21 Նոյեմբեր 2014, 09:32
1304 |

Տնաշեններ

Երևանցիների բնակարանային նախասիրությունների մասին ավելի խոր կարծիք կազմելու համար խոսեցինք այն մարդկանց հետ, ովքեր նախագծում, կառուցում, ձևավորում և վաճառում են մեր տները:

Անի Սահակյան
Ճարտարապետ
Որքան մարդ, այնքան էլ բնավորություն, խառնվածք, ճաշակ: Բայց որքան էլ որ ոճային տարբերությունները շատ են, նոր բնակարան գնելուց կամ հինը՝ նորացնելուց, յուրաքանչյուր մարդ փորձում է իրականացնել տան հետ կապված բոլոր երազանքները: Պատվիրատուները, հիմնականում, չեն կարողանում իսկապես բացատրել ու փոխանցել այն, ինչ ուզում են, շատերը նույնիսկ էսքիզներ են նկարում: Այսպիսով, պատվիրատուները դիմում են մասնագետներին, որպեսզի իրականացնեն վաղեմի երազանքները: Մասնագետների առաքելությունն է ճիշտ ուղղորդել, կողմնորոշել պատվիրատուին: Հաճախ այն, ինչ պատվիրատուն ցանկանում է, ֆունկցիոնալ չէ: Երազանքի տունը կարող է շուտ հոգնեցնել, եթե այն ֆունկցիոնալ չէ: Երևանում ու արտերկրում բնակվող հայերի ցանկությունները, հիմնականում, տարբերվում են: Բայց նման մասնագիտություններ ունեցող մարդիկ միշտ նույն տիպի պատվերներ ունեն: Երևանաբնակ հայերը ավելի շատ շքեղություն են ցանկանում: Ի տարբերություն նրանց, արտասահմանում բնակվող հայերը մինիմալիստական ոճի և հարմարավետության կողմնակիցներն են: Երևանի բնակչությունը հիմնականում բաժանվում է երկու տեսակի՝ դասական ոճի և փայլերի, ոսկեղենի սիրահարների: 

Մենք կիսով չափ նաև հոգեբաններ ենք: Շատ եմ սիրում աշխատանքս, այն լի է դժվարություններով, բայց շատ հետաքրքիր է: Մարդիկ հիմնականում ֆիքսվում են իրենց ցանկությունների վրա, հետաքրքիր է խորանալ ու հասկանալ նրանց հոգեբանական վիճակը, ցանկությունները, երբեմն նաև փոխել նրանց կարծիքն ու ճիշտ ուղղորդել: Տունն ամենակարևոր վայրն է մարդու համար, որտեղ պետք է դրական մթնոլորտ լինի: Մարդը պիտի միշտ ուզենա հաճույքով տուն վերադառնալ և շատ ժամանակ անցկացնել այնտեղ:


Գագիկ Մկրտչյան

Բրոկեր
Մութ ու ցուրտ տարիներին աշխատանք չլինելու պատճառով սկսեցի աշխատել որպես բրոկեր: Առաջ բրոկեր դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր էր, առանձին կուրսեր էլ կային՝ սովորում էինք ռիելթորություն ու անշարժ գույքի գնահատում: Այնուհետև համապատասխան լիցենզավորումից հետո նոր կարող էինք աշխատել: Բրոկեր լինելու համար պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ, կիսով չափ հոգեբան լինել: Մի հաճախորդ կար, ում ամեն օր տարբեր տներ էի ցուցադրում, հետո հասկացա, որ առնող չի, հարցրեցի, թե ինչու է բնակարաններ փնտրում, պատասխանեց՝ «Բա ինչ անեմ, տանը մենակ եմ, գոնե ձեզ հետ եմ շփվում»:

