30 Նոյեմբեր 2014, 11:14
3254 |

Բեռլինի մարմնի «դաջվածքները»

Պատանկարիչները վաղուց արդեն ցուցադրվում են պատկերասրահներում, այնպես որ գրաֆիտիստին անօթևան ավազակի հետ նույնացնելն այլևս արդիական չէ:

Բեռլինը համարում են կոնտրաստների քաղաք: Այդպես էլ կա, պարզապես եթե չուզենաս բացահայտել այդ կոնտրաստները, այն քեզ համար կտպավորվի որպես միապաղաղ և անգամ ձանձրալի մի քաղաք, որտեղ ամեն մեկն իր գործին է, իսկ փողոցներն այնքան լայն են, որ երբեք եռուզեռ չի լինում, նույնիսկ եթե առավոտյան պիկ ժամին ես դրսում հայտնվել: Երկու աշխարհամարտ, ֆաշիզմ, ստորացուցիչ պարտություն, երկատում՝ սրանք դեռ այն բոլոր փորձությունները չեն, որոնց միջով անցել է Բեռլինը և այդուհանդերձ չի կորցրել իր հպարտությունը, ինչպես տղամարդն այն չի կորցնում՝ ընդունելով սեփական ձախողումը:

Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են մարդիկ օգտագործում դաջվածքները՝ իրենց կյանքում տեղի ունեցած կարևոր փաստերն ու որդեգրած ապրելակերպը խորհրդանշող կարգախոսները վավերացնելու համար: Ճիշտ այդպես Բեռլինն է իր պատերին դրոշմում այն ամենը, ինչ կատարվել և կատարվում է այդ քաղաքում ու նաև ամբողջ երկրում: Գերմանական մայրաքաղաքի ամենամեծ «սպին», թերևս, Բեռլինյան պատն է, որ ժամանակին անգամ «ամոթալի պատ» է անվանվել: 155 կմ երկարությամբ պատի 43 կմ-ն անցնում էր Բեռլինի միջով: 28 տարի շարունակ այդ պատը բաժանված ընտանիքների ու կոտրված ճակատագրերի պատճառ է դարձել: Այսօր Բեռլինյան պատից միայն 1300 մ երկարությամբ մի հատված է պահպանվել, այն էլ՝ որպես սառը պատերազմի խորհրդանիշ: Գրաֆիտիստները ջանք չեն խնայում այդ սպին կոծկելու համար, թեև մյուս կողմից պատերին նկարելով առավել ընդգծում են այն:

Բեռլինյան պատը միակ տարածքը չէ, որտեղ իրենց նկարչական ջիղը գործի են դնում փողոցային արվեստի վարպետները: Մետրոյի վերգետնյա ցանցի գնացքներով շրջելիս, երբ անցնում ես զանազան թաղամասերով, երկաթգծի երկու կողմում դասավորված շենքերի մորեմերկ պատերը վաղուց արդեն գունավոր են, «նախշազարդված» են նաև տարբեր շենքերի ժամանակին անշուք բակերը, դալանները: Երբեմն գրաֆիտիների առատությունն այս կամ այն թաղամասի անմխիթար վիճակի մասին է խոսում, ինչը հազվադեպ երևույթ է օրեցօր զարգացող ու ծաղկող այդ քաղաքում: Ավելի հավանական է, որ թաղամասի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք բնավ դեմ չեն պատանկարչության ավանդույթի տարածմանը:

Բեռլինն այն քաղաքներից է, որոնք մշտապես հանրահայտ գրաֆիտիստների ուշադրության կենտրոնում են: Նրանցից որևէ մեկը ջանք չի խնայում կոնտրաստների այդ քաղաքում իր հետքը թողնելու համար՝ Vhils, BLU, XOOOOX, Alias, Mein Lieber Prost և շատ ուրիշներ: Թեմաները տարբեր են՝ քաղաքական շարժերից, սոցիալական վանկարկումներից ու կոչերից մինչև գեղագիտական ոճավորված պատկերներ, անհայտ մարդկանց դիմանկարներ, ալեգորիաներ ու սարկաստիկ տեսարաններ:

Նրանց հետքը քաղաքում է՛լ ավելի նկատելի դարձավ այն բանից հետո, երբ 2005-ին Բեռլինը ճանաչվեց ՅՈՒՆԵՍԿՈ-յի Դիզայնի քաղաք: Կասկած անգամ չկար նրանում, որ այդ ճանաչման համար բեռլինցիները պարտական էին գրաֆիտիներին: Դրանից հետո և մինչ օրս տարբեր ընկերություններ և անգամ անհատ ձեռներեցներ փողոցային արվեստի վարպետներին պատվիրում են նկարազարդել այս կամ այն շենքի պատերը: Այնպես որ գրաֆիտին վաղուց արդեն չի ընկալվում որպես վանդալիզմի դրսևորում, այն նույնիսկ գովազդային հզոր գործիք է դարձել՝ մի գրամ անգամ չզիջելով գովազդային հսկայական վահանակներին: Մյուս կողմից պատանկարիչները աշխատում են նաև կտավով ու ցուցադրվում պատկերասրահներում, այնպես որ գրաֆիտիստին անօթևան ավազակի հետ նույնացնելն այլևս արդիական չէ:

Բեռլինյան պատին նկարելու գայթակղությանը ժամանակին չի դիմացել նաև հանրահայտ Բենքսին: Բայց գրաֆիտին ընդունված չէ մնայուն արժեք համարել, եթե, իհարկե, այն պատի հետ միասին չեն պոկում և տանում աճուրդի, ինչը հաճախ է պատահում հենց Բենքսիի դեպքում: Այնպես որ նրա ամենահայտնի աշխատանքներն այսուհետ կարելի է տեսնել միայն համացանցում կամ էլ, երբ անցնելու լինեք Արևելյան կողմի պատկերասրահով (Բեռլինյան պատից մնացած հատվածը), կհանդիպեք երկու տղաների, որոնք այդ պատին երբևէ նկարված լավագույն աշխատանքները պատկերող մագնիսներ են վաճառում, և «մի կտոր Բենքսի» կտանեք ձեզ հետ:

Այս թեմայով