23 Մարտ 2015, 15:50
2027 |

Դոգմատիկ անգրագիտություն

Քաղաքը շնչել է ուզում՝ առանց դոգմաների ու աքսիոմների՝ բազմազան ու բազմաճաշակ: Տարբեր քաղաքն ու ոչ անտարբեր քաղաքացին սարքում է Երևանը: Ու քաղաքացուց է կախված՝ արդյոք այն կլինի գորշ ու միատարր, թե բազմագույն ու բազմաշերտ:

Հայի Բախտ: Երկիրը երկիր չի: Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում: Հավաստի աղբյուրների տեղեկացմամբ… Սրանք դոգմաներ են կամ դեմագոգիա, որոնք աքսիոմատիկ կերպով փչացրել են մի ամբողջ հասարակություն, սերունդ, գեն: Հայաստանում, Երևանում, այստեղ-այնտեղ դոգմատիկ ամբարտավանությունը քանդում է ամեն ինչ՝ քաղաքս՝ Երևանը, քաղաքս՝ մարդկանց, քաղաքս՝ Հայաստանի՝ իմ ու քո ապագան: Դոգմատիզմը դեմագոգիայի պես տաֆտալոգիայի է վերածվում (ինչպես հենց այս նախադասությունը), երբ դրան ընդդիմացողների բանակը կամ շատ քիչ է, կամ շատ թույլ դիմակայելու համար: Տաֆտալոգիայի, որը մենք լսում ենք, կարդում, դիտում ամեն օր:

Վերջերս մի հաղորդման ժամանակ 16-ամյա պատանին ասաց հետևյալը՝ «ա՜յ մարդ, ո՞ւմ ա պետք Հայաստանի գերբը ոնց կլինի՝ թող քաղաքականությամբ զբաղվեն»: Երկար մտածեցի դրա շուրջ ու հասկացա, որ կարող էի համաձայն լինել ու չլինել՝ կախված ենթատեքստից: Իսկ ահա երիտասարդի ասածը դեմագոգիա է:

Ճապոնիայում երեխաների երևակայությունը զարգացնելու համար նոր ձև են գտել. տալիս են անսահման շատ թուղթ ու գրիչ ու ասում՝ գծեր քաշի, որքան սիրտդ ցանկանա: Անընդհատ գծելով երեխան աստիճանաբար գիակցում է՝ ոչինչ աշխարհում սահման չունի ու ոչինչ դոգմա չէ: Միշտ կարելի է առաջ գնալ, միշտ կարելի է նոր բան անել:

Լրատվական կամ ժամանցային կայքերում աշխատողները գիտեն՝ դոգմատիկ է՝ թե նախադասության մեջ կա «սեքս» բառը կամ մի օլիգարխի մականուն, այդ նյութը շատ են կարդալու, իսկ ահա գրեթե գիտական մակարդակի ուսումնասիրություն դարձած հոդվածները ուղղակի բանի պետք չեն։ Դրանք կարդում է գրողը, խմբագիրը՝ այն էլ միայն խմբագրելուց, լավագույն դեպքում գրողի գործընկերը, այն էլ սխալներ գտնելու ակնկալիքով:

«Դոգման» դոգմա չէր լինի, Երևանն էլ՝ Երևան, եթե նրա համերգին, որը վերջերս կայացավ երևանյան փաբերից մեկում, 30-ից ավելի մարդ լիներ։ Մարդիկ, որոնք զուտ «կուլտուրայից» ելնելով չեն եկել, քանի որ կուրսեցիներն են կամ եղբայր ու ընկեր։ «Դոգման» ֆոլկ-մետալ ռոք խումբ է, որը երգել, նվագել է Ջեթրո Թալի հետ: Հենց այն հայտնի, աշխարհահռչակ Ջեթրո Թալի: Խումբն ունի մոտ երկու տասնյակից ավելի երգեր, բայց նրա ֆեյսբուքյան էջը լայքել են 3500-ից մի փոքր ավելի: Իսկ քանի՞ լայք ունեք դուք: Իսկ քանի՞սն ունեն այն բազմաթիվ ապատեղեկատվություն տարածող կայքերը, անիմաստ աստղերն ու աստղիկները:

Դոգմատիկ է, որ այն ինչ պոպուլյար է, հիմնականում անորակ է: Ոչ, այդպես է միայն Հայաստանում կամ համարյա միայն Հայաստանում: Դոգմատիկ է, որ ֆեյսբուքյան լայքերը ոչնչի մասին չեն խոսում, դոգմատիկ է, որ նեո-սոցիալական այս միջավայրում խելոք բան գրելը պոպուլյար չէ: Կա մի նոր տենդեց, որի պրիզմայով այս հոդվածը դեմագոգիա է կամ տափակություն, կամ էլ անմտություն: Բոլոր որակումներն էլ տեղին կլինեն, միայն թե լինեն այդ դոգմաներից դուրս:

Այն «սոուսից», որ Երևանը 2780 տարեկան է ու դա էլ հերիք է, որ եթե հին շենք են քանդում, ուրեմն քաղաքը քաղաք չի՝ կորցրեց իր դեմքը, որ ճոխությունը վատ է՝ ռաբիզություն է, իսկ համեստությունը՝ վախկոտություն, որ եթե Թաթայի տակ պարում ես՝ ուրեմն անճաշակ ես, իսկ եթե «Դոգմայի» տակ գլուխդ թափահարում ես ուրեմն՝ վատ տղա-աղջիկ... 

Ցանկը կարելի է անվերջ շարունակել, դոգմաների պակաս չկա: Իսկ քաղաքը շնչել է ուզում՝ առանց դոգմաների ու աքսիոմների՝ բազմազան ու բազմաճաշակ: Տարբեր քաղաքն ու ոչ անտարբեր քաղաքացին սարքում է Երևանը: Ու քաղաքացուց է կախված՝ արդյոք այն կլինի գորշ ու միատարր, թե բազմագույն ու բազմաշերտ: Սա դոգմա է:

Այս թեմայով