Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին։ Ըստ կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմը ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը եղերական 1915թ-ից հետո…
«Կոմիտասը տիեզերքից էր տրված՝ որպես «ազգի խիղճ», այսօր մենք խնդիր ունենք վերադարձնելու այդ խիղճը, վերադառնալու դեպի Կոմիտասը», - նշեց Վիգեն Չալդրանյանը:
Գլխավոր հերոսներին մարմնավորում են դերասաններ Անի Ղազարյանն ու Վարդան Մկրտչյանը, որ ֆիլմում հանդես են գալիս Սոնա և Էդգար Նովենց անուն ազգանունով: Էդգար Նովենցը ժամանակակից ճանաչված գրող է, որը «Վարդապետի լռությունը» վերնագրով վեպ է գրում Կոմիտասի մասին: Այսինքն՝ ֆիլմի գլխավոր հերոսը Նովենցն է, իսկ նրա վեպի գլխավոր հերոսը՝ Կոմիտասը:
Ֆիլմի հերոսն ասում է. «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի, և այսօր աշխարհը խոսում է…»: Նրա գրքի միջոցով հետադարձ հայացք է նետվում 1915-1935 թթ. Կոմիտասի կյանքի ողբերգական իրադարձություններին: Կոմիտասի դերակատարներն են Վաչե Շարաֆյանը, Արտո Խաչատուրյանը, որոնց արտաքին նմանությունն անգամ առանց դիմահարդարման համապատասխանում է Կոմիտասի կերպարին:
Ֆիլմի սկզբից մինչև վերջ գրողն աշխատում է իր «Վարդապետի լռությունը» վեպի վրա՝ կարդալով բազմաթիվ գրքեր Կոմիտասի մասին, ուսումնասիրելով պատմական փաստերն ու արխիվային փաստաթղթերը, այցելելով Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, որտեղ փակված է եղել մեծն կոմպոզիտորը: Ֆիլմի առանցքային հերոսներից է «Զրո» պապիկը, ում Նովենցը հանդիպում երևանյան հոգեբուժարաններից մեկում։ Հենց նա է դառնում Կոմիտասի՝ շրջապատին անհաղորդ լինելու փաստը շարունակող նորօրյա կերպարը:
«Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմ է, որն, ըստ իս, նաև փառատոնային է, սակայն պարզ չէ, թե ինչպես է պետք այն օտար հանդիսատեսին ներկայացնել, որպեսզի Կոմիտասի կերպարն ու նրա կերպարի համահայկական արժեքը հասկանալի դառնա: Ամեն դեպքում, գեղագիտական առումով, այն շատ հաջողված է:
Լինում են ֆիմեր, որոնք մարդաշատ կինոդահլիճներ չեն հավաքում. կարծում եմ՝ սա այդ ֆիլմերի շարքին կդասվի: Հրաշալի օպերատորական աշխատանք, որը մի պահ հանդիսատեսի մոտ «ֆանտաստիկ» մթնոլորտ է ստեղծում, գաղթի ճանապարհ, անապատային դաժան տեսարանների հատվածներ, որոնք նկարահանված են Հայաստանում, գաղթականներ, թուրք ասկյարներ ու ժանդարմներ….Այս ամենից զատ, ֆիլմում մի պահ հայտնվում է շատ ազդեցիկ մի տեսարան` 250 երեխա` բաց դաշտում ծնկի իջած…
Ֆիլմը կարելի է կարևորել մի շարք դրական կողմերով, սակայն հատկապես զարմանալի էր հոգեբուժարանի արխիվների օգտագործման փաստը, ինչը սովորաբար չի թույլատրվում. նկարահանող խմբին հաջողվել է որոշ դրվագներ նկարահանել հենց Կոմիտաս վարդապետի հիվանդության պատմությունից, կային նաև նամակներ, բնագիր ձեռագրեր: Հուսանք, որ այս ֆիլմը կլինի հաջողակ. ազգը, այն դիտելով, կձգտի վերադառնալ Կոմիտասի մշակույթին և Կոմիտասը նորից կխոսի մեզ հետ….