20 Հունիս 2013, 22:19
307 |

Հովանոցը՝ որպես տանիք

Ամբողջ աշխարհում փախստականների օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են արդեն երկար տարիներ, իսկ այս տարի նրանց միացավ նաև Հայաստանը: Երթի շուրջ 100 մասնակիցները «զինված էին» ոչ միայն հովանոցներով, այլև փուչիկներով և շապիկներով, որոնց վրա խորհրդանշական կերպով պատկերված էր փախստականը, որին երկու կողմից տանիքի պես պաշտպանում են ձեռքերի ափերը: «Փախստականներն այսօր ամենաանպաշտպան մարդկանց թվում են, նրանք ստիպված են նոր կյանք սկսել, որը սովորաբար բնավ քաղցր չէ, շատերը տարիներով օթևան չեն ունենում: Նրանց պետք է սատար կանգնել, օգնել այն ամենով, ինչով կարող ենք: Սպիտակ հովանոցներով երթը խաղաղություն է խորհրդանշում, սա ոչ միայն Փախստականների միջազգային օրվան է նվիրված, այլև հարգանքի տուրք է նոր կյանք սկսելու համար իրենց մեջ ուժ գտած մարդկանց: Հովանոցները խորհրդանշում են յուրօրինակ տանիք հարկադիր տեղահանվածների համար»,- նշում է երթի կազմակերպիչներից մեկը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակից Լաուրա Սամվելյանը:

Երթի մասնակիցները հավաքվեցին Հանրապետության հրապարակում, որտեղից քայլերթ կատարեցին փոքր կենտրոնով մեկ: Երկար երթուղին նպատակ ուներ անցորդների ուշադրությունը գրավել: Ճանապարհին երթի մասնակիցները վանկարկում էին «Նույնիսկ մեկ փախստական՝ առանց հույսի, շատ է», «Նույնիսկ մեկ փախստական՝ հետ ուղարկված վտանգավոր վայր, շատ է», «Նույնիսկ մեկ ընտանիք, որը ստիպված է փախուստի դիմել, շատ է», «Նույնիսկ մեկ երեխա՝ առանց քաղաքացիության, շատ է» և այլ արտահայտություններ, որոնք ամեն կերպ մատնանշում էին փախստականի կարգավիճակի անթույլատրելիությունն ու նրանց սատարելու, հարկադիր տեղահանման դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Այս թեմայով