30 Հոկտեմբեր 2014, 13:40
1726 |

7 մեղք ու 7 բույր օծանելիքի սրվակներում

Պարֆյումեր Արման Մանուկյանը 4 տարի շարունակ ուսումնասիրել է համաշխարհային օծանելիքների բաղադրությունները, դրանց պատրաստման առանձնահատկություններն ու օգտագործողների նախընտրությունները: Նրա հեղինակած՝ աստվածաշնչյան 7 մահացու մեղքերը խորհրդանշող 7 կտավներից ծնվեց նաև օծանելիք ստեղծելու գաղափարը: «7 բույր» անունը ստացած շարքի 100 օրինակները շուտով կլինեն նաև քաղաքի հայտնի խանութներում, մի խմբաքանակ էլ կարտահանվի օծանելիքի հայրենիք՝ Ֆրանսիա:

Հայկական օծանելիքի բույրը
«7 մեղք, 7 բույր» նախագծի պրոդյուսեր Գուժ Թադևոսյանը երկար է ուսումնասիրել օծանելիքի պատմությունը: Ի վերջո, ինչպիսին պետք է լիներ հայկական բրենդով ու Հայաստանում արտադրված օծանելիքը: Պարֆյումի արտադրության բազմաթիվ բաղադրիչներ ներկրված են օծանելիքի հայրենիք Ֆրանսիայից, հայկական բույրն ապահովել են չորս տարի շարունակ ոսկերչական մանրակրկտությամբ հավաքված ծաղիկներն ու դրանցից ստացված յուղերը:
1-ին և 2-րդ համարները նախատեսված են առավոտյան, 3-րդն ու 4-րդը՝ ցերեկվա, հաջորդ երկու համարները՝ երեկոյան օգտագործման համար: 7-րդը կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամին:

Ինչպե՞ս հայտնվել Channel-ի ու Dior-ի կողքին
Նախագծի համահեղինակները պատմում են, որ իրենց ստեղծած օծանելիքների մասին լսել է Եվրոպայում հայտնի պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքչյանը: Պարֆյումի հայ վարպետը զարմացել է՝ լսելով հայկական օծանելիքների մասին: Կարևորը՝ հավանել է: Արման Մանուկյանն ու Գուժ Թադևոսյանը չեն ժխտում՝ դժվար է հայտնվել համաշխարհային բրենդների կողքին, Ֆրանսիան անգերազանցելի է օծանելիք պատրաստելու իր հմտությամբ, ամբողջ աշխարհն է ձգտում հասնել նրանց կատարելությանը: Այս ծրագրից հետո նախատեսում են Հայաստանի կամ Երևանի բույրերի անուններով օծանելիք պատրաստել:

7 մեղքերը՝ կտավների վրա
Օծանելիքների ցուցադրությունից հետո Արման Մանուկյանը ներկայացրեց իր 7 կտավները, որոնցից յուրաքանչյուրում ներկայացնում է աստվածաշնչյան 7 մահացու մեղքերը: Պրոդյուսեր, ռեժիսոր Գուժ Թադևոսյանը օծանելիքին ու կտավներին ավելացրել էր իր 15 րոպե տևողությամբ «Յոթ մահացու մեղքեր» թատերական ներկայացումը, որի ընթացքում մեղքերը հետապնդում էին մարդկանց, դերակատարները մարմնավորում էին դրանցից յուրաքանչյուրը:

Այս թեմայով