Բրոկերը անպայման պիտի լավատես լինի ու հավատա, որ անպայման մի բնակարան վաճառելու է: Պատվիրատուները հիմնականում մի քանի բրոկերների հետ են աշխատում: Դու կարող ես նրան 50 բնակարան ցույց տալ, մյուս բրոկերը միայն մեկը, բայց նրան հենց դա էլ դուր գա: Ճակատագրի պահերը շատ են մեր աշխատանքում: Պատվիրատուն նախապես ասում է, թե ինչ է ցանկանում, դու էլ կոնկրետացնում ես ցանկությունները, որովհետև շատ ժամանակ նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Ճշտում ենք ֆինանսական հնարավորությունները ու սկսում ենք փնտրել:Կան հաճախորդներ, որոնք ուզում են աչքի ընկնող շենքում տուն գնել, որ իր ընկերները կողքով անցնեն ու ասեն՝ «էս էլ մեր ախպոր տունն ա»: Մի հաճախորդ ունեի, որ մեկ ամսվա ընթացքում երկու օրը մեկ անհանգստացնում էր տան վաճառքի պահով: Վերջապես գնորդներ գտնվեցին: Պայմանավորվեցի իր հետ, որ գնորդներին ցույց տամ բնակարանը: Տան մոտ իրեն հանդիպեցինք, ասաց, որ շտապ գործ ունի, բայց կինը տանն է, ու կարող ենք հանգիստ գնալ: Գնորդները հավանեցին բնակարանը, խնդրեցին, որ վերջնական գինը ճշտենք: Այդ պահին կինը զայրացավ՝ «Բայց ո՞վ է ասել, որ մենք բնակարան ենք վաճառում»: Ասացի, որ ամուսինն է խնդրել բնակարանը վաճառել: Պոլի փեդը վերցրեց ու մեզ տնից դուրս լարեց:

Հին շենքերում շքամուտքերի խնդիր կա, դրա համար հիմա գերադասում եմ նորակառույց շենքերում բնակարաններ ցուցադրել հաճախորդներին: Թամանյանական շենքերը շատ լավ լուծումներ ունեն, իսկ «խրուշչովկաներում» ավելի քիչ եմ բնակարաններ ցուցադրում: Մարդիկ կան, որ շատ հեշտ են ազդեցության տակ ընկնում, ու կարող ես նրանց ցանկացած բան համոզել: Սովորաբար մարդիկ դիմում են ծանոթ բրոկերների, նրանց, ում գոնե մեկի միջոցով ճանաչում են: Պարզապես յուրաքանչյուր բրոկեր պետք է հասկանա, որ մարդը ամբողջ կյանքի ընթացքում հավաքած գումարն է ծախսում և չափազանց մեծ պատասխանատվությամբ մոտենա աշխատանքին:


Իրինա Մերդինյան

Ինտերյերի դիզայներ
Օրեցօր վերանորոգվող ու վերակառուցվող Երևանում երևի ամեն տասներորդը ունի բնակարանային խնդիր: Իսկ այդ խնդրի լուծման տարբերակներին տիրապետում են հենց իմ մասնագիտության տեր մարդիկ. ինչպես անել, որ գորշ բետոնային միջավայրը դառնա ապրելու ենթակա հարմարավետ ու գեղեցիկ բնակարան: Փորձս ցույց տվեց, թե որքան հարաբերական է մեզանում հարմարավետ ու գեղեցիկ ածականների ընկալումը: Ոմանց համար հարմարավետ կարող է դառնալ ֆունկցիոնալ ու գունային ճիշտ լուծված, ստալինյան շենքերում տատիկից ժառանգած 60 քմ մակերես ունեցող բնակարանը, ոմանք էլ նորակառույցի վերջին հարկում գտնվող, շքեղ քաղաքային համայնապատկեր ունեցող 400 քմ-ի մեջ չհարմարվեն: Երբեմն եռանդով ու ջանասիրությամբ եմ նվիրվում գործին, կարծես սեփական բնակարանի ձևավորմամբ եմ զբաղվում՝ իրականացնելով վաղուց ի վեր մտապահած կերպար ու միջավայր ստեղծող մեծ ու փոքր հնարքները: Բայց լինում են դեպքեր, երբ գործն առաջ չի գնում ոչ այն պատճառով, որ ստեղծագործելու համար քեզ տվել են 400 քմ տարածք: Տարածքի չափերը կապ չունեն, ամբողջ խնդիրը քո ու պատվիրատուի էսթետիկ տարբեր ընկալումներն են: Տանջվում եմ այնպես, կարծես գետի ընթացքին հակառակ լողամ: Այս տեսակ բնակարաններում չեմ կարողանում համակերպվել բնակարանի կենտրոնում բավական լուրջ չափեր ունեցող ակվարիումի անհրաժեշտությանը, բայց փոխարենը այդքան տարածքի մեջ այդպես էլ տեղ չգտած ու ընդհանուր օգտագործման մուտքի հաշվին առաջացած բանտախուց հիշեցնող մի սենյակի գոյացման հետ, որը նախատեսված է (հավանաբար) Ֆիլիպիններից եկած տնային տնտեսուհու համար: Իհարկե, նման դեպքերում երկար բանակցում ես պատվիրատուի հետ, բայց շատ անգամ ճարահատյալ հանձնվում ես ու փորձում կոմպրոմիսի գնալ, բայց ոչ ի վնաս ֆիլիպինցու, իհարկե:

