30 Մարտ 2014, 14:15
2992 |

Գազան նկարիչը

Գեղանկարիչ Վահան Ռումելյանն իր աշխարհը կերտում է աբստրակցիայի հնարքներով: Նա երբեք ոչ մեկին չի նմանվում, չի էլ ձգտում նմանվել, համարում է, որ արվեստագետի համար գերխնդիր է ինքնատիպ լինելը, այլապես նրա արվեստը գրոշի արժեք անգամ չունի:

Ծնվել նկարիչ
Աստված ամեն մարդուն տաղանդ է տալիս՝ կամ շատ, կամ քիչ: Բայց որ ասում են՝ նկարչությունը կարելի է սովորել, ես համաձայն չեմ: Այո, ճագարին էլ մեծ ցանկության դեպքում կարող ես նկարել սովորեցնել, բայց չէ՞ որ դա արվեստ չի լինի: Նկարիչ պետք է ծնվես, նկարիչ էլ մեռնես:

5 տարեկանից սկսել եմ նկարել, ուրիշ բանով զբաղվելու ցանկություն երբևէ չի առաջացել: Սկզբում «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր եմ հաճախել, հետո ընդունվել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա: Բայց հենց սկսեցի աբստրակտ նկարել, ինձ հեռացրեցին, ասում էին՝ դա բուրժուական արվեստ է, Խորհրդային Միության համատեքստում անթույլատրելի նկարչություն: Այն ժամանակ քաղաքի գրախանութներում վաճառվող արվեստի հանդեսներում, գրքերում երբևէ չէիր տեսնի Արշիլ Գորկու կամ Ջեքսոն Փոլոքի աշխատանքները, ոչ ոք չգիտեր՝ նրանք ովքեր են, ինչ են նկարում և ինչու: Հազարից մեկ արտասահմանից եկող ծանոթ-ընկերների բերած պարբերականներից էինք իմանում, թե ԽՍՀՄ-ից այն կողմ ինչ է կատարվում արվեստում: Օրինակ, երբ 1987-ին սկսվեց «3-րդ հարկ» շարժումը, ընդգրկվեցին բոլոր այն արվեստագետները, ում աշխատանքները դեն էին նետում: Ես դեռ շատ երիտասարդ էի, այդ տարի էի ընդունվել ակադեմիա, իսկ 1988-ին սովորելու մեկնեցի Ֆրանսիա:

Գույների խորհուրդը
Սև գույնին նոր եմ սկսել անդրադառնալ, առաջ նկարներս գունեղ էին, միշտ խուսափում էի սև օգտագործել: Սևը շատ կոնտրաստային է, կարծես հավաքում է բոլոր մյուս գույները, ինչ-որ բացասական, դեպրեսիվ, սգո տրամադրություն ունի: Բայց վերջերս, երբ փորձեցի աշխատել այդ գույնի հետ, հասկացա, որ այն ավելի շատ լույս է իր մեջ կրում, քան մյուս գույները, բոլորովին էլ ողբերգական չէ: Սևի հետ աշխատելիս կարծես մի անձի հետ աշխատեմ, որն իր մեջ մի քանի անձ է պարունակում: Ընդհանրապես, արվեստանոցումս շարված ներկերից յուրաքանչյուրն ինձ համար անհատ է, պարզապես չի կարող ինքն իրեն արտահայտել և ես միջամտում եմ, որպեսզի նա դրսևորի իրեն:

Ամեն գույնի միջոցով կարելի է մարդկային զգացմունք արտահայտել: Յուրաքանչյուր կտավ դիտողին հնարավորություն է տալիս թափանցել կտավից անդին: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն նկարն ինքնին ոչ մի արժեք չի ներկայացնում՝ մի բուռ ներկ ու կտավ, ուրիշ ոչինչ:

Անազնիվ նկարչություն
Նկարիչներ կան՝ առավոտից երեկո նկարում են, այդքան ներկ են ծախսում, այդքան կտավ փչացնում, իհարկե, լավ էլ վաճառում են աշխատանքները: Ես կարծում եմ, որ դա արվեստ չի, արտադրություն է՝ կարծես պարտաճանաչ աշխատանք կատարեն: Ես երբեք չեմ կարող այդպես աշխատել: Նկարելը, առհասարակ, աշխատանք չի ինձ համար, ես դրանով եմ ապրում, ես հագենում եմ նկարելով, լիանում եմ, լիցքաթափվում, արտահայտվում, իսկ աշխատանքներս վաճառելը, դրանց դիմաց գումար վաստակելը բոլորովին այլ հարց է: Ես չեմ ասում, որ դա կարևոր չէ, բայց երբ նկարում ես վաճառելու համար, այդ նկարն այլևս ազնիվ չէ:

3 ճանապարհ
Արվեստագետն անցնելու երեք ճանապարհ ունի. առաջինը ուսումն է, որը տաժանակիր աշխատանք է պահանջում, մեծ ջանքեր, համբերություն ու սովորելու ցանկություն: Երկրորդը տանջանքի ճանապարհն է, երբ փորձում ես գտնել ինքդ քեզ, որոնումների մեջ ես, կատարման հնարքներ ես փնտրում, հորինում, սխալվում, ընկնում, նորից փորձում: Երիտասարդ տարիներին անընդհատ փորձում էի իմ դեմքը գտնել, մի օր Վան Գոգի ազդեցության տակ էի նկարում, մի օր՝ Պիկասսոյի. այդ տարիքում սրանից-նրանից ազդվելը հեշտ է, իսկ հետո արդեն գտա այն, ինչ իմն էր: Երրորդ ճանապարհն ամենահաճելին է. այստեղ տանջանքիդ պտուղներն ես քաղում, երբ աշխատանքդ սկսում են գնահատել, երբ հրավիրում են ցուցադրվելու, հարգում ու ընդունում են:

Մանկական խզբզո՞ց, թե՞...
Աբստրակտ արվեստն այսօր Հայաստանում դեռևս ճիշտ չի ընկալվում: Շատ դեպքեր են եղել, որ մեկը եկել է արվեստանոց, տեսել աշխատանքս ու ասել. «Այսպես իմ երեխան էլ կարող է նկարել»: Ես էլ վրձինները, ներկերը տվել եմ ձեռքը, առաջարկել նկարել, հետո համեմատել ենք իր նկարածն ու իմ նկարածը: Միայն այդ ժամանակ են խոստովանել, որ իրենց պնդումն անհիմն էր: Աբստրակտ նկարչությունը խզբզոց չի. գուցե խզբզոցի տպավորություն է թողնում, բայց ամեն գիծն ու գույնն իր ճիշտ տեղում է և հստակ ասելիք ունի:

Ներդաշնակության գաղտնիքը
Եթե մի պահ անգամ կասկածես, որ սխալ բանով ես զբաղվում, աշխատանքդ արդյունք չի տա: Ես անգամ ակադեմիայից հեռացվելուց հետո երբևէ չեմ կասկածել, որ ճիշտ ճանապարհ եմ ընտրել, միշտ վստահ եմ գործել ու հպարտ եմ դրանով: Երբեմն մտածում եմ՝ եթե չնկարեի, ի՞նչ կդառնայի: Վայրի գազան կլինեի, չէի իմանա՝ զգացմունքներս ինչպես դուրս հանել, կպայթեի էներգիայի ավելցուկից, ես շատ անհանգիստ մարդ եմ, և միայն նկարելիս է, որ ամեն ինչ ներդաշնակության է գալիս: Երբ մի որոշ ժամանակ չեմ նկարում, հետո մոտենում եմ ճերմակ կտավին, մի սարսափելի զգացողություն եմ ունենում, մոլորվում եմ, չգիտեմ՝ որտեղից սկսեմ, ինչպես սկսեմ ու ինչ գույնով: Բայց հետո ամեն ինչ ինքն իրեն է ստացվում:

Այս թեմայով