15 Դեկտեմբեր 2014, 15:02
4167 |

10 հայկական հուշարձաններ աշխարհում

Հայ գործիչները հայտնի են ոչ միայն Հայաստանում։ Գրեթե բոլոր երկրներում հիշում և գնահատում են հանրահայտ հայ գործիչներին։ Imyerevan.com ներկայացնում է 10 հայկական կարևոր հուշարձան, որը գտել ենք ArmenianNavigator հավելվածում:

Կոմիտասի հուշարձանը Փարիզում
Դեռ 1978-ին Փարիզի հայ համայնքը դիմեց քաղաքապետարանին՝ հայ կոմպոզիտոր Կոմիտասի և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կառուցելու թույլտվության խնդրանքով։ Թույլտվությունը ստացան, բայց կառուցման նախագիծն օդից կախված վիճակում մնաց քսան տարի շարունակ։ Եվ միայն այն բանից հետո, երբ 2001-ին Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915-ի հայոց ցեղասպանությունը, սկսվեցին տեղադրման աշխատանքները։ Հուշարձանը բացվեց 2003-ի ապրիլի 24-ին, արձանի հեղինակն է անվանի հայ ճարտարապետ և նկարիչ Դավիթ Երևանցին։ Հուշարձանը գտնվում է Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, որտեղ գտնվում են նաև Ելիսեյան պալատը և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ 2009-ին Կոմիտասի արձանին հարող փոքր այգին վերանվանվեց «Երևան»։

 


Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Սիդնեյում
1989-ի ապրիլի 23-ին Սիդնեյի Մաքուարի այգու գերեզմանային հատվածում կանգնեցվեց Օսմանյան կայսրությունում 1915-1923-ի Ցեղասպանության զոհերի հուշաարձանը։ Այն նախաձեռնեցին Սիդնեյի հայկական Սուրբ Հարություն եկեղեցին և Հույսի հայկական ընկերությունը։ Արձանն իրենից ներկայացնում է երկու քարե սալով շրջապատված մետաղյա մեծ խաչ։ Արձանի հեղիանակներն են ճարտարապետներ Խանջյանը և Սայադյանը։

 

 


Վառնայում Անդրանիկ Օզանյանին նվիրված հուշարձանը
Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոս գեներալ Անդրանիկ Օզանյանին (Զորավար Անդրանիկ) նվիրված հուշարձանը կանգնեցվեց Վառնա քաղաքում 2011-ի հուլիսի 8-ին քաղաքապետ Կիրիլ Յորդանովի և հայ համայնքի նախաձեռնությամբ։ Հենց նույն օրը Գալաթա թաղամասի հրապարակը, որտեղ կանգնեցվել էր արձանը, վերանվանվեց զորավարի անունով։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Բուլղարիայում հայ համայնքի ղեկավարները և գեներալի թոռը՝ Վարդան Նարանյանը։ Արձանի երկարությունը վեց մետր է։

 


Նուբար Փաշայի արձանը Ալեքսանդրիայում
Եգիպտոսի առաջին վարչապետի հուշարձանը կանգնեցված է Ալեքսանդրիայի ազգային օպերային թատրոնի հարևանությամբ։ Վարչապետը հայկական ընտանիքից էր։ Կյանքի ընթացքում Նուբար Փաշան այս պաշտոնը զբաղեցրել է երեք անգամ 1878-ից մինչը 1879-ի փետրվարի 23-ը, 1884-ի հունվարի 23-ից 1888 -ի հունիսի 9-ը և 1894-ի ապրիլի 16-ից 1895-ի նոյեմբերի12 –ը։

 


Գրիգոր Լուսավորչի հուշարձանը Վատիկանում
Հայ Առաքելական եկեղեցու առաջին սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանում մարմարե քանդակ է՝ 5,7 մետր երկարությամբ և 26 տոննայից ավելի քաշով։ Հեղինակը ֆրանսիահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է։ Արձանն օծել է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը 2005-ի հունվարի 19-ին։ Հուշարձանի կանգնեցումը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին։ Քանդակը գտնվում է Վատիկանի հյուսիսային բակում, սբ Պետրոս տաճարի արտաքին պատի մոտ։

 


Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող Սան Պաուլոյում
1965-ի ապրիլի 24-ին Սան Պաուլոյում հայ համայնքի նախաձեռնությամբ սկսվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի շինարարությունը։ Մեկ տարի անց շինարարությունն ավարտվեց, և այն պատրաստ էր ընդունելու այցելուներին։ Պատին պորտուգալերեն գրություն կա՝ հայ գրող և փիլիսոփա Միքայել Նալբանդյանի բանաստեղծություններից մեկի մեջբերումը։

 


Սուրբ Բարսեղին նվիրված հուշարձան Սանկտ-Բլազիենեում, Գերմանիա
Հուշարձանը կանգնեցվել է 1714-ին։ Սուրբ Բարսեղը հայկական ընտանիքից էր, նա փիլիսոփա էր և բժիշկ։ Չնայած ծնողները հեթանոս էին, նա դարձավ քրիստոնյա, վարում էր բարեպաշտ կյանք, ինչի համար էլ կարգադրվել էր Եպիսկոպոս Սեբաստացի։ Դիոկլետիան կայսեր օրոք նրան տանջամահ արեցին։ Կաթոլիկները նրան համարում են բժիշկների և անասնաբույժերի, շինարարների ու գաջագործների հովանավոր։ Ռուսաստանում նա հայտնի է որպես Սուրբ Վասիլի, Իտալիայում՝ Սան Բիաջո, Իսպանիայում՝ Սան-Բլաս։

 


Սուրբ Սերվատիուսին Մաաստրիխտում, Նիդերլանդներ
Սուրբ Սերվատիուս (Սերվատիուս Մաաստրիխյան) ծնվել է Հայաստանում, մահացել 384-ի մայիսի 13-ին Մաաստրիխտում։ Նա Տոնգերենի (ժամանակակից Բելգիա) առաջին եպիսկոպոսն էր։ Կաթոլիկ եկեղեցում նրան հիշում են մայիսի 13-ին։ Նա Մաաստրիխտի, Գրիմբերգենի և Սխեյնդելի հովանավորն էր։

 


Արամ Խաչատրյանի արձանը Մոսկվայում
Հանրահայտ հայ կոմպոզիտորի և քաղաքական գործչի հիշատակին նվիրված հուշարձանը Մոսկվայում կանգնեցվել է 2006-ի հոկտեմբերի 31-ին։ Խաչատրյանին՝ տարբեր երաժշտական գործիքների շրջապատում պատկերած բրոնզե արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է, ճարտարապետը՝ Իգոր Վասկրեսենսկին։ Արձանը տեղադրված է այն տան մոտակայքում, որտեղ ժամանակին ապրել և ստեղծագործել է Խաչատրյանը։ Այն մոտ է նաև Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի շենքին, որտեղ սովորել և հետագայում դասավանդել է տաղանդավոր երաժիշտը։

 


Արմիկ (Հարություն) Դավթյանի կիսանդրին Թեհրանում
2012-ի հունիսի 29-ին Թեհրանում հայկական թեմի ղեկավար Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հովհանավորությամբ տեղի ունեցավ հասարակական-քաղաքական պատվավոր գործիչ, Իրանի ժամանակակից հոգեբուժարանի հիմնադիր, բժիշկ Արմիկ (Հարություն) Դավթյանի կիսանդրու բացումը։ Հեղինակը հայ քանդակագործ Գագիկ Ստեփանյանն է։

Armenian Navigator վերջերս թողարկվել է նաև հեռախոսային սարքերի համար IOS և Androidբազաների հիման վրա։ Նպատակը Հայաստանից դուրս գտնվող հայկական առարկաները մեկ հարթակում հավաքելն է։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է ինքնուրույն ավելացնել հանդիպած հայկական վայրերը՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով հայկական վայրերի համաշխարհային հանրագիտարանի ստեղծման գործում։

Այս թեմայով