Ինչու էին երևացող տեղ դրվում պնղձե ամանները, ինչպես էին համադրվում արևմտյանն ու արևելյանը, ինչու էր պետք ի ցույց դնել պղնձե սպասքը. ուսումնասիրում ենք նախախորհրդային Երևանի ունևոր բնակիչների տների ինտերյերի բաղադրիչները:
Սեղան, աթոռներ
Պահածոների գործարանի հիմնադիր, գործարար Էսապովի տան կահույքից:
Բազմոց
Պատկանել է հայտնի գինեգործ Մուսինյանցին:
Ինքնաեռ
Բնականաբար, հին Երևանում չէր կարող չզգացվել նաև ռուսական ազդեցությունը. մինչ սուրճի ներխուժումը երևանցիների կյանքը (այդ ըմպելիքի մասսայականացումը տեղի ունեցավ միայն XX դարի կեսերից) քաղաքում ավելի շատ թեյ էին խմում, և ռուսական ինքնաեռները սովորական տարր էին գրեթե բոլորի տներում:
Պարսկական տիրապետության տարիներին Երևանում տները կառուցված են եղել ընդարձակ ծաղկանոցներով և շատրվաններով զարդարված բակերի մեջ. գրեթե բոլորն իրենց տների առջև կամ շուրջը պարտեզներ ունեին՝ դարավոր ընկուզենիներով ու թթենիներով: Հայտնի է նաև, որ տները կառուցված էին այնպես, որ փողոցից ուշադրություն չգրավեն, իսկ առավել մեծ արժեք ունեին քաղաքի կենտրոնից հնարավորինս հեռու գտնվողները՝ պարսիկների աչքը ավելորդ անգամ չգրգռելու համար: Նույն պատճառով տներն իրենց ճակատով հիմնականում նայում էին դեպի բակն ու պարտեզը և փողոցների վրա արտաքուստ լուսամուտներ բոլորովին չունեին կամ շատ քիչ, այն էլ՝ նեղ ու փոքր: Սենյակները գլխավորապես լուսավորվում էին մեծ, կամարաձև լուսամուտներով՝ վեր ու վար քաշվող գույնզգույն ապակիներով, զարդարված փեղկերով, որոնք զբաղեցնում էին տան համարյա ամբողջ ճակատի մասը: XIX դարում իրավիճակը մի փոքր փոխվեց, հարուստները սկսեցին տեղափոխվել քաղաքի կենտրոնական փողոցները: Երևանի պատմության թանգարանում վերականգնված են ունևոր երևանցիների տներին բնորոշ սենյակներ:
Դեկորատիվ ափսեներ
XX դարասկզբին ընդունված էր հյուրասենյակի պատերին լուսանկարներ կախել: Երբեմն տան բնակիչների դիմանկարները նաև այլ կերպ էին ցուցադրվում, օրինակ՝ դեկորատիվ ափսեների վրա դաջված: Այս ափսեները հայտնի կոնդեցի մեծահարուստ Աղամալովների ընտանիքի հավաքածուից են, պատկերված է Աղամալովի մայրը:
«Զինգեր» կարի մեքենա
Նախահեղափոխական Երևանի բոլոր ունևոր տներում կարելի էր հանդիպել հանրահայտ գերմանական կարի մեքենաները: Բրենդն այնքան տարածված էր, որ գոյություն ուներ անգամ օգտագործման ձեռնարկ՝ հայերեն լեզվով:
Պղնձե սպասք
Հատուկ կարևորություն էր տրվում պղնձե, զարդանախշերով հարուստ սպասքին, այնպես, ինչպես խորհրդային տարիներին, այսպես կոչված՝ «սերվիսներն» էին դրվում ամենաերևացող տեղում:
«Ողբացող Մայր Հայաստան»
Նկարիչ Ջանիկ Արամյանի «Ողբացող Մայր Հայաստան» կամ «Հայաստանի փլատակները» գրավյուրայի (1861թ.) հիման վրա արված գոբելեններ կարելի էր հանդիպել շատ երևանյան տներում: Այս ստեղծագործությունը, ի դեպ, հիշատակվում է նաև Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում՝ Հովհաննես Աղայի տան նկարագրության մեջ (վեպի գործողությունները, հիշեցնենք, ընթանում են Վանում):
Շիրմա
Եղած սենյակների թիվը շատացնելու հարցը Երևանում միշտ սուր է դրված եղել: Շատ տներում կային շիրմաներ, որոնց միջոցով հյուրասենյակում, օրինակ, կարելի էր տեղ առանձնացնել ու վերածել այն հավելյալ ննջասենյակի:
Լվացարան
19-րդ դարավերջի, 20-րդի սկզբի թանկարժեք ֆրանսիական լվացարան-հայելի ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ: