19 Հունվար 2015, 18:20
1506 |

Հրաշք տեղի չունեցավ, ամեն ինչ նորից սկսվեց

ՀՀ առողջապահության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ գրված է` ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Նախարարությունը հայտնում է` ըստ պաշտոնական ու ընդունված ձևի: Մի տեսակ անհամատեղելի է թվում երեխա և կենսաբանական մահ եզրույթը: Մի տեսակ անմարդկային է թվում երեխա և կենսաբանական մահ եզրույթը:

Գյումրիում տեղի ունեցած սպանդի լուրը լսելիս` լրիվ անհույս չէինք` մեկը փրկվել է:

Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները ցրվելիս հույս ունեին` Սերյոժան դեռ ցույց կտա ձեզ:

Վալերի Պերմյակովի դատը Հայաստանում անել-չանելու արանքում գերակա էր ցանկությունը` միայն թե տան լույսը չմարի:

7 օր մեզ մի քիչ կարևոր ու հավատացյալ մարդ էինք զգում` քնելուց առաջ ջանասիրաբար աղոթում էինք փոքրիկի համար…э

Դատ ու դատաստանի, որոշման ու պատիժի համար մեզ էինք պատասխանատու զգում` բայց մեկ է, հոգու խորքում մտածում էինք` մի օր Սերյոժան կլուծի վրեժը:

7 օր շարունակ յուրաքանչյուրս Սերյոժայի առողջական վիճակով հետաքրքրվում էինք մի քիչ ավելի, մի քիչ սրտացավ, քան ուղղակի հայ փոքրիկի` Սերյոժայի ընտանիքի անդամներից մեկի դերը մեզ վրա «վերցրած»:

7 օր շարունակ տուն մտնելիս մերոնք թքած ունեին` ինչ եմ կերել, կարևորը «հը՞ն, պուճուրի վիճակը ո՞նց ա» հարցն էր:

7 օր շարունակ թաքուն զանգում էի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն ու ներկայանում որպես փոքրիկի բարեկամ` ինքս ինձ համար հաստատ իմանալու` պաշտոնական տեղեկություննները հավաստի՞ են:

7 օր շարունակ արտասովոր կյանքով էինք ապրում` մի ամբողջ ընտանիքի կորստի ցավը սգալուն զուգահեռ` հրաշքի էինք սպասում… Հրաշք տեղի չունեցավ, ամեն ինչ նորից սկսվեց:

Այս թեմայով