Լինում են ավելի քիչ զարհուրելի, բայց միևնույն է՝ անհասկանալի, եթե չասեմ՝ տարօրինակ ցանկություններ: Չէի՞ք զարմանա, եթե պատվիրատու մի կին հրաժարվեր հյուրասենյակում սեղան ունենալուց, քանի որ իր մոտ հյուրեր չեն լինում, իսկ Նոր տարուն նա ընտանիքի հետ միշտ արտասահմանում է անցկացնում: Իսկ խոհանոցում ցանկանար տեսնել միայն փոքրիկ սեղանիկ, որը կհերիքեր միայն սուրճ խմելուն, չնայած որ խոհանոցում դրված է միկրոալիքային վառարան, հսկայական սառնարան, որն ինքն է սառույց արտադրում և ամանները լվացող մեքենա:

Ժամանակակից Երևանում, ցավոք, կա մարդկանց մի ստվար զանգված, որն առհասարակ տեղեկացված չի տարիներ շարունակ մշակվող ու արդեն է՛լ ավելի երկար կիրառվող բնակարանաշինության նորմերին, չունի չափի զգացողություն, ծանոթ չի էսթետիկային (գուցե նաև այդ բառից տեղյակ չի) ու ընդհանրապես հետաքրքրված չէ համաշխարհային նորամուծությունների լայն հնարավորություններին: Մեղմ ասած՝ կլորիկ գումար են ծախսում, գնում են քաղաքի կենտրոնում ծայրահեղ անհարմար բնակարան՝ առանց միջանցիկ օդափոխության, անհրաժեշտ ինսոլացիայի, փոխարենը ցածր առաստաղներով ու ավելի ցածր հեծաններով, ու պահանջում են մի քանի ննջասենյակ, երկու սանհանգույց, խորդանոց, հանդերձասենյակ ու լայն խոհանոց: Փորձում ես բացատրել, որ այդ սենյակներից առնվազն մեկը լուսամուտ չի կարող ունենալ, սանհանգույցներից մեկում էլ ջուր չի լինի, իսկ ընդարձակ խոհանոցի մասին անգամ խոսել չարժի: Պատվիրատուն զարմանում ու զայրանում է, թե բա էլ ինչի՞ համար եմ այդքան գումար ծախսել այս բնակարանի վրա, եթե միևնույն է չեմ ստանալու այն, ինչ ուզում եմ: Դանդաղ, բայց հաստատուն քայլերով համոզում ես նրան՝ կրճատելով ննջարանների թիվը ու խոհանոցն էլ միացնել ընդհանուր սենյակին: Հենց սկսում է թվալ, թե հաղթահարեցինք հիմնական դժվարությունները, հենց այդ ժամանակ սկսվում է պայքարը պատվիրատուի կողմից նախընտրելի հարդարման ու ձևավորման միջոցների դեմ: Հազարավոր քիվեր, հախճապակյա ջահ, ոսկյա ներդիրներով դռներ' այնպիսի տպավորություն է, որ Լյուդովիկոս 15-րդի պալատը պիտի խցկենք երևանյան բնակարանի մեջ: Սրտովս չի, բայց փորձում եմ հարցին մոտենալ այլ կողմից. չէ՞ որ ես չեմ ապրելու այդ ամենի մեջ: Անում եմ գործս՝ կարծես մաթեմատիկական բարդ խնդիր լուծեմ: Եվ ուրախանում եմ, երբ գտնում եմ հերթական անհայտը:


Արտակ Մարտիրոսյան

Շինարար
Մոտ 10 տարի աշխատում եմ որպես տեխնիկական վերահսկիչ, բազմաբնույթ շինարարական կառույցներ ենք շահագործման հանձնել: Մեր պատվիրատուների շարքերում շատ են արտերկրում բնակվող հայերը, ովքեր անպայման ուզում են Երևանում տուն ունենալ: Որպես կանոն՝ նրանք ուզում են բնակարան ձեռք բերել կենտրոնում կառուցված նորակառույց շենքերում: Ընդհանուր առմամբ՝ պատվիրատուների պահանջները նույնն են. նրանք ձգտում են, որ շենքը լինի լուսավոր ու ընդարձակ, շատ կարևոր է բնակարանից բացվող տեսարանը: Ցանկալի է, որ բնակարանն ունենա պատշգամբ, տնտեսական նպատակներով ծառայող հավելյալ տարածք, բակում լինի խաղահրապարակ, ավտոտնակ:

Կան փարիզյան պատշգամբներ, նյույորքյան կտուրներ, իսկ երևանյան խորհրդանիշով կարող ենք միայն առանձնացնել բնակարանից բացվող Արարատով տեսարանը: Պատվիրատուների ճաշակը որքան էլ տարբեր լինի, նման տեսարանով բնակարանի հանդեպ որևէ մեկը անտարբեր չի մնա: Մենք հաճախ ոգեշնչվում և փորձում ենք մոտիկ լինել թամանյանական լուծումներին, ուսումնասիրում ենք հայկական ճարտարապետությունը, որն էլ հիմք է ծառայում, օրինակ, շենքի ֆասադային տեսքի համար: Շենքի երեսապատման ու կոնստրուկտիվ լուծումները, ցանկալի է, որ հայկական մոտիվներով լինեն: Իրեն հարգող որևէ շինարար երբեք չի միջամտում արդեն ընդունված ու հաստատված հատակագծին: Մեր մտքերը մեզ հետ են մնում, մենք իրականացնում ենք նախապես հաստատված գաղափարը:

Շինարարի մասնագիտության մեջ ամենակարևոր կետերից է անվտանգությունը: Մեծ պատասխանատվություն ենք զգում աշխատելիս, հոգեպես նվիրվում ենք մեր աշխատանքին, պատվիրատուի անվտանգությունն ու ապահովությունը առաջնային է: Շենքի իրականացման ժամանակահատվածը, հիմնականում, կախված է ֆինանսական վիճակից: Ի դեպ, շենքի կառուցումը կապված է նաև տարածքի բնակլիմայական պայմաններից: Եթե ցրտաշունչ ձմեռ է սպասվում, իսկ շինարարությունը սկսվել է գարնանը, պետք է հաշվարկել, արդյոք կարելի՞ է հասցնել: Միջին հաշվարկով, Հայաստանում, օրինակ, 5 հարկանի շենքը ներքին հարդարմամբ ու կոմունալ հարմարավետություններով կարելի է շահագործման հանձնել մոտ 2 տարի շինարարություն իրականացնելուց հետո:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 11, 2014

Այս թեմայով