12 Փետրվար 2015, 15:09
3219 |

Մաթեւոսյանի՝ դեռեւս անհայտ լուսանկարները

Հրանտ Մաթեոսյանը քչախոս, համեստ ու լուրջ մարդ էր: Չէր սիրում երկար-բարակ խոսել ու ինչ-որ բաներ բացատրել: Նրա ստեղծագործություններում արդեն կային զրուցակցին հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ, էլ ի՞նչ կարիք կար դրանք երկրորդ անգամ կրկնել: Գրողի լուսանկարները շատ չեն: Մաթեւոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, մի թղթապանակում խնամքով պահպանում է տարբեր տարիներին ու տարբեր մարդկանց կողմից արված լուսանկարները: Դրանցից շատերը պատահական են, աշխատանքի կամ հանգստի պահին: Լուսանկարներից շատերում Հրանտը մեջքով է կանգնած կամ նստած: Imyerevan.com-ը գրողի անձնական արխիվից գտել ու առանձնացրել է դեռ չհրապարակված մի քանի լուսանկար:

Էջմիածնում արված լուսանկարը Մաթեւոսյանի այն քիչ նկարներից է, որտեղ ժպտում է:



Ժամանակ առ ժամանակ հավաքվում էին հայտնի գրողներն ու մոռանում գրականության, ընտրած ուղու, ակամայից ուսերին վերցրած բեռի մասին: Սեղանի շուրջ սկսվում էր պարզ ու հասարակ մարդկային զրույցը, ձգվում մինչեւ ուշ գիշեր, շատ հաճախ՝ մինչ առավոտ: Լուսանկարում Հրանտ Մաթեւոսյանն է, Վահագն Դավթյանն ու Համո Սահյանը (ձախից՝ աջ):

 


«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանումների համար նախապես ընտրվել էր սցենարի հեղինակի՝ Հրանտ Մաթեւոսյանի, ծննդավայրը՝ Լոռին: Լուսանկարում տեղանքի ընտրության պահն է: Աջից առաջին կանգնածը ռեժիսոր Հենրիկ Մալյանն է, երկրորդը՝ Հրանտ Մաթեւոսյանը:

 


Վատ ճանապարհների պատճառով որոշվեց ֆիլմը նկարահանել Տավուշի Խաշթառակ գյուղում: «ՈւԱԶ» մեքենան Ահնիձորի ճանապարհին փչացավ: Որոշեցին քար նետելու մրցույթ կազմակերպել, մինչեւ անսարքությունը վերացվի: Ներկաները պնդում են՝ այդ մրցույթում Մաթեւոսյանն անգերազանցելի էր:

 


Վիլյամ Սարոյանը Հայաստան կատարած այցի ժամանակ Հրանտ Մաթեւոսյանի մասին ասել է. «Այստեղ դուք ունիք մեկը, ով մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մաթեւոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել»: Լուսանկարում երկու հանճարեղ գրողներն են Մաթեւոսյանի հայրական տան դիմաց:

 


Երեւանում անցկացրած կյանքը գրողին այդքան էլ չէր ոգեշնչում: Ժամանակ առ ժամանակ մեկնում էր Ահնիձոր, զբոսնում սիրելի վայրերով, մի քանի օր հանգստանում ու վերադառնում: Լուսանկարում Հրանտը տան բակում է, սիրելի շան՝ Ասլանի հետ:

Այս թեմայով