13 Հունիս 2013, 17:13
1699 |

Անծանոթ ազնվականի կտավները

Երիտասարդ արվեստաբան Սոնա Խեչիկյանը հրատարակել է իր առաջին գիրք-ալբոմը՝ 500 տպաքանակով:

Մենագրության մեջ արվեստաբանը ներկայացրել է լեհահայ գաղութի առաջացման պատմությունը, այն միջավայրը, որը ձևավորվել է հայազգի արվեստագետին: Գրքում ներկայացված է ոչ միայն դիմանկարի վարպետ Աքսենտովիչը, այլև անդրադարձ է արված կարպատյան գուցուլների կենցաղին, մշակույթին և ավանդույթներին: «Աքսենտովիչը գուցուլների հետ առնչվելու առիթներ շատ է ունեցել, մշտապես հետաքրքրվել է նրանց ապրելակերպով, ուստի նրանց հետ կապված նկարները մեծ տեղ ունեն նրա ստեղծագործության մեջ: Լեհահայ գեղանկարիչն առաջինն է անդրադարձել այդ ցեղախմբի կյանքին ու բարքերին, հետագայում նրա օրինակին շատ այլ լեհ նկարիչներ են հետևել»,- նշում է գրքի հեղինակն ու հավելում, որ սեփական ուժերով գիրք հրատարակելը հեշտ բան չէ, բայց երբ կա մեծ ցանկություն վերհանելու չբացահայտված արժեքները, ամեն ինչ հնարավոր է դառնում:

Երիտասարդ արվեստաբանը համոզված է, որ Թեոդոր Աքսենտովիչը դեռևս գնահատվելու և ճանաչվելու խնդիր ունի: Տոհմիկ ազնվական գեղանկարչի մասին հետաքրքրությունն առաջացել է շնորհիվ լեհերենի իմացության:  «Ժամանակին նկարում էի և շատ էի ուզում ընդունվել Թերլեմեզյան, բայց մայրս վստահեցրեց, որ եթե նույնիսկ երկու ականջս կտրեմ, Վան Գոգ չեմ դառնա: Արդյունքում հայտնվեցի Բրյուսովի համալսարանում,- կես-կատակ, կես-լուրջ պատմում է Սոնան:- Լեհաստանի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն ու սեր ունեի, ու երբ եկավ երկրորդ օտար լեզու ընտրելու ժամանակը, հիշեցի իմ սերն առ լեհերենը: Հետագայում դա ինձ շատ օգնեց ԵՊՀ արվեստաբանության մագիստրատուրայում թեզի թեմայի ընտրության հարցում: Դասախոսների խորհրդով սկսեցի զբաղվել լեհահայ Աքսենտովիչի գործունեությամբ, քանի որ նրա մասին երբևէ հրատարակված գրքերը, հոդվածներն ու ալբոմները հիմնականում լեհերեն են: Հետաքրքրվեցի ու սիրահարվեցի. սիմվոլիզմի ու իմպրեսիոնիզմի ուղղություններին հարող աշխատանքները գերեցին ինձ»:  

Հրատարակված գիրք-ալբոմը հիմնականում հենց ուսումնասիրությանս արդյունքն է: Նախաբանի հեղինակը նկարիչ-լուսանկարիչ Վահան Քոչարն է, իսկ գրքի շնորհանդեսը կազմակերպելուն աջակցել է լեհահայ գաղութը: Աքսենտովիչի կտավներում անդրադարձ կա նաև նրա հայկական ակունքներին, ու թեև նման գործերի թիվը շատ չէ, բայց միգուցե հաջորդ մենագրության թեման դառնան հենց հայկական արմատները:

Այս թեմայով