2014-ի ռազմական տարեգրությունը. տղաներ, որոնց շնորհիվ կարողացանք հանգիստ քուն մտնել ու արթնանալ:
Ծանր տարի էր 2014-ը: Ժամանակ առ ժամանակ լրատվական կայքերի գլխագրերում ու թերթերի առաջին էջերին հայտնվում էին տողեր, որոնք դժվար էր կարդալ. «Երեկ սաhմանին հրադադարի խախտման հետևանքով զոհվել է զինծառայող….»:
Եռաբլուրը հրադադարից հետո ոչ մի տարի այնքան զինվոր չընդունեց, ինչպես 2014-ին: Ւսկ իրականում հրադադարի հուրը երբեք էլ չդադարեց կյանքեր խլել: Imyerevan.com-ը իր տարեկան ամփոփիչ հոդվածներից ամենաերկարը այս մեկի վրա աշխատեց: Սա ոչ տասնյակ է, ոչ էլ մեկ այլ թվով պայմանավորված ցուցակ:
Ըստ բաց աղբյուրների՝ հայկական բանակը 2014-ի հունվար-դեկտեմբերին ունեցել է 45 մարտական և ոչ մարտական կորուստ: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի պատմությունները: Հուսանք, որ գալիք տարին խաղաղություն կբերի, և լրահոսում այլևս չենք տեսնի մահ գուժող հաղորդագրություներ:
Արմեն Հովհաննիսյան
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում արձանագրվեցին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր:
Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը մի քանի ժամ կռվեց հակառակորդի մեծաթիվ ուժերի դեմ, զոհվեց ստացած հրազենային վիրավորումից:
Ազատ Ասոյան
Ազատ Ասոյանը զոհվել է հուլիսի 31-ին՝ մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ մղելիս: Հակառակորդն այս օրը կրեց բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվեց:
Արարատ Խանոյան
Արարատ Վաչիկի Խանոյանը ընկավ նույն՝ հուլիսի 31-ին դիվերսիան հետ մղելիս: Սարդարապատ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկը կրում է Արարատ Խանոյանի անունը։
Նորայր Քամալյան
Հուլիսի 31-ի դիվերսիայի օրը ծանր մարմնական վնասվածքներ ստացավ ժամկետային զինածառայող Նորայր Քամալյանը: Նա անզեն մարտի էր բռնվել հակառակորդի հետ՝ ստանալով դանակի բազմաթիվ հարվածներ ու հրազենային վնասվածք: Երկար բուժում ստանալուց հետո Նորայը զորացրվել ու շարունակում է տնային բուժումը:
(Լուսանկարը՝ hetq.am-ի)
Օդաչուներ Սերգեյ Սահակյան, Ազատ Սահակյան եւ Սարգիս Նազարյան
Նոյեմբերի 12-ին Արցախում ընթանում էր լայնամասշտաբ զորավարժություն: Դրան մասնակցող «Մի-24» ուղղաթիռներից մեկը խոցվեց հակառակորդի կողմից:
Անձնակազմի երեք անդամների ճակատագիրն անհայտ էր այնքան ժամանակ, մինչ հետախուզական գործողության արդյունքում տարհանվեցին երկու օդաչուների մասունքներն ու մեկի դին: Մինչև հատուկ գործողությունը միջազգային կառույցներն ու ՀՀ ԱԳՆ-ն իր բոլոր լծակներով չկարողացան թույլտվություն ստանալ մոտենալ ուղղաթիռի ընկած վայրին:
Խոցված «Մի-24»-ի անձնակազմի անդամներն էին մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։
Սարգիս Մովսիսյան
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ ձեռնարկեց հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ։ Առաջխաղացումը կասեցնելիս կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը ծանր վիրավորվեց և օգոստոսի 3-ին մահացավ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Օգոստոսի 1-ի գիշերը զոհվեց նաեւ ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը:
Արամ Գրիգորյան
1971-ին ծնված պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Արամ Գրիգորյանը օգոստոսի 4-ին Քարվաճառի շրջանում զոհվել է դիպուկահարի գնդակից:
Գարիկ Իսպիրյան
Դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության ընթացքում զոհվեց ՊԲ զինծառայող, 19-ամյա Գարիկ Իսպիրյանը: