Եթե մի հրաշքով կարողանայինք նախորդ դարի սկզբներից մի հասարակ երեւանցու քաշել-բերել մեր օրեր ու կանգնեցնել քաղաքի հենց կենտրոնում, խեղճը երեւի չճանաչեր սիրելի քաղաքը: Մի քիչ կպտտվեր, մահու չափ կվախենար ավտոմեքենաներից, բարձրահարկ շենքերից ու գիտե՞ք` ինչի՞ց կհասկանար, որ Երևանում է. իհարկե, կբարձրանար Սայաթ-Նովայով ու կտեսներ Կաթողիկե եկեղեցին:
Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում կանգնած Կաթողիկե սբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է 1264 թվականին։ Կառույցի արեւմտյան ճակատին կան 1284, 1229 և 16-րդ դարով թվագրված արձանագրություններ։
Ներկայից տեսքով եկեղեցին մեկ էլ եղել է մինչև 1679 թվականը: Այդ տարի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում կառուցվեց սբ Կաթողիկեն, որը քանդվեց արդեն խորհրդային տարիներին: Հին եկեղեցու գոյության վարկածը հաստատվեց դրա մասնակի քանդման ժամանակ, երբ բացվեցին եկեղեցու հարավային և հյուսիսային պատերը: Նորահայտ փոքրիկ եկեղեցին հնում կոչվել է Աստվածածին։ Հետագայում էլ պահպանել է իր անունը:
Երևանի նոր հատակագծի և փողոցների բարեփոխման ժամանակ 1936-ին Կաթողիկեն ընկավ սև ցուցակ: Դեկտեմբերից սկսեցին քանդել այն: Հուշարձանների պահպանության կոմիտեն և պատմության ու գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը, որի կազմում էին Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Հակոբ Մանանդյանը, կառավարությանը հորդորեցին դադարեցնել եկեղեցու քանդումը:
Երեւանի քաղաքային խորհուրդը որոշեց նորահայտ փոքրիկ եկեղեցին թողնել իր տեղում, 1938-ին դրա կողքին կառուցվեց դպրոցի շենք: 1943-ին այստեղ տեղափոխվեցին Գիտությունների ակադեմիայի լեզվի և տնտեսագիտության ինստիտուտները:
2009-ին Գարեգին Բ Կաթողիկոսի որոշմամբ ինտիտուտի շենքի տեղում սկսվեց առաջնորդանիստ սբ Աննա մայր տաճարի կառուցումը:
Մարդ չգիտի՝ կուրախանար 20-րդ դարասկզբի երևանցին, թե՝ ոչ, երբ տեսներ սիրելի եկեղեցին ու նորակառույց սբ Աննան: Հստակ է միայն մի բան՝ ամեն դար սրբության իր չափանիշն ու պատկերացումներն ունի: