Ամատունի Բարսեղյանի հետաքրքիր ալբոմների շարանն ունիկալ է ոչ միայն ֆորմատով, այլև բովանդակությամբ:
Լրագրող, բանավոր պատմվածքների հեղինակ և ասմունքող Ամատունի Բարսեղյանը 1928-ից սկսած հավաքել է հայ և արտասահմանյան նշանավոր մարդկանց՝ գրողների, արվեստագետների, գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների ինքնագրերը, կարծիքները Հայաստանի ու հայ ժողովրդի մշակույթի մասին: Ռուս գրող Մաքսիմ Գորկու սեփական ձեռքով գրված ու ստորագրված ասույթով ծնունդ է առնում Ամատունի Բարսեղյանի հետաքրքիր ալբոմների շարանը՝ ասույթների մի յուրօրինակ հավաքածուն: Բարսեղյանը պատմում է, որ Գորկին պայման է առաջադրել, որպեսզի իրենից հետո կարծիք գրողներն էլ հանպատրաստից գրի առնեն տպավորությունները.
Ամատունին բազմիցս հանդիպել է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Գորկին, Տոլստոյ-կրտսերը, Շոստակովիչը, Կաչալովը, Նեմիրովիչ-Դանչենկոն, Բեկ-Նազարյանը, Սարյանը… Մեծածավալ ալբոմներում ամփոփված են այդ հանդիպումներից մնացած ինքնագիր կարծիքներ հայ ժողովրդի և նրա մշակույթի մասին: Ժամանակին մամուլում Բարսեղյանը տպագրեց իր յուրօրինակ հավաքածուից հատվածներ: Մեջբերում ենք հավաքածուից մի քանիսը.
«Ես շատ եմ շրջագայել. եղել եմ Հնդկաստանում, Չինաստանում, Ամերիկայում, Կուբայում, Եգիպտոսում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, սոցիալիստական երկրներում: Ամենուրեք հետաքրքիր է: Սակայն ինձ վրա ամենահմայիչ տպավորությունը թողեցին արևակեզ Հայաստանը և Երևանը: Գեղեցիկ են լեռների ձյունապատ գագաթները, կապուտակ Սևանը, Արարատը, Արագածը՝ ուղղակի երկրային դրախտ: Եվ, անշուշտ, սքանչելի են հայերը: Նրանք միշտ սրտաբաց են, հյուրընկալ և անչափ տաղանդավոր»:
Վերա Մարեցկայա (ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի)
«…հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև Սովետական Միությունում և նրա սահմաններից դուրս…»
Դմիտրի Շոստակովիչ (կոմպոզիտոր)
«Իմ կյանքի ամենամեծ իրադարձություններից եմ համարում հանդիպումը Ավետիք Իսահակյանի հետ…»
Կոռնեյ Չուկովսկի (բանաստեղծ, մանկագիր)
«Ես և իմ ընկերները չենք մոռանա այն բացառիկ ընդունելությունը, որ ցույց տվին մեզ Երևանի բնակիչները 1966-ին՝ «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացմանը: Դա մեծ, ուրախալի և անմոռաց տոն էր: Վախթանգովի թատրոնն իր կուլտուրայով մոտ է հայկական թատրոնին: Նրա հիմնադիր Եվգենի Բագրատինովիչ Վախթանգովը հայ ժողովրդի մեծ զավակն էր: Շնորհակալություն բարեկամության և սիրո համար…»
Ռուբեն Սիմոնով (ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր)
«…Ես գտա հանգած հրաբուխներ, և տեսա վերջապես Սևանա լիճը՝ իր թափանցիկ ջրերով: Ձեր հնադարյան պատմության զարմանալի հուշարձանն է Մեծամորը, որտեղ հրաբխային խարամի մեջ պահպանվել են մեր թվարկությունից առաջ հինգերորդ հազարամյակի մշակույթի հետքերը: Հազվագյուտ են ձեր երկրի հարստությունները: Դուք կարողացել եք պահպանել լեռնային ամենաբարձրադիր լճերից մեկը՝ Սևանը, որը չի կարող չհիացնել յուրաքանչյուր այցելուի: Յուրահատուկ վեհություն և խստություն ունի Հայաստանի բնությունը, որը վերափոխվել է աշխատասեր ու ազատ հայ ժողովրդի կողմից…»
Ա. Գ. Վինոգրադով (ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ)
«…Երևան, Երևան… Իմ ամբողջ կյանքում նա դարձավ ինձ համար լուսավոր, աշխատասեր մի կերպար, ուր՝ ինչպես մի կաթիլ ջրի մեջ, արտացոլվել են հայ ժողովրդի հիանալի հատկանիշները»:
Յակով Ռոմաս (ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս)
«Կոմիտասի անունը թանկ է յուրաքանչյուր երաժշտի համար: Նրա երաժշտությունը գալիս է «սրտից», այն գրվել է ժողովրդական պոեզիայի իմաստությամբ ու ջերմությամբ: Շփումն այդ երաժշտության հետ մեծ բերկրանք է»:
Գեննադի Ռոժդեստվենսկի (ՌՍՖՍՀ ժող. Արտիստ, Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր)
«Յուրաքանչյուր մարդ, ով գեթ մեկ անգամ եղել է Հայաստանում, չի կարող չսիրել այդ երկիրը, որովհետև այն չնաշխարհիկ է: Նրա քաղաքներում և գյուղերում, գետերում և սարերում, նրա լճերում և երկնքում ինչ-որ անկրկնելի, հիանալի բան կա: Ով գեթ մեկ անգամ առնչվել է Հայաստանի արվեստին, նա չի կարող չսիրել այն, չի կարող մոռանալ, հանել իր սրտից: Սակայն հայ արվեստը ծնունդ է առել ոչ միայն կիրճերի, ձյունածածկ գագաթների, Սևանի ներգործությամբ: Նա ստեղծվել է հայ ժողովրդի ամբողջ պատմությամբ, որ յուրաքանչյուր հայի արյան մեջ է: Դա մի պատմություն է, ուր ողբերգությունը, հերոսությունը, կենսունակությունը կազմել են մի անքակտելի հանգույց: Եվ եթե դուք բեմում տեսել եք Փափազյանին, եթե համերգում լսել եք Խաչատրյանի ստեղծած հնչյունները, եթե պատկերասրահում հանդիպել եք Սարյանի կտավներին, ուրեմն անպայման կզգաք կրքի, պաթոսի և կենսահաստատության այն անկրկնելիությունը, որի անունը Հայաստան է»:
Սերգեյ Օբրազցով (տիկնիկային թատրոնի դերասան և ռեժիսոր)
«…1930-ի շոգ ամռանը ես ոտքի տակ տվեցի Արագածի լեռնալանջերը և մեկընդմիշտ դարձա Հայաստանի բարեկամը, այդ երկիրն էլ հարազատացավ ինձ: Ես վայելեցի հայերի հյուրընկալությունը, մտերիմներ գտա, սիրեցի Հայաստանը, շրջեցի երկրով մեկ, հիացա խաչքարերով, հանգստացա աղբյուրների մոտ և հետաքրքրական շատ նյութեր գտա իմ գիտական աշխատանքի համար: Կյանքս երկատվեց. ամռանը՝ Հայաստան, ձմռանը՝ Լենինգրադ-Էրմիտաժ: Եվ այսպես 40 տարի…»
Բորիս Պիոտրովսկի (Էրմիտաժի տնօրեն)