Նոյեմբերի 17-ն ուսանողների միջազգային օրն է: Աշնանային այդ օրն ուսանողները սովորականի պես դասի են նստած: Ու մեկ էլ հենց բուհերի դռանը բարձր երաժշտություն է միանում, և մի խումբ երիտասարդներ աղմուկ-աղաղակով, երգ ու պարով բարձրախոսներով շնորհավորում են ուսանողների տոնը: Դրան անմիջապես հետևում են աձագանքները լսարանների պատուհաններից: Հաշված վայրկյանների ընթացքում բուհերի բակերում հավաքվում են տասնյակ ու հարյուրավոր ուսանողներ ու միանում տոնակատարությանը: Ուսանողների միջազգային օրվան նվիրված ակցիան նախաձեռնել են Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները: «Երաժշտությունն անիվների վրա» խորագրով նրանք երկհարկանի ավտոբուսով շրջեցին բուհից բուհ ու կանգառներում երգեցին իրենց ծանոթ ու անծանոթ ընկերների համար:
Մեկնարկ ԵՊՀ-ից
Ձայնային ու երաժշտական սարքավորումներ, բարձրախոսներ ու երաժշտություն հենց մայր բուհի դիմաց: Երկհարկանի հսկա ավտոբուսից իջան երգիչ-երգչուհիներն, ու ելույթներն սկսվեցին: Համաշխարհային հիթեր' Էլվիս Փրեսլիի, Ռիհաննայի, Ադելի երկացանկից: Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի ուսանող Ռոբերտ Քոլոյանն իր ռոքնռոլով միանգամից իր շուրջը հավաքեց ուսանողներին ու պատահական անցորդներին: Այնուհետև հաջորդեցին ջութակի, քանոնի բաժինների աղջիկների արտասահմանյան երգերը: Կրքերը թեժացան, բայց ավտոբուսն ազդանշան տվեց, որ պետք է շարժվել մյուս բուհ:
Կանգառ երկրորդ՝ տնտեսագիտական համալսարան
Ուսանող-ուսանողուհիներն այստեղ նախապես էին հավաքվել ու զուռնա-դհոլով ուղեկցվող ավտոբուսը դիմավորեցին ծափերով և ուրախության ճիչերով: Համալսարանի տարեց դասախոսները ծիկ արեցին պատուհաններից ու գլուխներն արագ ներս քաշեցին: Ռիհաննայի երգերից դեմքներն ավելի կնճռոտվեցին: Ավելի հետաքրքրասերներն անգամ առաջին հարկ իջան ու դռնից ընդգրկուն հայացքով չափեցին երգող ու պարող ուսանողներին: Իսկ ուսանողները խոստովանեցին, որ դասախաոսին համոզել են, որ իր դասին չնստեն՝ միջոցառմանը մասնակցելու համար: Ու ամենաակտիվը հենց նրանք էին: 7-8 րոպեից ահռելի ավտոբուսն էլի զուռնա դհոլով շարժվեց դեպի մյուս բուհ:
Կանգառ երրորդ՝ բժշկական համալսարան
Ապագա բժիշկները, պարզվեց, ավելի պարտաճանաչ և ուսումնատենչ են, որովհետև բուհի դիմաց ավելի քիչ ուսանողներ էին հավաքվել: Բայց կոնսերվատորիայի ուսանողներին դա չընկճեց: Նրանք միացրեցին սարքավորումներն ու նույն ոգևորությամբ գործի դրեցին արդեն ծանոթ երկացանկը: Բժշկականը մի քիչ պասսիվ էր, փոխարենը շրջապատն էր մարդաշատ ու հետաքրքրասեր: Ավտոբուսից կանչեցին. ժամանակը սուղ էր:
Կանգառ չորրորդ՝ պոլիտեխնիկ ու ագրարային
Այստեղ կրքերն ի սկզբանե թեժ էին, պարային մթնոլորտը սառն օդի մեջ միանգամից տաքացավ ու իր հունը գտավ: Ավտոբուսի ուղևորներին «տեղաբնակները» խանդավառված ընդունեցին ու առանց երկար-բարակ ժամանակ կորցնելու՝ երաժշտական սարքերը միացվեցին: Ռոբերտ Քոլոյանի ռոքնռոլը պարի հրավիրեց նաև անցորդներին:
Կանգառ հինգերոդ՝ Բրյուսով
Մինչ Բրյուսով հասնելը «Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառման մասնակիցներն արդեն վարժվել էին փողոցներից իրենց նայող ապշահար աչքերին: Անցորդները շտապում էին հեռախոսներով նկարել աչքի տեսածը: Ամեն օր չես տեսնի երկհարկանի ավտոբուս՝ մեջը լիքը խենթ ու խելառ ջահելներով: Անգլերենով Բրյուսովի աղջիկների հետ չես մրցի, բայց կոնսի աղջիկներն էլ փայլեցին իրենց հզոր ձայներով ու արտիստականությամբ: Տոնը շարունակվում էր, իսկ ավտոբուսը' համբերատար սպասում:
Վերջին կանգառ՝ կոնսերվատորիա
Հարազատ բուհի բակում կոնսի ուսանողներն իրենց զգում էին, ինչպես ձուկը' ջրում: Այստեղ ավելի շատ երիտասարդներ էին հավաքվել, քան նախորդ բուհերում: Տանտիրոջ իրավունքով համերգն սկսվեց բուռն ու աղմկոտ մթնոլորտում: «Երաժշտությունն անիվների վրա» ակցիայի վերջին ակորդների հետ ավարտվեց նաև ուսանողական մեկ օրը: Ոչինչ, որ շատերն այդ օրը դասի չնստեցին, բայց փորձեցին օրվա աշնանային նոտաներից մի քանիսի վրայից մաքրել տխրությունն ու ցուրտը: