11 Մարտ 2017, 12:28
8724 |

«Ես դեմ եմ ցանկացած տեսակի սահմանափակումների, հատկապես՝ արվեստի մեջ». NEMRA խմբի մեներգիչ Վան Եղիազարյան

Ուսումնասիրելով երգարվեստի պատմությունը` կանաչ, աչք ծակող մարկերով պարտադիր պետք է նշել 1950-ականները. հենց այս տարիներ է սկսել ձևավորվել ռոք մշակույթը, որը հետո պիտի դառնար ամենաընդվզողն ու էմոցիոնալը, ամենաազատն ու տարբերվողը: Որքան էլ տարօրինակ թվա,  արդեն 1960-ականներին այն մուտք էր գործել հայկական ԽՍՀ ու, գրավելով Երևանը, Գյումրին և Վանաձորը, սկսել էր լայն տարածում գտնել: Մեկը մյուսի հետևից ստեղծվում էին մեծաթիվ ռոք խմբեր, իսկ Երևանի «Դինամո» դահլիճում տեղի էին ունենում միջհանրապետական ռոք-փառատոներ: Նույնիսկ պետական ճնշումներն անզոր գտնվեցին ու չկարողացան կանգնեցնել 80-ականների ռոքերներին, ովքեր ասպարեզ եկան նոր ասելիքով ու անելիքով: Այն մասին, թե ինչ զարգացում է ապրում ռոք մշակույթն այսօր Հայաստանում, որոշեցինք պարզել մեր ժամանակների թերևս ամենադոմինանտ ռոք-խմբերից մեկի՝ Nemra-ի հիմնադիր անդամ, վոկալիստ ու կիթառահար Վանից:

-Վան, շատերը Nemra-ին առաջին անգամ լսելիս մտածում են, թե Հայաստանից չեք. յուրահատուկ արտաքինը, ստեղծագործական ոճն ու անգլերեն լեզվով երգերը խաբուսիկ են:

Մենք ծնվել ենք Հայաստանում, բայց ապրում ենք Nemra մոլորակում: Այն նույն Երկիր մոլորակն է՝ զուգահեռ իրականության մեջ, որն ստեղծել ենք մեր շրջակա՝ երբեմն անտանելի մթնոլորտից կտրվելու համար: Nemra-ն մեր երազած մոլորակն է, որտեղ ապրում են մեր նման մարդիկ, ովքեր, ի ուրախություն մեզ, օրեցօր շատանում են:

-Փորփրելով Nemra-ի մասին նյութերը, կարծիքներն ու անդրադարձերը՝ խճճվեցի. մեծամասամբ ձեզ համարում են ռոք խումբ, բայց քիչ չեն նաև փոփ ժանրին դասողները: Ի՞նչ կասես ձեր երաժշտական կողմնորոշման մասին:

Դա ինձ շատ է դուր գալիս, քանի որ ես դեմ եմ ցանկացած տեսակի սահմանափակումների, հատկապես՝ արվեստի մեջ: Մենք խմբի ստեղծման օրվանից էլ արել ենք այն, ինչ մեզ հաճելի է եղել ու եկել է մեր սրտից՝ առանց մտածելու դա ռոք է, ջազ, փոփ, թե աֆրիկական երաժշտություն: Մեր նպատակն է գտնել մեզ նման մարդկանց, ովքեր ունեն նույն զգացողություններն ու մտքերը և կիսվել նրանց հետ դրական, ինչու չէ նաև բացասական էմոցիաներով: Բայց քանի որ երբեմն կարիք է լինում Nemra-ն ներկայացնել հստակ ժանրով, ներկայանում ենք՝ որպես ալտերնատիվ ռոք ժանրում ստեղծագործող խումբ. թերևս սա ամենահամապատասխանն է մեր երգերին:  Ամեն դեպքում, որ ռոք է, իմ կարծիքով դժվար է ժխտել: Ուղղակի շատերը սխալ պատկերացում ունեն այս ժանրի մասին և, առաջնորդվելով կարծրատիպերով, մտածում են, թե ռոքը միայն դասական ռոք, հարդ ռոք կամ մետալն է...  Այսպիսի սահմանափակ մտածելակերպի, ցավոք, հաճախ կարելի է հանդիպել մեր երկրում:

-Ստեղծագործելը քեզ համար ապրուստի միջո՞ց է, թե՞ Nemra-ով՝ ռոքով, Հայատանում գումար վաստակելը ֆանտաստիկայի ժանրից է:

Դա մի քիչ էլ կախված է ախորժակից, եթե հաշվի առնենք, որ ինձ այդքան հետքրքիր չեն նյութականն ու շատ ուտել էլ չեմ սիրում, կարծում եմ մոտ ապագայում հնարարավոր կլինի ապրել համեստ գումարներով և շարունակել ստեղծագործել: Ամեն դեպքում, չեմ բողոքում, հաշվի առնելով դաշտում տեղի ունեցող վիճակը՝ մերը համեմատաբարnկայուն է: Ցավոք, շատ քիչ ռոք խմբեր են կարողանում գումար վաստակել Հայաստանում. առաջնային խնդիրն այն է, որ մարդիկ ուղղակի շատ քիչ են երկրում, ու կանխատեսելի է, որ ռոք լսողները պետք է շատ քիչ տոկոս կազմեն: Եվ հետո, այս պահին, կարծում եմ, պետության կողմից առանձնապես նպատակ չկա ոլորտը զարգացնելու, ինչը շատ կարևոր է: Հուսանք՝ շուտով ինչ-որ բաներ կփոխվեն:

-Խոսելով պետությունից՝ հետաքրքիր է՝ ունես որևէ քաղաքական կողմնորոշում, և, քո կարծիքով, արվեստի մարդը պե՞տք է կապ ունենա քաղաքականության հետ:

Դժվար է ունենալ քաղաքական կողմնորոշում մի երկրում, որտեղ չկա քաղաքական առողջ դաշտ: Անտարբեր չեմ, իհարկե, և ինձ բոլորովին դուր չի գալիս այն ամենը, ինչ կատարվում է այսօր, դուր չի գալիս նաև այն ամենը, ինչ չի կատարվում: Այս ամենի կողքին ինձ համար ամենացավալին այն է, որ չկա մի հակակշիռ ուժ, ում կարող եմ հավատալ և ում կարող եմ պատկերացնել այնտեղ՝ վերևներում: Դրա համար առայժմ լռեմ երևի: Ինչ վերաբերում է արվեստագետների՝ քաղաքականության հետ կապ ունենալուն. բացի արվեստագետ լինելը, բոլորս նախ այս երկրի քաղաքացիներ ենք, և քաղաքացին չի կարող առնչություն չունենալ քաղաքականության հետ, եթե դու քաղաքականությամբ չզբաղվես էլ, քաղաքականությունը, մեկ է, հաստատ զբաղվելու է քեզնով… Հատկապես Հայաստանի նման փոքր երկրում…

-Հետաքրքիր է՝ ունե՞ք արդյոք բավարար տեխնիկական հնարավորություններ Հայաստանում որակյալ ձայնագրություններ ստանալու համար:

Իհարկե, որպես երաժիշտ աճելու համար կարևոր է հասնել նաև տեխնիկական որոշակի որակի, բայց իմ կարծիքով դա ամենակարևորը չէ: Եթե ձայնագրությունը հնարավոր է մինչև վերջ բարձր ձայնով լսել և դինամիկները չծակվեն ու լսողը հաճույք ստանա, ուրեմն ամեն ինչ կարգին է: Մենք մեր ձայնագրություններն անում ենք մեր շատ լավ ընկեր Ռաֆայելի մոտ՝ «Ազգային հնչյուն» ստուդիայում, և միայն այդ հիասքանչ մթնոլորտի համար կարելի է երբեմն մոռանալ համաշխարհային իդեալական տեխնիկաների մասին: Այս դարում տեխնիկայով ոչ ոքի չես զարմացնի, բայց հոգով կկարողանաս:

Վերջապես, իմ սիրած միջազգային արտիստներից շատերի (David Bowie, Doors, Nirvana, John Lennon, Слин) ձայնագրությունների ոչ այնքան լավ որակը լսելով՝ հասկանում եմ, որ կարևորը պարունակութնունն է, փոխանցվող էներգիան, որը չպետք է լինի ոչ շատ պարզունակ ու մակերեսային, ոչ էլ չափից շատ խիտ ու հագեցած. երկուսն էլ հոգնեցնող են:

-2012- 2017. ստեղծագործելու այս ամբողջ ընթացքում ինչի՞ հանդեպ է իմունիտետ ձեռք բերել Nemra-ն:

Nemra-ն սովորել է հանգիստ վերաբերել ոլորտի մյուս ներկայացուցիչների՝ մեզ համար խոչընդոտներ ստեղծելու փորձերին: Սկզբում, երբ նոր էինք սկսում, մեզ թվում էր ռոք ոլորտում բոլորի նպատակը մեկն է, և բոլորն իրար սատարում են, բայց հիմա արդեն գիտենք, որ նույն շոուբիզնեսյան օրենքներն այստեղ էլ են գործում: Իսկ մենք աշխատում ենք հեռու մնալ այդ օրենքներից՝ ժպիտով շրջանցելով դրանք: Բացառություններ կան, իհարկե. մեր կողքին ստեղծագործում են նաև մարդիկ, ովքեր մտածում են ոլորտը զարգացնելու մասին: Իմունիտետ ենք ձեռք բերել քննադատությունների հանդեպ: Սովորել ենք առանձնացնել դրանց միջից օբյեկտիվը, հաշվի առնել միայն այն կարծիքները, որոնք կօգնեն աշխատել մեզ վրա և շարժվել առաջ: Իմունիտետ ենք ձեռք բերել նաև հիասթափությունների հանդեպ, սովորել ենք չոգևորվել ժամանակից շուտ և ոտքի կանգնել ամեն ընկնելուց:

-Վան, ի՞նչ ասոցիացիա ունես բեմ երևույթից:

Ես չգիտեմ ինչ կլինի ապագայում, բայց այս պահին բեմն ինձ համար այն վայրն է, որտեղից իջնելուց հետո ամբողջ ընթացքում մտածում եմ նորից բարձրանալու մասին: Դա միակ տեղն է, որտեղ ես ինձ հանգիստ ու վստահ եմ զգում ու վայելում եմ ամեն մի վայրկյանը:

-Վերջերս ելույթ ունեցաք Վանաձորում. կա՞ր տարբերություն լսարանի, էմոցիաների, տրամադրության:

Այո, Վանաձորում մասնակցեցինք ռոք փառատոնի և իսկապես լավ ժամանակ անցկացրինք: Այնտեղի հանդիսատեսին չեմ համեմատի Երևանում՝ Nemra-ի համերգներին եկող լսարանի հետ, ովքեր ինձնից լավ են հիշում մեր երգերի բառերն ու ինձնից լավ են երգում: Բայց եթե համեմատություն տանենք երևանյան բացօթյա համերգների հանդիսատեսի հետ, որտեղ էլի հավաքվում են մարդիկ, ովքեր ծանոթ չեն մեր խմբին, Վանաձորի հանդիսատեսն ավելի ազատ ու չբարդույթավորված թվացին ինձ: Մի հետաքրքիր բան նկատեցի. նրանք փորձում էին իրենց՝ ռոքի հանդեպ ունեցած ծարավը հագեցնել ու հաճույք ստանալ, վայելել տվյալ պահը: Երևանում ավելի շատ կոմպլեքսներ կան, ինչը տարօրինակ է ու մտածելու առիթ է տալիս: Բայց այս ամենն ընդամենը մեկ ելույթից արված սուբյեկտիվ «հետազոտություն» է, հնարավոր է՝ սխալվում եմ:

-Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում 2017-ում իրականացնել Nemra-ով, նոր երգե՞ր, շրջագայությու՞ն:

2017-ին պատրաստվում ենք շարունակել ձայնագրել մեր երգերը: Զուգահեռ ձայնագրելու ենք նաև հայկական ժողովրդական երգերից մի քանիսը, որոնք արդեն ներկայացնում ենք մեր համերգներին: Հուսով ենք՝ կներկայացնենք տեսահոլովակներ, իհարկե, կունենանք նաև համերգներ. հանդիսատեսին անակնկալներ են սպասվում՝ բացօթյա համերգների տեսքով: Շատ կուզենք համերգներով ներկայանալ մարզերում, ինչպես նաև ելույթ ունենալ Հայաստանի սահմաններից դուրս ու ներկայացնել տեղական արտադրանքն այլ երկրներում: Տեսնենք…

Այս թեմայով