27 Փետրվար 2013, 18:36
1486 |

Մատյան լրագրության. կառուցենք հարաբերություններ

Սերունդը հերթափոխով էստաֆետը հանձնում է այսօրվա մուտիլովշիկ ու ցածրորակ լրագրողներին:

- Կներես, մի մտիր կադրիս մեջ:
- Կներես, սարքերն առանձին են ձայնագրում:
- Կներես, ես վաղուց եմ սպասում, հերթ կանգնիր:
Այդ օրը ստիպված եղա երեք անգամ մեղմ տոնով, բայց լցված համբերությամբ կոլեգայիս խոհեմության կոչ անել: Ինձնից տարիքով երկու անգամ մեծ լրագրողը դիտմամբ խախտում էր աշխատանքային տարրական էթիկան: Երեկոյան սկսեցի մտածել այս մասին, շատ հեռու գնացի…

Լրագրությունը որքան բարդ է տարբեր մարդկանց հետ շփվելու պատճառով, նույնքան էլ բարդ ու ինքնակազմակերպվող պրոցես է գործընկերային հարաբերություններում: Ենթադրում եմ, որ 20 տարի առաջ այլ էր: Խորհրդային տարիներից հեռուստատեսություն ժառանգած նոր ու արատավոր հանրապետությունը չէր ձգտում պրոֆեսիոնալիզմի՝ բավարարվելով գոյությունը պահելով: Սերունդը հերթափոխով էստաֆետը հանձնում է այսօրվա մուտիլովշիկ ու ցածրորակ լրագրողներին: Ես թերևս անհամեստություն կանեմ ու կասեմ, որ համեստ լրագրող եմ, միշտ ցույց եմ տվել, թե ավագներին լսել եմ, եթե նույնիսկ այդպես չեմ արել, միշտ գլխով դրական նշան եմ ցույց տվել նրանց կիսագրագետ կամ անտեղյակ խորհուրդներին, որովհետև նրանց հետ դժվար է շփվել, ու գրեթե անհնարին ապացուցել, որ մենք նոր լրագրության մասին ավելի շատ պատկերացում ունենք: Հին լրագրողների մի սերունդ կա, որոնց հետ պիտի զգույշ խոսես, թե չէ կսկսեն աղաղակել՝ երբ մենք ժուռնալիստ էինք, դու մանկապարտեզի պատերի տակ քնած էիր, երբ պատերազմ էինք լուսաբանում, դու քայլել էիր սովորում: Չեմ վիճում: Իրոք, այդպես է: Միևնույն ժամանակ, օրինակ, ես աշխատանքային փորձիս կարճ՝ մեկուկես տարվա ընթացքում այնպիսի տեխնոլոգիաներ եմ կիրառել, որոնց մասին բազմամյա փորձ ունեցող լրագրողները չեն էլ ենթադրում: Ինչևէ, հանդուրժողականությունն է անհետացել լրագրողների միջից, եթե երբևէ եղել է: Առաջինը լինելու մոլուցքը գերակայել է ընկերական ու մարդկային փոխհարաբերությունների համատեքստում: Հանուն արդարության խոստովանեմ, որ իմ դեպքում նույնպես սկզբում այդպիսի շեղումներ նկատել եմ, բայց ընթացքում, պրոֆեսիոնալների աշխատելաոճը տեսնելով, զսպել եմ մնացյալին վատաբանելու կամ վնասելու հաշվին առաջինի ձգտումը: Իսկ այսօր լրագրողների շրջանում անընդհատ նկատում եմ հեգնանք ու քմծիծաղ մեկը մյուսի նկատմամբ: Կան ընդդիմադիր ու իշխանամետ լրատվական դաշտեր, մինչդեռ լրատվությունն ինքնին չեզոք երևույթ է, համենայն դեպս, իմ պատկերացմամբ: Նույնը չեմ կարող ասել օպերատորների մասին: Որպես կանոն, բոլոր օպերատորները սևը հարգող ու կապույտ վինսթոն ծխող տղերք են, իրար հետ ջերմ ու ընԳերական, իրար հարգում են, զիջում ու օգնում: Իսկ լրագրողները մոռանում են չորրորդ իշխանություն լինելու մասին, իրար վարկաբեկելով՝ ակամա բազմացնում են մյուս երեք՝ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններում արմատացած անօրենություններ: Մի խոսքով, կեսգիշերային մտորումներիս արդյուքնում եկա այն համոզման, որ լրագրող դառնալու համար առաջին ու ամենակարևորը պայմանը ոչ թե օպերատիվ լինելն է, այլ գործընկերոջը հարգելը:

Այս թեմայով