27 Դեկտեմբեր 2014, 16:37
2039 |

7 բարեգործական նախագծերը

2014-ը բարեգործական տարի էր: Imyerevan.com կայքը չէր կարող ձեռքերը ծալած նստել. այս տարի, օրինակ, հասցրեց սահմանամերձ Չինարի համայնքի երեխաներից շատերի երազանքներն իրականացնել: Անցնող տարի հասարակության ուշադրությունը մեծամասամբ սևեռված էր երեխաների ուղղությամբ, ինչը չէր կարող չուրախացնել: Ներկայացնում ենք 2014-ին Հայաստանում կազմակերպված 7 առավել աչքի ընկած բարեգործական նախագծերը:

Չինարի. պատմություն մի բեռնատար երազանքի մասին
Հունիսի մեկին imyerevan.com կայքը հրապարակեց չինարեցի 11 երեխաների երազանքների մասին պատմող հոդված: Երազանքները քնեցնել չի կարելի, դրանք ինչ-որ մի օր պիտի իրականություն դառնային: Կայքը մի քանի շաբաթում հավաքեց բոլոր անհրաժեշտ միջոցները, բեռնատար վարձեց ու հեծանիվներով, գնդակներով, ֆուտբոլային դարպասներով, բռնցքամարտի ձեռնոցներով, կիթառներով, կիմանոներով, գույնզգույն ներկերով և էլի հազար ու մի երազանքներով բեռնված մեկնեց Չինարի:

Կանանց զբաղվածության բարձրացմանը միտված տոնավաճառ
Դեկտեմբերի 6-ին Երևանի միջազգային կանանց ասոցիացիան (IWAY) Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպեց ամանորի տոնավաճառ: Հավաքված գումարն ուղղվեց Գորիսում կանանց զբաղվածության մակարդակը բարձրացնելուն: 10 երկրից բերված ձեռքի աշխատանքների, քաղցրավենիքի ու այլ իրերի վաճառքից ստացված գումարով որոշվեց 20 դազգահ գնել, գորիսցի կանանց սովորեցնել տրիկոտաժ պատրաստելու, գորգեր ու կարպետներ պատրաստելու արհեստը: Մի քանի տասնյակ ընտանիք ապրուստի հավելյալ միջոց կունենա, տարածաշրջանում էլ կնվազի բրդի ավելցուկը:

 


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը
Այս տարի ամենամյա մարաթոնը 12.399.550 ԱՄՆ դոլար հավաքեց: Գումարները կօգտագործվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 116 կիլոմետրանոց հատվածն ավարտին հասցնելու, ինչպես նաև նվիրատուների ընտրած մի քանի բարեգործական նախագծերի իրականացման վրա: Ավտոճանապարհը ռազմավարական նշանակություն ունի և կարճ ճանապարհով իրար կկապի հայկական երկու հանրապետությունները:

 


Բարեգործական աճուրդ «Սպորտը հանուն կյանքի»
Դեկտեմբերի 12-ին «Ամերիա» ընկերությունների խումբը «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպեց ամենամյա 5-րդ բարեգործական աճուրդը: «Սպորտը հանուն կյանքի» աճուրդի ժամանակ ներկայացված էր 22 լոտ, որոնց թվում էին Հենրիխ Մխիթարյանի, Ռոման Բերեզովսկու, Վիկ Դարչինյանի, Արթուր Աբրահամի ստորագրությամբ սպորտային պարագաներ, հայտնի ֆուտբոլիստների մարզաշապիկներ, հազվագյուտ լուսանկարներ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների մակագրությամբ գնդակներ և այլն: «Սպորտը հանուն կյանքի» բարեգործական աճուրդի ժամանակ հավաքվեց 30 մլն 600 հազար դրամ: «Ամերիա» ընկերությունների խումբն իր կողմից կրկնապատկեց գումարը, որը կուղղվի ծանր հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը:

 


Բարեգործական համերգ ի օգնություն Իրաքի եզդիների
Սեպտեմբերի 4-ին «Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը Աժգային ժողովի օգնությամբ կազմակերպեց բարեգործական միջոցառում: Խորհրդարանի բակում անցկացված համերգին մասնակցեցին բազմաթիվ ճանաչված խմբեր ու երգիչներ, որոնց թվում էին Արտո Թունջբոյաջյանը, Արամ MP3-ը, «Ոստան հայոցը», «Բամբիռը», «Դորիանսը», Empyray և The Beautified Project խմբերը:

 


Վերելակ Գավառի հատուկ դպրոցի համար
Հատուկ դպրոցը տեղակայված է Սևանա լճից ոչ հեռու` Գավառում: Այն տարբեր կարգերի հաշմանդամություն ունեցող 60-ից ավելի երեխաների օգնում է կրթվել ու ինտեգրվել հասարակությանը: Դպրոցի հիմնական խնդիրը վերելակի բացակայությունն էր, ինչն էլ դժվարացնում էր երեխաների տեղաշարժը: AYO ֆոնդի հավաքած միջոցներով այդքան պահանջված վերելակը վերջապես հասավ Գավառի դպրոց:

Երեխաներն արհեստ են սովորում
Ասում են. «Սոված մարդուն ձուկ տուր, և նա կուշտ կլինի մեկ օր, սովորեցրու նրան ձուկ որսալ, և նա կուշտ կլինի ամբողջ կյանքի ընթացում»: Հենց այս գաղափարախոսությամբ էլ ծրագրած էր «Օրրան» բարեգործական կազմակերպության նախագիծը: Դրա շրջանակում ամեն տարի Հայաստանի տարբեր շրջաններից անապահով ընտանիքների 25-30 երեխա վարպետի մոտ մի արհեստ է սովորում: Երեխաները ուսանում են ավտոմեխանիկի, վարսավիրի, հրուշակագործի, ֆլորիստի, հացթուխի և այլ մասնագիտություններ: Նախագիծը երկու նպատակ է հետապնդում. հոգալ անապահով ընտանիքների օրվա ապրուստն ու երկրում բարձրացնել զբաղվածության մակարդակը:

Այս թեմայով