12 Հունիս 2013, 23:15
2838 |

Հայկական Facebook-ի ուղեցույց

Վերջերս մենք տարբեր մարդկանցից (իմ դեպքում` ընկերներից) հաճախ ենք լսում, որ Ֆեյսբուքը խլում է իրենց ամբողջ ժամանակը, որ իրենք անգիտակցաբար կյանքի լավագույն պահերը սոցիալական ցանցում են անցկացնում: Ծխախոտից, մոլախաղերից, սուրճից, քաղցրավենիքից կախվածությունների շարքում հաճախ լսում ենք այնպիսի երևույթի մասին, ինչպիսին «ֆեյսբուքամանիան» է: Բայց եթե վերհիշենք, մոտ տասը տարի առաջ, երբ համացանցը դեռ այսքան զարգացած չէր, նույն տրտունջը լսում էինք համակարգչային այլ «թակարդների» վերաբերյալ, ինչպիսիք են Mines խաղը, Solitaire պասյանսը կամ բոլոր հաշվապահներին քաջ հայտնի Zuma-ն: Այստեղից հետևություն՝ Ֆեյսբուքը մեղավոր չէ, ինչպես որ մեղավոր չեն քաղցր բուլկիները, ֆասթֆուդը, թղթախաղերն ու ծխախոտի լոբբին: Ֆեյսբուքը որոշակի տեսանկյան տակ դիտելիս կարող է շատ օգտակար լինել:

Օրինակ, ո՞վ գիտի, որ ֆեյսբուքում, բացի ժամանցային բաժիններից, որոնց վրա էլ կախյալները հիմնականում ծախսում են իրենց թանկարժեք ժամանակը, կան շատ օգտակար ռեսուրսներ: 

Ինձ պետք ա էսինչ բանը...
Այս խմբում կարելի է հնչեցնել ցանկացած հարց, անգամ` առաջին հայացքից աբսուրդ թվացող. ո՞ր համարի երթուղայինն է գնում այսինչ վայրը, ինչպե՞ս ֆորմատ անել նոթբուքն առանց սկավառակակրի, որտեղ թարգմանել նոտարի վավերացումով փաստաթղթերը, ինչպե՞ս բացել մուրաբայով տարան, որը չի ուզում բացվել: Հարցերի շրջանակը չափազանց լայն է, և բազմահազար մասնակիցների շարքում հաստատ կգտնվի մեկը, որը կտա խելամիտ պատասխան: Ի դեպ, խմբի օրենքների մեջ մի շատ լավ կետ կա. «Արգելվում է հարցնել բաներ, որոնք հեշտությամբ կարելի է գուգլել»:

Ինձ պետք չի, բայց լավ բանա 
Յուրաքանչյուրիս տանը կան անպետք իրեր, որոնք դեն նետել ափսոսում ենք: Օրինակ, տեղափոխվում ես նոր բնակարան ու չգիտես ինչ անել հին պահարանը (իսկ նորն արդեն գնված է): Կամ էլ այնքան դիտված ֆիլմերի կամ երաժշտության սկավառակներ են կուտակվել, որ չգիտես` ուր դնել: Պատասխանը պարզ է. իրդ առաջարկիր «Ինձ պետք չի, բայց լավ բանա» խմբում: Աշխարհում շատ մարդիկ կան, որոնց պետք է այն, ինչը քեզ այլևս պետք չէ` լինի դա հագուստ, կահույք, հին տեխնիկա, թե անգամ վինիլային սկավառակներ: Ի դեպ, հնարավոր է` ձեզ էլ է ինչ-որ բան անհրաժեշտ: Նայեք, գուցե բաղձալի իրն արդեն ձեզ է սպասում:

Առնեմ-ծախեմ
Իսկ եթե ինչ-որ մեկը չի ուզում հենց այնպես բաժանվել իր սիրելի առարկայից, Ֆեյսբուքում նրա համար էլ հարմար տեղ կգտնվի: Այստեղ չի կարելի զբաղվել PR-ով կամ ինչ-որ բրենդ գովազդել: Օրինակ, եթե դուք զիլ շապիկ եք գնել, բայց գալով տուն հայտնաբերել եք, որ չափսը չի համապատասխանում, իսկ վերադարձնելու տարբերակ չկա, կարող եք այն վաճառել: Այսպես ասած` փոխհատուցել վնասը: Բայց եթե ադմինիստրացիան ձեզ կասկածի կոմերցիոն շահերի հետապնդման մեջ, ձեր մուտքն այս խումբ կփակվի ընդմիշտ: Կոմերցիոն կազմակերպությունների և անհատ ձեռներեցների համար սրան զուգահեռ գործում է մեկ այլ խումբ`«Առնեմ-ծախեմ կոմերցիոն»:

Կորել է...
Եթե կորցրել եք ձեր տնային կենդանուն, դրամապանակը, սիրելի մեդիատորը կամ էլի ինչ-որ բան, կարող եք այս խմբում հայտարարություն տեղադրել: Հավանականությունը, որ ձեր կորցրածն ինչ-որ մեկը կգտնի, իհարկե, մեծ չէ, բայց կարող է և բախտդ բերել: Ի դեպ, եթե դուք պատահաբար գտել եք ինչ-որ մեկի փաստաթուղթը, ընտանի կենդանուն կամ էլի ինչ-որ բան, կարող եք գրել նույն խմբում ու փորձել գտնել տիրոջը: Այդպիսի նախադեպեր խմբի պատմության մեջ արդեն կան:

ImYerevan.com 
Մեր կայքը, ինչպես նաև Ֆեյսբուքում մեր խումբը վերջերս է ստեղծվել: Բայց եթե ձեզ հետաքրքրում է Երևանի մշակութային կյանքը, դրա բնակիչները, այս հիանալի քաղաքում տեղի ունեցող միջոցառումները, ապա Ֆեյսբուքում մեր էջի դռները բաց են: Միացեք, մենք էլ մեր հերթին ձեզ կտրամադրենք հետաքրքիր տեղեկատվություն, թե ինչ երաժշտություն են լսում Երևանում, ինչ գրքեր են կարդում, ինչ ցուցահանդեսներ են այցելում և ուր են գնում հանգստանալու:

P.S. Ֆեյսբուքում, իհարկե, դեռ շատ հետաքրքիր խմբեր կան, որտեղ կարելի է մասնագիտական թեմաներ քննարկել: Երաժիշտներն ու գործիքավորողները կարող են միանալ Armenian Music Makers (AMM) խմբին, գրողների ու բանասերների համար կա «Եթե դուք բանասեր եք» խումբը, և էլի շատ խմբեր կարելի է գտնել՝ ելնելով մասնագիտական հետաքրքրություններից: Իհարկե, Ֆեյսբուքը թերություններ ունի, հեռու է կատարյալ լինելուց: Բայց դրանից հրաժարվել չարժե: Համաձայնեք, տրանսպորտից հրաժարվելը, հույս ունենալով, որ մոտ ապագայում տելեպորտ կհայտնագործեն, հիմարություն է: 

Այս թեմայով