Լյուդովիկոս 14-րդի, Նապոլեոն Բոնապարտի, պարսից Ֆաթալի շահի, մի շարք ռուս գահակալների, կոմսերի, իշխանների, ու զորավարների ինքնագիր նամակներն ու գրությունները նվիրել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
Բարսեղ Կորգանովը(Ղորղանյան) հայտնի է որպես երաժշտագետ, քննադատ և հրատարակիչ: Նա ազնվական տոհմի շառավիղ է, ծնվել է արվեստի գործիչների ընտանիքում: Նա երաժշտագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է: Ամուսնացել է Ալեքսանդր Մանթաշովի դստեր հետ: Կյանքի ընթացքում ստեղծել է զգալի մեծ հավաքածու, որն իր մեջ պարունակում է Եվրոպայի և Ռուսաստանի ոսկե դարի ներկայացուցիչների ընծայագրերը՝ Բեթհովեն, Վերդի, Ռուբինշտեյն, Չայկովսկի, Մենդելսոն, Սեն-Սանս: Մակագրված գրքերի մի մասը նվիրաբերվել է Ազգային գրադարանին: Իսկ հավաքածուի ունիկալ նյութերի մասը՝ Լյուդովիկոս 14-րդի, Նապոլեոն Բոնապարտի, պարսից Ֆաթալի շահի, մի շարք ռուս գահակալների, կոմսերի, իշխանների, ու զորավարների ինքնագիր նամակներն ու գրությունները նվիրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
Հատկապես հետաքրքիր է Նապոլեոն I-ի ձեռագիրը: Այդ ինքնագիրը գահահրաժարականի ակտի սևագրությունն է, գրված հենց իր՝ Նապոլեոն I-ի ձեռքով, Ֆոնտենբլոյում, 1814 թվականի ապրիլի 14-ին: Ձեռագրում ասված է. «Քանի որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, կայսրը հավատարիմ իր երդմանը, ազդարարում է, որ նա հրաժարվում է իր և ժառանգների օգտին Ֆրանսիայի և Իտալիայի գահերից և չկա անձնական այնպիսի զոհաբերություն (նույնիսկ կյանքը) որ նա պատրաստ չլիներ նվիրաբերել Ֆրանսիայի շահերին»:
Կորգանովի գրառումները տեեկացնում են, որ Նապոլեոն I-ի ձեռագիրը Նիկոլայ I-ի անձնական արխիվից ընկել է նրա համհարզ, գեներալ Աստաֆևի ձեռքը, այնուհետև փաստաթուղթն անցել է նրա որդուն, ապա թոռանը՝ աղքատացած ազնվական Աստաֆիևին: Վերջինս Թիֆլիսում այդ ձեռագիրն առաջարկել է գրասեր իշխան Արղութինսկուն: Իշխանն այդ փաստաթուղթն ուղարկել է Վ. Դ. Կորգանովին, որն այն ժամանակ հռչակված էր որպես կոլեկցիոներ:
Հարկավոր էր համեմատել ձեռագիրը, հավաստել նրա իսկությունը: Այդ սևագիրը ստուգվել է փաստաթղթի հրատարակված օրինակի հետ: Իսկ 1912 թվականին Կորգանովը Փարիզում այն ցույց է տվել ակադեմիկոս, նապոլեոնագետ Ֆրեդերիկ Մասոնին, որը, տեսնելով ձեռագիրը, վճռականորեն հայտարարել է, որ կասկածներ չկան, դա Նապոլեոն I-ի ձեռագիրն է: Մասոնի գնահատմամբ, այդ ինքնագրի արժեքն է մոտ տասը հազար ֆրանկ: Սակայն Կորգանովը երբևէ չի էլ մտածել այն վաճառելու մասին։ 1930-ին իր հավաքածուի մյուս արժեքավոր նյութերի հետ միասին, նա այն հանձնեց թանգարանին: