11 Ապրիլ 2013, 11:15
1231 |

Էվիտա Պերոնի մահն ու զարմանահրաշ արկածները

Կյանքն ինքը երբեմն մեզ այնպիսի անհավատալի սյուժեներ է հուշում, որ դրանք գրի չառնելը հանցագործություն կլիներ: Հենց այսպիսի մի դեպք էլ բռնապետ Խուան Պերոնի կին ու զինակից Էվիտայի դիակի արկածների պատմությունն է:

Իհարկե, հենց Լատինական Ամերիկայում հայտնվեց այն մարդն, ով որոշեց պատմել հավերժ քուն մտած գեղեցկուհու քսան տարի տևած դեգերումների զարմանալի պատմությունը. շնորհիվ Մահացածների օրվա ամենամյա խրախճանքի՝ մահն այստեղ վաղուց է վեր ածվել զվարճալի զանգվածային պաշտամունքի առարկայի:

Մարիա Էվա Դուարտե դե Պերոնը Արգենտինայի սրբերի շարքը չդասված սուրբն է, ում մտավորակությունն ատում էր սև ատելությամբ, իսկ ժողովուրդը՝ պաշտում անսահման սիրով: Կուռքի վերածված Էվիտան մահացավ խորհդանշական 33 տարեկանում: Ու զարմանալի չէ, որ կենդանության օրոք արգենտինական երազանքի մարմնավորումը դարձած Էվիտային իր հայրենիքի ճնշվածներն ու կեղեքվածները նայում էին որպես սրբապատկերի: Հիմա դժվար է ասել, թե ինչ էր մտածում Խուան Պերոնը, երբ որոշում կայացրեց զմռսել հանգուցյալ կնոջ դիակը. գիտակցո՞ւմ էր, որ առանց Էվիտայի իշխանության գլխին չի մնա, ու դրա համար էլ հասարակ մարդկանց համար բառի բուն իմաստով կո՞ւռք ստեղծեց, թե՞ իրոք այնքան ծանր տարավ մահվան փաստը, որ որոշեց հավերժացնել սիրելի կնոջը: Ամեն դեպքում, տարբեր խորհրդավոր զուգադիպությունների ու զարմանալի պատահարների շնորհիվ նախկին առաջին տիկնոջ մարմինը երկար տարիներ իր վրա սևեռված պահեց արգենտինական հասարակության ուշադրությունը:

Եթե արգենտինացի գրող ու լրագրող Թոմաս Էլոյ Մարտինեսի «Սուրբ Էվիտա» գրքի պատմությունը տեղի ունենար մի ուրիշ երկրում, այն հաստատ կհամարեին նեկրոֆիլիայի զազրելի մի գովերգում: Դրա համար էլ «Սուրբ Էվիտան» կարդալուց առաջ պետք է հաշվի առնել տվյալ երկրի ազգային յուրահատկությունները: Հետո արդեն հանգիստ կարելի է ընկղմվել մոլի ընթերցանության 400 էջի մեջ: Այո՛, հենց մոլի ընթերցանության, քանի որ «Սուրբ Էվիտան» այն հազվադեպ գրքերից է, որոնք հափշտակում են, կլանում ու մինչև վերջին էջն էլ բաց չեն թողնում:

Ընդհանրապես իմաստ չունի մանրամասն նկարագրել գրքի բովանդակությունը, քանի որ սյուժեն ինչքան էլ լի է ֆանտաստիկ տարրերով ու մանրամասներով, այդքան էլ կարևոր չէ դրանց իսկության մեջ խորանալը, չնայած ամեն դեպքում արժանի է ուշադրության: Այս գրքի յուրահատկությունն առաջին հերթին մթնոլորտն է, տրամադրությունը: Սա հերթական էժան ու անորակ միստիկան չէ, որով «փառավորվել» է Պաոլո Կոելիոն: «Սուրբ Էվիտան» լատինամերիկյան կախարդական ռեալիզմի վավերագրական օրհներգն է, կիզիչ արևի տակ այրվող Բուենոս Այրեսի լայն պողոտաների մահվան երգը: Էլոյ Մարտինեսին հաջողվել է ամենանուրբ ձևով միահյուսել ազգային սնահավատությունները, ջանասիրաբար հավաքված քաղաքային լեգենդներն ու հաստատված վավերագրական փաստերը: Արդյունքում ստացվել է այն, ինչ պետք է ստացվեր. գիրք, որ ընթերցողին տանում է այլ իրականություն, որտեղ կա ոչ միայն կյանք ու մահ, այլև մահ՝ որպես կյանք:
Իզուր չէ, որ ժամանակակից լատինամերիկյան գրականության երկու հսկաները՝ Գաբրիել Գարսիա Մարկեսն ու Մարիո Վարգաս Լյոսան, միաձայն խորհուրդ են տալիս անհապաղ կարդալ «Սուրբ Էվիտան»: Ինչպե՞ս վիճես կենդանի դասականների հետ:

Այս թեմայով