11 Դեկտեմբեր 2014, 10:26
2181 |

Դռնեդուռ. մաս երրորդ

Ժամանակակից քաղաքում դռները կանգնած են փողոցների ու տների միջև, բայց աշխարհներ են բաժանում: Երբեք չես իմանա՝ ի՞նչ գույն, համ, հոտ ունի այդ աշխարհը, մինչև չհամարձակվես թակել անծանոթ դուռը: Ընդ որում, պետք է հաշվի առնել՝ ամեն թակած դուռ չէ, որ բացվում է: Բայց հանուն հազվադեպ բացվող դռների սովորություն ենք դարձրել թափառել Երևանի փողոցներով, փնտրել, գտնել ու հանդգնել օտար դռներ թակել:

Աբովյան 5/1
Երևանի հին շենքերից մեկը 21-րդ դարասկզբին տխուր օրեր է տեսել. լուռ ու անզոր հետևել է' ինչպես մի ամբողջ ընտանիքի տուն-տեղից զրկել են։ Այդ ժամանակ այստեղ Աստաֆյան հյուրանոցային համալիրն էր, հետո հյուրանոցին փոխարինեց Տերանովա հագուստի խանութը, այժմ Պասկուչի իտալական սրճարանն է։ Տարիների ընթացքում շենքի արտաքինը բազիմցս փոփոխություններ է կրել։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ անփոփոխ է մնացել ետնամուտքի ծանր ու մեծ փայտյա դուռը։ Թեև մուտքը միայն աշխատակիցների համար է, բայց այն գրավում է անցնող-դառնողներից շատերի ուշադրությունը։ Պատճառը դռան հայելի-ապակիներն են․ երիտասարդ սելֆիամոլները գայթակղությանը չեն դիմանում, թերևս չկռահելով, որ ներսից էլ հավերժացնում են իրենց՝ սելֆի անելու պահը: «Երբեմն դուրս եմ գալիս, ցույց տալիս իմ նկարածը։ Հաստատ ավելի հետաքրքիր նկար է ստացվում, քան իրենց սելֆին»,- ասում է անվտանգության աշխատակից Վարդանը։ Իրենց դռան առջև արված սելֆիները երբեմն սոցցանցերում է պատահաբար հանդիպում։ Սելֆիի գայթակղությանը չդիմացա նաև ես:

 

Բուզանդի 4
Տասներկու տարեկան է դուռը, բայց մի աչքով չնայե՛ք. «պստիկ է, բայց ճստիկ է»։ Նրանից առաջ շենքի քարերի ծանրությունն իր ուսերին մեկ այլ դուռ էր պահում․ տարիքն առած էր, ու ինչքան էլ փորձեցին փրկել, չստացվեց։ 2000 թվին որոշեցին ծերունու համար արժանի ժառանգ գտնել․ եկան, նկարեցին, ձևեցին-չափեցին այնպես, որ ջահելի «ոչ մի մազը ծուռ չստացվի»։ Նորեկին վստահեցին ծանր, բայց հաճելի գործը, հետն էլ՝ ծեր դռան պատմածը․«1885-ին շենքը մի բժիշկ կառուցեց ու իր ընտանիքով եկավ, հաստատվեց այստեղ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, 1910-ականներին մի քանի տարով Դրոն ապրեց, իսկ խորհրդային առաջին տարիներին այն տրամադրեցին ԿԳԲ-ին: Հետո ԿԳԲ-ն այլ շենք տեղափոխեցին, բայց շենքի սենյակները հանձնեցին աշխատակիցներին»։ Ջահել դուռը գործի անցավ 2002-ին։ Այդ պահից սկսած հետևում է հայ-ֆրանսիական կենտրոնի աշխատանքներին. դռներից այն կողմ՝ շենքի առաջին հարկում, նախշու՜ն գորգեր են պատրաստում։

 

Կողբացի 37
Դռնից ներս նախ հանդիպեցի բակի երեխաներին, հետո մեծերը եկան, ու միասին փորձեցինք ի մի բերել դռան պատմությունը։ 20-րդ դարի սկզբին դռնով ելումուտ են արել բակի ներկայիս բնակիչների պապերն ու տատերը։ Տղամարդիկ մատնացույց արին դռան վրայի սպիերն ու դաջվածքները՝ իրենց պապերի անուններով. երևում է, ժամանակին փոքրիկները շատ են ցավեցրել դռանը: Նաև ցույց տվին վերևի հատվածում ցցված մեծ-մեծ մեխերը, որ «հավանաբար դարբնի ձեռքի գործ են»: Հետո Գագիկ ձյաձյան մի պատմություն հիշեց․ «Մեկ-երկու տարի առաջ էր, մի անծանոթ տղա եկավ մեր բակ։ Մոտեցավ մեզ, թե՝ «դուռը քանիսո՞վ կծախեք»: Սկզբում մտածեցինք՝ կատակ է անում, բայց երբ խոսակցությունը լրջացավ, ուղղակի ասեցինք, որ չի վաճառվում։ Էս դուռը մեզնից հին է, ի՞նչ իրավունքով իր տնից դուրս անենք»։

 

Հանրապետության 32
Մոտ 30 տարեկան դուռն ունեցել է իր նախատիպը, որից ժառանգած պատմություններն աչքի լույսի պես փայում-փայփայում է։ 1876 թվականին կառուցված շենքը, որին հաջորդաբար պահակություն են արել երկու դռները, սկզբում ծառայել է որպես պարսիկ հյուպատոսի աշխատասենյակ, իսկ խորհրդայնացումից հետո մի քանի տարի այստեղ հարմար տեղավորվել է Հայկական օգնության կոմիտեն՝ Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ։ Մոտ կես դար այն ձեռքից ձեռք է անցել, 1964-ին պատմական շենքում Մարտիրոս Սարյանի թեթև ձեռքով հիմնադրվել ու մինչ օրս շարունակում է գործել Պատմական հուշարձանների պահպանման հայկական կենտրոնը։ Հին դռան փոխարեն շենքին նոր ու ամրակազմ պահակ կարգելու միտքը ներկայում կենտրոնի նախագահի պաշտոնակատար Միքայել Հարությունյանինն է եղել։ Ասում է. «շատ էր քայքայվել, փրկել անհնար էր»։ Մեկ անգամ այս դռնից ներս ոտք դնողը միշտ ուզելու է վերադառնալ․ Երևանի ամենասիրուն շենքերից մեկը աննկարագրելի նախշուն է նաև ներսից։ imyerevan-ը բացահայտել է հին տան պատմությունն ու գաղտնիքները:

 

Հանրապետության 38
Լցնովի գարեջուր, ձուկ, ռակ, խաշ․․․ Դարպասից ներս կարելի է մի կուշտ փոր հաց ուտել, մի թեթև էլ հարբել' արդեն մոտ քսան տարի։ Քաղաքի կենտրոնում՝ հալալ-զուլալ երևանցիներից մեկի բակում տեղավորված բացօթյա գարեջրատունը թափառումների արդյունքում գրանցած նոր բացահայտումներիցս էր։ «Դուռը հին է, շատ հին, երեք սերնդի է ծառայել»,-ասում է տիկին Լարիսան, ում ձեռքի պատրաստածն էլ համտեսում են գարեջրատան այցելուները:

 

Զաքիյան 8
Դռան ու շենքի անցյալի էջերի ամենալավ գիտակը Ռոբերտ Ավագյանն է: 1940 թվականին շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում է ծնվել, հենց բնակարանում: Ասում է՝ 1932 թվի շենք է: Սկզբում ներսում տիկնիկային թատրոն էր գործում, դասընկերների հետ հատկապես ձմեռվա ցուրտ եղանակին ամբողջ օրն այնտեղ էր անցկացնում: Հետո տիկնիկայինը տեղափոխեցին, իսկ շենքը դարձրին հանրակացարան՝ դերասանների համար: Ռոբերտը Ֆրունզիկին անձամբ է ճանաչել: Հիշում է. «Մեր տուն էլ շատ էր գալիս, մորիցս թթու էր ուզում: Իսկ ինքը շատ քաղցր մարդ էր. կատակչի էր, ամեն բերան բացելը հումոր էր: Հենց խոսում էր, մենք ուշաթափ էինք լինում»: Մի քանի տարի անց՝ 60-ականներին, դերասաններին էլ հանեցին: Շենքը դռները բացեց որպես Երևանի տուրիստական էքսկուրսիոն միավորում, որի հետքերը կես դարից ավելի պահպանվում են դռան անմիջապես վերևում՝ հայատառ, նաև՝ ճյուղերի մեջ խեղդված ռուսատառ տարբերակներով: «Այսօր դռնից հիմնականում Էլեկտրիկներն են ներս-դուրս անում: Ես էլ նրանց հաճախ հյուր եմ գնում, ներս եմ մտնում, հետները զրուցում»,-ասում է Ռոբերտը: Հենց էլեկտրիկների միջոցով էլ գտել էի Ռոբերտին՝ շենքի դիմացի այգու տարածքում: Զգուշացրել էին՝ շատախոս է:

 

Մաշտոցի պողոտա
Շենքի առաջին հարկի բնակիչ Հասմիկ Սեդրակյանը հավատացնում է, որ ինչ ինքը հարս է եկել (1974 թվին), դուռը չի փոխվել: Ներկվել է, բայց չի փոխվել: Շենքի մյուս մուտքերի դռները փոխել են, ամուր կողպեքով մետաղյա դռներ են շարել: «Բայց մեր դուռն ամենասիրունն ա»,-ասում է Հասմիկը: Հիշում է, որ մի ժամանակ այս կողմերում գողությունները շատ էին, ու գողերը բաց դռնով ելք ու մուտք էին անում, հետո սկսեցին դուռը փակ պահել: Հիմա օրվա մեծ մասը դուռը կրկին բաց է, իսկ այն նկարելու թույլտվության համար հարևաններն ինձ ուղարկեցին շենքի կիսանկուղային հարկ: Համակարգիչների վերանորոգման կենտրոն է, որի աշխատակիցներն են երեկոյան դուռը փակում: Կարոն հինգ տարի այստեղ է աշխատում: Մի անգամ վարպետ է բերել, որ դուռը վերանորոգի, սակայն վերջինս խորհուրդ է տվել նորոգելու փոխարեն նոր դուռ գնել: Բայց թե՛ Կարոյին, թե՛ շենքի բնակիչներին դուռը դուր է գալիս, փոխելու մտադրություն դեռևս չունեն:

 

Այս թեմայով