14 Ապրիլ 2015, 14:49
3667 |

Քիմի քիմքի, անքիմ Հայաստանի ու քիմաթվաբանության մասին

Քիմ Քարդաշյանի, նրա քրոջ Քլոեյի ու 21 Գրեմիների, բազմաթիվ այլ երաժշտական մրցանակների տեր, ամենաբարձր վարձատրվող երգիչներից մեկի՝ ռեփեր Քանյե Ուեսթի այցը Հայաստան ցույց տվեց հայերի բոլոր կոմպլեքսները. թերարժեքությունից մինչև սնապարծություն, մեծամտությունից մինչև դատարկամտություն, ամեն ինչ ուռճացնելու հատկությունից մինչև օբյեկտիվ չլինելու յուրահատկություն:

Քիմը, Քանյեն, Քլոեն ցույց տվեցին մեր հասարակական պաթոգենեզը, մեր սոցիալական հիվանդությունները, որոնցից շատերն ունեն իրենց օբյեկտիվ պատճառները, մյուսները՝ չափազանց սուբյեկտիվ են, որպեսզի լինեն ընդունելի (եթե ձեր խոհանոցում չեք խորհում):

Քիմը եկավ, լռեց, թեթև ժպտաց, այցելեց տեսարժան, երբեմն էլ տեսնելու համար անարժան վայրեր, սելֆի արեց ու տվեց մեր հանրային ախտորոշումը:
Քիմը բոլորի քիմքի համար չէ, ինչը բնական է: Քիմի քիմքին էլ մեզնից շատերը վստահաբար անհարմար են և ինչ-որ տեղ գուցե զզվելի: Եվ նույնիսկ սա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները:

Անձամբ ես գրեթե անտարբեր եմ Քիմի՝ որպես կնոջ և Քիմի հեռուստատեսային գործունեության նկատմամբ: Ավելին, մինչև վերջերս չգիտեի՝ ինչու է նա հայտնի. որովհետև հետո՞ւյքն է բացել, թե՞ որովհետև ամենատաղանդավոր ու ամենաճանաչված մեգա-աստղ Քանյեյի կինն է դարձել: Գուցե հաջողությունն այս ամենի հանրագումարն է: Գուցե: Իսկ գուցե նրանց «բախտն է բերում», ովքեր շատ են աշխատում ու կարողանում են հայտնի լինել: Որովհետև գիտեմ բազմաթիվ պոռնոաստղեր, ովքեր հետույքը մեկ անգամ չէ, որ բացել են, բայց Քիմի նույնիսկ 1/100-րդական չափով հայտնի չեն: Թողնենք մի կողմ, այն, որ շատերը չգիտեն, որ նա պոռնո-աստղ չէ կամ գիտեն, բայց սեփական թուլությունն ու տարբերամտությունը թույլ չի տալիս ընդունել դա:

Խոշոր հաշվով այն, թե ինչպես է նա հանրահայտ դարձել, էական չէ (ինչպես հաճախ միլիոնատերերն են խոստովանում՝ առաջին միլիոնը միշտ անազնիվ ճանապարհով ես վաստակում): Փաստ է մի բան, որ Քիմը մեգաաստղ է, ում ճանաչում են աշխարհի բոլոր կետերում՝ ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա: Նա հայկական արմատներով «բարոյական» կամ «անբարո» կին է, որը երբեք չի հրաժարվել իր արմատներից, խոսել է Ցեղասպանության մասին: Կին, որի համար աշխարհի բոլոր ծայրերում կվազեն, որպեսզի մեկ սելֆի անեն նրա հետ, մեկ լուսանկար «թռցնեն» իրենց կայքի ու պարբերականի համար, մեկ կադր ունենան, երբ նա դուրս է գալիս իր հյուրանոցի համարից կամ բնակարանից… Ու նա, ով չի մերժել իր արմատները, ում հայրն ու մայրը նույնիսկ Հայաստանում չեն եղել, բայց ով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 24-ից մոտ մեկ-երկու շաբաթ առաջ եկել է Հայաստան:

Հայկական բարոյաքարոզից զատ, որին նույնիսկ չեմ ցանկանում անդրադառնալ, տգեղ պահվածքով ու տգեղ արտահայտություններով տարբեր փոքր տրամաչափի, իսկ եթե Քիմի հետ համեմատենք՝ թափանցիկ, աննշմար, անտեսանելի, «աստղային» հայտարարությունները ցույց տվեցին այն, ինչ մեզ միշտ թուլացրել ու թուլացնելու է. մենք չենք կարողանում ուժեղների կողքին ու նրանց հետ լինել. չուզողությունն ու մյուսի նկատմամբ չարությունն ու նախանձը թույլ չեն տալիս առաջ շարժվել ու նոր չափանիշներ սահմանել: Կոնկրետ Քիմի դեպքում մեր չկայացած շոու բիզնեսի նույնանման ինչ-որ ներկայացուցիչների հայտարարությունները ուղղակի պարզ նախանձի դրսևորումներ էին, քանի որ նույնիսկ նրանց լավագույն երազում իրենք չեն կարող հավասարապես այնքան հայտնի լինել, որքան օրինակ Քարդաշյանի հագուստի որևէ գիծ:

Սա ունի օբյեկտիվ պատճառներ, որոնցում նույնիսկ իրենք՝ այդ ներկայացուցիչները, մեղավոր չեն, բայց զարմանալ, թե ինչու են Քիմին նկարում ու նրան դիմավորում ամեն անկյունում...կամ զայրանալ, թե ինչու պետք է Քիմին բարձր մակարդակով դիմավորել ու ուղեկցել… Այս հարցի պատասխանը օրինակ կարող է տալ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի ամենավերջին գործարքը. հեռուստատեսության պատմության մեջ ամենաթանկ պայմանագիրը:
E-online հեռուստաալիքը Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին 24 ժամ ցուցադրելու համար վճարել է 100.000.000 դոլար: Եթե որևէ մեկ կարող է հպարտանալ, որ 24 ժամում «կապիկություն» անելով կարող է 100 միլիոն դոլար աշխատել, ապա թող ձայն տա:

Այսքանը բավարար չէ՞: Այլ հետազոտություն: Մեդիամոնիտորինգի փորձագետ Մայք Շալջյանը հաշվարկել է Nielsen և Atribiton մարքեթինգային ընկերությունների ընդհանուր լսարանի հաշվարկը և դրա գովազդի գները: Մեդիափորձագետի հաշվարկով, Հայաստանից կպահանջվեր մոտ 40.000.000 դոլար, որպեսզի իրականացվեր այդպիսի PR արշավ: Ընդ որում, սա Քիմի ու իր ընտանիքի այցի առաջին երկու օրերի ընթացքում (այժմ այդ թիվը բազմապատկեք 4-ով): Ընդ որում, սա վերաբերում է միայն հեռուստատեսությանը և ռադիոյին, ավելին՝ միմիայն ԱՄՆ-ի տարածքում: Եթե այս թիվը հաշվարկենք նաև տպագիր և էլեկտրոնային պարբերականները ընդգրկելով, ապա այն կկազմեր մոտ 360.000.000 դոլար (հիմա այս թիվը բազմապատկեք 4-ով):

Սա էլ բավարար չէ՞: Իսկ ինչ կասեք այն մասին, որ Քիմ Քարդաշյանը 2014-ին ճանաչվել է Bing որոնողական համակարգում ամենաշատը փնտրված մարդ, իսկ Googel-ում իր առաջին տեղը նվազագույն տարբերությամբ է զիջել:

Այսքանից հետո զարմանալի է արդյոք, որ Քիմով «Հայոց Ցեղասպանության մասին իրազեկելը ամոթ է», դիրքորոշումը հայտնեցին իրենց «քաղաքական ուժ» կամ «հանրային ակտիվիստ» համարող այն «ուժերն» ու անհատները, ում համար 20 հոգի մեկտեղում հավաքելը մեծ բարդություններ է պահանջում, ում գործունեության ընթացքում ոչինչ, ոչ մեկ ու ոչ մի տեղ չի փոխվել: Թողնենք մի կողմ, այն որ միայն մեզ համար ու գուցե ինչ-որ արաբական մահմեդական փակ երկրների համար է «հասկանալի», թե ինչու է դա «ամոթ»:

