01 Մարտ 2013, 19:15 | Հովհաննես Թեքգյոզյան | Վիկտորյա Շահբազյան

Վարք՝ սպիին

Իննսունականների վերջին Երևանը ձմռանը կաշեպատվում էր: Ավելի ճիշտ՝ կաշվե վերարկուապատվում: Կաշվե պլաշչներով թիկնեղացած, երբեմն էլ՝ կիսագողականացած նորասունկ բիզնեսմենները հաճախ էին ծլում կինո «Նաիրիի» կլեչատնի սփռոցներով սեղանների մոտ: Քաղքի տղերք ու գեղիզմի հարձակումից չվախեցող գրեթեմայրաքաղաք...

Էդ կիսակապիտալիստական միջավայրում ընկերս՝ Էդգարը, որոշեց բիզնես դնել: Եվ քանի որ մենք թատերականի երկրորդ կուրսի ուսանողներ էինք, մեր բաժին գործն էլ ամանորի ներկայացման գրդոնը պիտի լիներ: Տքնաջան որոնումների արդյունքում վերջապես հայտնվեց մի սովետական, ինտելիգենտ ադմինիստրատոր, որը, պարզվեց, նաև ռեժիսոր է:

- Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք պարտավոր ենք միջամուղ լինել տխրության և ցավի միջև, - ադմինստատիպ ռեժիսորի բառապաշարը տիպիկ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրային էր,-...սեպ խրել դրանց արանքը և ուրախացնել դժվարությունների առաջ չերկնչող մեր ազգաբնակչությանը:

Միջամուղ եղանք, բարեհաջող ձևով խրեցինք՝ որոշելով բեմադրել Անդերսենի «Ձյունե թագուհին»: Ազդագրերը փակցվեցին, ուրբաթ օրը նշանակվեց մեր դարակազմիկ ներկայացման պրեմիերան:

Այդ ընթացքում կինո «Նաիրիում» ունենալով մուտքուելքի լիակատար ՎԻՊ իրավունք՝ մեզ կարևոր արվեստագետներ էինք զգում: Մանավանդ, որ մեր ամենակարող հովանավորը, պարզվեց, միայն Հայաստանի աշխատավորուհիների հետ չէ, որ շփվում է: Մի գեղեցիկ երեկո (իսկ այդպիսինները գերիշխում էին դեկտեմբերյան Երևանում) նա հայ աշխարհահռչակ, կրկնում եմ՝ աշխարհահռչակ, օպերային երգչուհի Պրիմա Դանդուրյանի հետ (պայմանական անուն է երգչուհու անհաս փառքին ստվեր չնետելու համար) հանդիպում կազմակերպեց: Աշխահահռչակը, ի նշան էլիտարության, ապրում էր, լավ չեմ հիշում Սամարայո՞ւմ, թե՞ Ռոստովում: Խորը լանջաբացվածքով զգեստ հագած եկավ կինո «Նաիրի» ու միանգամից հասկացավ, որ եթե հանդիպումը չխափանի՝ սաթրջանախտ կկպնի: Այդ իսկ պատճառով նա, օպերային երգչուհուն հատուկ պաթոսով, սկսեց ժխտել այն բոլոր գերադրական ածականները, որոնք մեր մենեջերը փորձում էր նրան կպցնել:

- Մեր այսօրվա հերոսուհին երգել է տարամ, տարամ, տիտամ տիկամ-ում՝ չհաշված շրջակա գյուղերի ակումբները: Նա աշխարհահռչակ երգչուհի է:

- Ես աշխարհահռչակ չեմ, - երգչուհին բելկանտոյով սկսեց մունաթ գալ:

- Աշխարհահռչակ եք...

- Չեմ...

- Եք...

Աշխարհահռչակի դափնին մի քանի անգամ երգչուհու ու նրա իմպրեսայրիոյի մեջ գնաց-էկավ, գնաց-էկավ, գնաց-էկավ, մեկ էլ՝ ըհը՝ հոսանքն անջատվեց: էդ էր ու էդ՝ երգչուհին տեղն ու տեղը թռավ, հյուրերի փողերն էլ կոմպենսացնելու համար իմպրեսարիոն բոլորին հաջորդ օրը՝ առավոտյան մեր տոնածառային ներկայացմանը հրավիրեց: Բայց դե խեղճը դեռ չէր տեսել, թե ոնց ենք «Ձյունե թագուհին» բեմադրել: Ու որպեսզի տեսնի, առավոտյան իննին փակ դիտում նշանակեց: Բայց ի՜նչ դիտում: Ներկայացումը նոր էր սկսվել, երբ հանձինս ինձ՝ բեմ ներխուժեց մի ոռնացող ծաղրածու, ում գժական ծղրտոցից մեր իմպրեսարիոյի մազերը միանգամից բիզ-բիզ կանգնեցին ու նույնքան ակնթարթորեն էլ՝ թափվեցին: Հետո բեմ մտավ Կայը, որը, չգիտես ինչու, միանգամից սկսեց հայկական լացուողբով ինչ-որ ռաբիս երգ երգել, ապա՝ Հերդան... «Ձյունե թագուհին» ներկայացման մեջ Հերդան խուլուհամր էր, պատճառը շատ պարզ էր. նա, չնայած լինելով Էդգարի ընկերուհին, այնուամենայնիվ, բոլորովին կապ չուներ թատերական աշխարհի հետ, կյանքում նույնիսկ թատրոն չէր գնացել, թեև դեմ չէր մասնակցել մեր գրդոնին: Մի խոսքով, խուլուհամր Հերդայի բոլորովին անկապ գոյությունը չկարողացավ կապակցել նաև Ձյունե թագուհին՝ մեր շարքերում հայտնված Բրյուսովում սովորող մի ուսանողուհի, որը Լապլանդիայում ապրող թագուհուն միանգամից ռուսախոս դարձրեց: Իսկ Կայի ռաբիս-չդադարող կլկլոցից (այն ժամանակ հայկական շոու-բիզնեսը դեռ քարե արմատներ չէր գցել) ադմինստատիպ ռեժիսորի քթից սառցե քյաբաբներ կախվեցին:

Բայց դե եղածը եղած է: Խեղճը մի սալիկ վալեյդոլ առանց հաբերը սալիկից զատելու ծամեց ու հրամայեց հանդիսատեսին ներս թողնել: Երբ դահլիճը լցվեց՝ նա դողդողջյուն քայլերով բեմ բարձրացավ և հայտարարեց:

- Հարգելի հանդիսատես, այն ինչը հիմա դուք կտեսնեք, պատրաստել են ոչ աշխահահռչակ դերասաններ, սակայն այն ուղղակիորեն կապվում է այս օրերին մեր քաղաքում տիրող ընկճախտի հետ... Եվ, ինչպես ասել է մի իմաստուն մարդ, ընկճախտը նորագույն ապագայի սկիզբն է, այդ իսկ պատճառով խնդրում եմ, հարցին ըմբռնումով մոտենալ ու չճախտվել...

Ընկճախտվելը կամ չճախտվելը էլ ո՞նց է լինում... Ծաղրածուի զգեստով իմ հայտնությունից ցնցված մի քանիսը միանգամից լեղաճաք եղան, մյուսները համարյա աղիքների ոլորում ստացան ոչ բվվացող, ոչ գվվացող Հերդայի ձգձգված ու էդպես էլ ՝ չխաթարված լռությունից, իսկ Ձյունե թագուհու ռուսախոս բարբաջանքից որոշ ազգայնականների ենթագիտակցության շերտերից դուրս պրծան իմացած բոլոր հայհոյանքները: Էդ տհաճ համուհոտային բառապաշարով էլ համեմված մի կոշիկ թռավ և տուր, թե կտաս՝ ուղիղ քիթ-մռութիս: Հասկանալով, որ մեր բիզնեսը ոտնատակ են տալիս կաշվեվերարկու քաղքեցիները, միակ բանը, որ հասցրեցինք անել, լեղապատառ փախչելն էր: Փախչելը՝ փախչել, բայց... Արյունլվիկ մռութով ու ծաղրածուի շորերով վազում էի պրոսպեկտով՝ հայհոյելով Անդերսենին էլ, ռեժիսորատիպ ադմինիստրատորին էլ, Էդգարին էլ... Չէ, գոնե էդ հարցում հերթը ինձ չհասավ:

Մի խոսքով, մեր դարակազմիկ ներկայացումը, գրաքննության դաժան ճիրաններում հայտնվելով, փակվեց, գրդոն-բիզնեսը խափանվեց, մնացի քոռ ու փոշման՝ բերանիս վրայի փոքրիկ սպիով… 

Այս թեմայով
Թեմայի քննարկում
Նախագծեր
Ժամանակի պարույրը

Միայն հաջորդող գալարների բարձրությունից հետ նայելով կարելի է տարբերել հիմքը մասնիկներից ու գիտակցել մնայուն արժեքների գինը:

Հասարակություն
Գայդարի գլուխը

Կամերային թատրոնը կարելի է համարել մեր բոլոր թատրոններից ամենաքաղաքայինը: