23 Ապրիլ 2015, 18:24
2074 |

Ապրիլի 24-ին ո՞վ ի՞նչ է անում ու ինչի՞ համար

Էդպես էլ անմոռուկով սելֆի չունեցա, ավելին` ապրիլի 24-ին կակաչները ձեռքիս Ծիծեռնակաբերդի ֆոնին նույնպես սելֆի չեմ անի: Էդ օրը Սևակի «Անլռելի զանգակատնից» տողեր չեմ ցիտի ՖԲ-ում, ոչ էլ արյունալի տեսարաններ պատկերող նկարներ կտարածեմ:

Ապրիլի 24-ին Արտաշ Ասատրյանի կամ Սիրուշոյի` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երգը ֆեյսբուքյան էջիս պատին չեմ դնի:

Ապրիլի 24-ից առաջ լատինատառով ՖԲ-ում կոչեր չեմ անի.«Erexeeeq, ekeq mer nkarnery sev fon dnenq, vor sirun nayvi»:
Էդ օրը ՖԲ-իս պատի նկարը «1915», իսկ իմը` «Հիշում եմ և պահանջում» չեմ դնի, ոչ էլ մի քանի նոր ու շրթունքներս ուռեցրած նկար պահած կունենամ, որ ապրիլի 25-ին քնիցս արթնանալուն պես` անձնական էջիս նկարը փոխեմ:

Ապրիլի 24-ին կամ 25-ին Օբամային չեմ հայհոյի` չեմ էլ սպասի նրա` Ցեղասպանություն բառն արտասանելուն:

Ապրիլի 24-ին չեմ սպասի` մինչև ժամը դառնա «19:15», որ սկսեմ աղոթել կամ մեկ րոպե լռել:

Ապրիլի 24-ին սև զգեստ չեմ հագնի ու անմոռուկե թևնոց չեմ դնի Ծիծեռնակաբերդ գնալու համար:

Ապրիլի 24-ին չեմ զանգի հազար տարի իրար չտեսած ընկերներիս Ծիծեռնակաբերդ գնալու համար:

Էդ օրը հեռուստատեսությամբ ցուցադրվող «Մայրիկ» ֆիլմն այդպես էլ չեմ նայի, ոչ էլ ուղիղ եթերին կհետևեմ` տեսնելու ծանոթներից ով է գնացել Ծիծեռնակաբերդ:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ չեմ գնա` հայտնի մարդկանց հետ նկարվելու համար:

Ապրիլի 24-ից հետո չեմ քննարկի` Ծիծեռնակաբերդ գնալիս որ պաշտոնյան էր հուզվել, որը` ոչ:

Ապրիլի 24-ից առաջ իմ անունով ծառ չեմ տնկի ու էդ շիվի հետ նկարվելուց րոպեներ հետո իր գոյության մասին մոռանա:

Գրողը տանի, թե էդ օրն ինչ կանեմ` ես գիտեմ, ինչ էլ անեմ` կանեմ լուռ, ինձ համար, ինչն ամենևին էլ չի նշանակում որ ես չեմ հիշում և չեմ պահանջում:

Այս թեմայով