րոպեից է կախված, ինչպես պատահի։ Պարզապես ամեն մեկն անում է այն գործը, որն իրեն հաճելի է։ Հաճելի է, ինձ, օրինակ, այս գիրքը վերընթերցել կամ, գուցե չեմ կարդացել, բայց հետաքրքիր է՝ կարդալով կհավաքեմ։ Ոչ մի կենտրոնական պլանավորում չկա, ոչ մի «հնգամյակ»: Փոխարենը կան մի տեսակ ստախանովականներ։ Երբեմն մտածում եմ, պետք է ինչ-որ կաղապար-շքանշաններ ստեղծել, ասենք՝ «առաջին կարգի հերոս-անասուն» (սա իրոնիկ հղում է «Անասնաֆերմային» և բնավ ոչ վիրավորանք) ու խփել առավել մեծ ներդրում ունեցողների էջերում։

Որքա՞ն է տևում գիրք թվայնացնելը։
— Լինում է, մի գիրք տեղադրելը մի տարի է տևում։ Լինում է, ինչ-որ մեկը կպած աշխատում է ու մեկ ամսում ամբողջ «Գուլիվերն» է լցնում։ Տարբեր մարդիկ՝ յուրաքանչյուրն իր հնարավորություններին համապատասխան։

Ո՞ր գրքերն են շատ կարդում «Գրապահարանում»։
— Բոլոր ժամանակների ամենալավ կարդացվող նյութերը «Ջոնաթան Լիվինգսթոնն» ու «Հոբիտն» են։ Շատ են կարդում Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» «Որն է մեր ճանապարհը» ժողովածուից։ Ինչպես ասել էի, էլեկտրոնային տեքստին կարելի է հղվել, ու բոլորը բլոգերում ու սոցիալական ցանցերում այդ տեքստին հղում են տալիս։ Եթե այն առցանց չլիներ, հղվելն էլ բարդ կլիներ, այդքան մարդ էլ չէր կարդա, ծանոթ չէր լինի։ Դա նաև ցույց է տալիս՝ ինչն է հուզում հիմա հասարակությանը, որ խնդիրներն են ակտուալ։

«Գրապահարա- նի» տարբերա- նշանում ակնարկ- վում են Շերլոք Հոլմսի պարող մարդուկները
«Գրապահարանի» տարբերանշանում ակնարկվում են Շերլոք Հոլմսի պարող մարդուկները

Ո՞վ կգնի գիրք, եթե կա էլեկտրոնային գրադարան։ Այս հարցը էլեկտրոնայինի հակառակորդների գլխավոր փաստարկումներից մեկն է: Նրանք ճիշտ չե՞ն:
— Իսկ ո՞վ կգնի գիրք, եթե կա սովորական ոչ թվային գրադարան։ Սովորական գրադարանները հրատարակիչների թշնամիներն են ոչ պակաս, քան էլեկտրոնային գրադարանները։ Գրադարանում անդամությունը սովորաբար անվճար է կամ սիմվոլիկ գումար արժե։ Կարելի է վերցնել գիրք և կարդալ այն, ոչ մի բան չվճարելով։ Կարելի է նաև վերցնել գիրք ընկերոջից։ Այդ պատճառով է, որ կորպորատիվ էլեկտրոնային ընթերցիչները փորձում են ծրագրային միջոցներով խոչընդոտել դրան, որ մենք փոխանակվենք գրքերով։ Բայց ի՞նչ փոխվեց։ Ոչ մի բան, բացի նրանից, որ առաջ անհնար էր իմանալ, որ ես իմ սեփական գիրքը տվել եմ ընկերոջս, իսկ հիմա էլեկտրոնային ընթերցիչը ինձ դա չի թողնում։ Այսինքն, սխալ կլինի պնդել, որ թվա-յին տեխնոլոգիաների պատճառով հրատարակիչների գործը բարդացել է, գուցե և հակառակն է։

Բայց չէ՞ որ հրատարակողի, թարգմանչի, հեղինակի աշխատանքն էլ պետք է վարձատրվի։
— Անշուշտ։ Թարգմանչի, հեղինակի գործը արժանի է հարգանքի և պետք է հատուցվի։ Իսկ հրատարակողի դերը մեր ժամանակներում պակասում է, նա ավելի հաճախ է դառնում անպետք օղակ, քանի որ ստեղծագործող մարդիկ (արդեն նույնիսկ խոսվում է այդպիսի դասակարգի՝ ստեղծագործողների դասակարգի մասին, ու այն գնալով հզորանում է) ավելի մեծ հնարավորություններ են ունենում իրենց նյութը տարածելու և շահույթ ստանալու առանց միջնորդների միջամտության։ Բացի դրանից, այդ նույն ստեղծագործող դասակարգի շահերից է բխում հեղինակային իրավունքներին վերաբերող օրենքների վերանայումը։ Այդ օրենքները միայն վերջերս են դարձել «վիշապային», իսկ դարեր շարունակ, օրինակ, պատճենաշնորհը տևում էր տասնչորս տարի։

Բայց գիրք թվայնացնելը ստեղծագործական աշխատանք չէ։
— Ինչն է հետաքրքիր, «Գրապահարանում» ոչ միայն գրականություն ավելացնողների համայնք ձևավորվեց, այլև թարգմանիչներ առաջացան։ Շատ հետաքրքիր թարգմանչական նախաձեռնություններ են՝ կան մարդիկ, ովքեր թարգմանում են Պյոտր Բորմորի ու Ջոան Ռոուլինգի հեքիաթները, Վլադիմիր Վոյնովիչի «Մոսկվա 2042»-ը արդեն գրեթե ամբողջությամբ թարգմանված է։

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում նոր օրենքները։
— Ես չգիտեմ։ Առնվազն պետք է մտածել այդ մասին, հետազոտություններ անել։ Այն, ինչ ես կարող եմ ասել, ընդամենը ենթադրություններ են, բայց ակնհայտ է, որ փոփոխություններ պետք են, քանի որ պատճենաշնորհի գաղափարը այնպիսին, ինչպես այն հիմա կա, ոչ թե հնացել է, այլ երբեք լավը չի եղել ու ավելի շատ պաշտպանել է կորպորացիաների, ոչ թե ստեղծագործողների շահերը։ Իմ կարծիքով, առնվազն, պատճենաշնորհի ժամկետը պետք է լուրջ կրճատվի, դառնա հինգից տասը տարի։ Հետաքրքիր լուծում կա Ֆրանսիայում՝ ստեղծվել է պետական թվային գրադարան, որտեղ չնչին գումարով հասանելի են բոլոր լույս տեսած գրքերը։ Բացառություններ կան միայն ներկա ժամանակ վաճառվող գրքերի համար։ Եթե հեղինակը ուզում է վերահրատարակել իր գիրքը, նա դիմում է գրադարան, տպում է գիրքը, և մինչև գիրքը վաճառվի, այն գրադարանում հասանելի չէ։ Որոշակի լուծում կար և ԽՍՀՄ-ում, սակայն միայն լիազորվածների՝ ստեղծագործողների միությունների անդամների համար։ Եթե քո գործը տպվում էր ինչ-որ տեղ կամ որևէ կերպ օգտագործվում էր, օգտագործողը, տպողը, հրատարակողը, հայտնում էր դրա մասին պետությանը՝ հատուկ մարմնի։ Իսկ պետությունը եկամտահարկերից վճարում էր հեղինակներին։ Այդպես հեղինակները ավելի հետաքրքրված էին, ոչ թե որ իրենց նյութը չտարածվի, այլ որ տարածվի, շատ տպվի։ Դա հիմա էլ է կիրառելի։ Այսօր բոլորը լուսանկարներ են անում, լցնում համացանց ու դժգոհում են, որ թերթերը այդ լուսանկարները, այսպես ասած, «գողանում» են։ Այս դեպքում իրենք միայն հետաքրքրված կլինեին, որ իրենց լուսանկարը շատ տարածվի, իսկ որոշ ժամանակ անց կստանային հատուցում։ Գուցե հատուցման չափը իրենց ստիպեր ավելի լուրջ մտածել լուսանկարչության մասին, փոխել գործը։

դեպքում, ես լուծում չեմ առաջարկում, բայց ասում եմ, որ լուծումների մասին պետք է լուրջ մտածել։ Ամեն մի դեռահասի ձեռքից բռնելը կամ ձեռքերին հարվածելը, երբ նա համացանցում նյութ է տարածում, ոչ միայն անիրատեսական է (ու նախապես պարտվելուն համարժեք), այլև ոչ խելամիտ։ Ինչպես ասացի, այդպիսի խիստ և կույր լուծումները մեզ տանելու են տոտալ վերահսկվող հասարակության կողմը, դեպի Օրուելի «1984», ոչ թե դեպի ազատ և զարգացած հասարակություն, դեպի ստեղծագործողների հասարակություն։

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 3-4, 2014

Այս թեմայով