Ամոթը թողնենք մի կողմ ու անամոթաբար չկրկնենք այն նույն սխալները, որոնք հաճախ կրկնել ենք ժամանակակից ու անժամանակ պատմության ընթացքում՝ չկորցնենք այն շանսը, որը մեզ տվեց Քիմ, Քանյե, Քլոե և, ինչու չէ, Նորթ քառյակը: (Ազնվության համար կարելի էր նշել, նույնիսկ թիկնապահին՝ Պասկալին, ում շնորհիվ մենք թերևս առաջին անգամ ցրեցինք այն պատկերացումը, որ թիկնապահն անուղեղ ինչ-որ գործիք է):

Եթե նվազագույնը 1.5 մլրդ դոլարի PR-ը տպավորիչ չէ, շարունակենք Քիմին վերածել թվերի ու ոչ ամբողջությամբ, բայց մի փոքր հասկանանք, թե ի՞նչ տվեց Քիմը ու ի՞նչ կարող է տալ:

Քիմի ֆեյսբուքյան էջը ունի 24 միլիոնից ավելի լայք: Նրա լուսանկարները միջինում ունենում են 1000-1500 շեյր, 500.000-ից ավելի լայք, միջինում 2000-ից ավելի քոմենթ: (Օրինակ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցի նրանց լուսանկարը ունեցել է մոտ 250.000 լայք և մոտ 1100 շեյր): Եթե յուրաքանչյուր տարածող նվազագույնը ունենա 1000 ընկեր (ինչը շատ փոքր ցուցանիշ է իրականում), ապա այդ նկարը տեսել է ևս մեկ միլիոն մարդ:

Քիմը Instagram-ում ունի 30.000.000 հետևորդ, նկարները միջինում հավանում են 500.000-ից ավելի մարդիկ: Քիմի ու Քանյեյի Գեղարդ այցելության լուսանկարը ունեցել է համարյա 1.000.000 լայք, իսկ քույր Քարդաշյանների լուսանկարը Մայր Հայաստան հուշարձանի մոտ 750.000-ից ավելի հավանություն:


Twitter-ում Քիմը ունի 31.000.000 հետևորդ:

Քիմի ու նրա ընտանիքի այցի ընթացքում չեն եղել համաշխարհային մամուլի որևէ առաջատար պարբերականներ, որոնք գրեթե ամեն օր չանդրադառնային Քիմի հայաստանյան այցին: Ամեն օր առնվազն 30 առաջատար պարբերականներ, այդ թվում Washington Post, The New York Times, The Guardian, The Telegraph, Daily Mail, Mirror, Wall Street Journal, Liberation, TMZ, DW և տասնյակ այլ համաշխարհային պարբերականներ անդրադարձել են Քիմի այցին՝ հիմնականում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ենթատեքստում:

8 օրյա այցելության ընթացքում Google-ի որոնման պատուհանում եթե գրեինք Kim Kardashian in Armenia կբերեր 250-ից ավելի հոդվածներ: Որոնվող բառերը փոքր-ինչ փոխելու դեպքում արդյունքներն ավելի շատ են:

Google որոնման պատուհանում Armenia բառը գրելիս առաջին նյութը (Ֆրանցիսկոս պապի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի զոհերի հիշատակի նվիրված սուրբ պատարագի օրը) առաջին էջի 2-3-4-րդ նյութերը Քիմ Քարդաշյանի ու Հայաստանի մասին են՝ Քիմ Քարդաշյանի այցի շրջանակներում:

Այցի օրերին, եթե ուղղակի գրեինք Kim Kardashian, ապա առաջին էջում բոլոր նյութերը կլինեին Հայաստան կատարած նրա այցից: (Հիշեցնեմ, որ նա ամենաշատ որոնվող աստղն է Google-ում և Bing-ում)

Քիմ Քարդաշյանը իր այցի ընթացքում նաև նկարահանել է հատվածներ Keeping us with Kardashians ռեալիթի շոու-ի համար, որը առաջիկայում ցուցադրվելու է Միացյալ Նահանգներում: Ըստ RadarOnline-ի Քարդաշյանների ընտանիքի շոուն ունի միջինում 2-3 միլիոն դիտող:
Նրա այցի ընթացքում տասնյակ նյութեր հրապարակվեցին Հայաստանի պատմության, Հայոց Ցեղասպանության, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների, Հայաստանում կամ Երևանում հետաքրքիր ու լավ ժամանակ անցկացնելու մասին:

Դժգոհությունն ու նախանձը այս պարագայում անտեղի են, որովհետև մեզանում չկան այնպիսի «աստղեր» (նաև օբյեկտիվ պատճառներով), որոնք կարող են նման ցուցանիշներ գրանցել:

«Ինչո՞ւ են բոլոր նրան հետևում, երբ նա իր «հավեսի համար» շրջում է քաղաքում» հարցը կարող է ունենալ նաև ցինիկ պատասխան: Որովհետև նա անվճար թողնում էր իրեն նկարահանել ու լուսանկարել այն դեպքում, երբ նրա՝ որևէ տեղում ուղղակի երևալն արժե 100.000 դոլար, իսկ եթե նա այդտեղ մնալու է ամբողջ օրը, ապա 1.000.000 դոլար:

Գուցե ավելի լավ կլիներ, որ, ասենք, Քիմի փոխարեն ինչ-որ հայազգի օպերային երգիչ կամ գրող լիներ, ով կլիներ նույնքան պոպուլյար, որքան Քիմը, բայց այդպիսին չկա: Ի վերջո, Քիմին սիրել-չսիրելը, յուրաքանչյուրի քիմքի ու նախասիրությունների հարց է: Սակայն սուբյեկտիվորեն թերագնահատելն ու նվազեցնելը այս այցի կարևորությունն ու օգտակարությունը Հայաստանի համար առնվազն կուրություն է, եթե չասենք, որ պարզապես էգոիստական սուբյեկտիվիզմ՝ թաթախված նախանձով ու տվյալ պարագայում անտեղի բարոյամտությամբ:

Փոխարենը երկու մեգաաստղերը՝ Քիմն ու Քանյեն, իրենց պահեցին շատ համեստ ու արժանապատիվ, չմտան աստղային կեցվածքի մեջ, այլ ուղղակի եղան (քանի որ կան) մեգաաստղ՝ առանց արհամարհական հայացքների, առանց ավելորդ էքստրավագանտության ու «բարձրակրունկ» մեծամտության: 8 օր Հայաստանը տեսավ, լսեց, կարդաց իսկական աստղերի մասին՝ հարուստ, իսկապես ճանաչված ու իսկական երկրպագուներով, ում ոչ մի քայլն աննկատ չի մնում, ովքեր չեն կարող շրջել առանց թիկնապահների ու մնալ ստվերում՝ որ ոչ ոք չնկատի, իսկ նկատելուց էլ չմոտենա:

Շատերը ֆեյսբուքում նաև Քանյե Ուեսթի ֆուրորային իսկական շոույից ու համերգից հետո գրեցին, որ նրանք փոխեցին Հայաստանը: Գուցե դա իրոք այդպես էր գոնե վերջին 8 օրերի ընթացքում, բայց մինչև մենք չփոխվենք՝ ոչինչ չի փոխվի: Իսկ «անքիմ» Հայաստանը հաստատ ավելի շատ օգուտներ չէր բերի, փոխարենը կլիներ ավելի տխուր: Եթե մենք նույնիսկ ոչինչ ձեռք չբերեցինք, ապա ոչինչ էլ չկորցրեցինք:

Այս թեմայով