Նոր փաբ Երևանում, որտեղ խրախուսում են ուրախանալը, լավ երաժշտությունը, հետաքրքիր ու անմիջական զրույցները, ինտելեկտն ու, իհարկե, լավ կինոն:
Դուռը բացում եք, նստում եք Հիչքոքի կամ Տարանտինոյի աթոռին՝ ըստ ճաշակի, խմում Ջեյմս Բոնդի կոկտելը, ձեռքով անում Բրեդ Փիթթին ու լսում լավագույն սաունդթրեքերը: Սա ֆիկցիա ՞ է: Ոչ Fiction: Եվ դուք էլ Universal studio-ում չեք, բայց կարող եք նստել Universal-ի սեղանին կամ Dream Works-ի՝ ըստ ճաշակի: Ձեր ճաշակին անպայման ընկեր կգտնեք, եթե նայեք Fiction-ի պատերին: Եթե չգտաք, ուրեմն, ներեցեք, բայց անճաշակ եք: Pulp fiction-ը՝ փաբ Fiction-ի հետ ուղղակի կապ ունի: Նրանք ընկերներ են, գուցե նույնիսկ հարազատ եղբայրներ, նախախնամորեն ծնվել են նույն օրը: Առաջինը՝ 20 տարի առաջ, երկրորդը՝ 20 տարի հետո:
Fiction-ը կինոփաբ է, կինոակումբ և ուղղակի համախոհների տարածք, այն ունի յուրահատուկ կինոհոտ, որ կինոսերներին համատեղում է կինոտարածքում, կինոկոկտելների ու կինոերաժշտության ներքո: Fiction-ը նոր փաբ է Երևանում: Այստեղ խրախուսում են ուրախանալը, լավ երաժշտությունը, հետաքրքիր ու անմիջական զրույցները, ինտելեկտն ու, իհարկե, լավ կինոն:
Fiction-ում ամեն ինչ մտածել են, որպեսզի դուք լինեք յուրահատուկ: Բոլոր աթոռները անհատական են՝ այս կամ այն կինոռեժիսորի անունով, սեղանները՝ ամենահայտնի կինոարտադրող ստուդիոների տարբերանշաններով: Պատերին լավագույն ֆիլմերի ազդագրերն են, Pulp-fiction-ի կինոհերոսները, Fight club-ի տղերքը: Փաբի մյուս պատը թրիլերի ժանրում է: Կա կինոէկրան, որտեղ ցուցադրվում են հայկական ու համաշխարհային արտադրության լավագույն ֆիլմերը:
Լինելու են կինոդասընթացեր, կինոդիտումներ, կինոքննարկումներ: Ժամանցի վայր, սցենարի տեսքով մենյուով ու կինոյի տոմսի տեսքով հաշվեթղթով: Մենյուում կան կինոհերոսների կոկտելներ ու նաև մեր՝ մահկանացուներիս համար, որակյալ խմիչքներ: Եթե սոված եք, շատ արագ սենդվիչ կպատրաստեն, եթե ցանկանում եք պարել, ապա ձեզ կմիանան: Ցանկանում եք առանձնանալ՝ տեղավորվեք անկյունում՝ ձեզ չեն խանգարի:
«Կինոփաբ ստեղծելու գաղափարը ծնվեց կինոակումբ ստեղծելու գաղափարից հետո: Քանի որ կինոակումբ պահելը ֆինանսներ էր պահանջում, որոշեցինք համատեղել, որպեսզի ակումբի ծախսերը փակենք փաբի եկամուտներով,-պատմում է Fiction-ի համահեղինակ Վահագն Թևոսյանը,-մենք սիրում ենք նրանց, ովքեր սիրում են մեզ»:
Փաբում չմտածված դետալներ չկան, ամեն ինչ handmade է ու mindmade: Վահագնը խոստանում է, որ առաջիկայում կլինեն շատ հանրահայտ ու հեղինակավոր մասնագետների workshop-եր: Թե ովքեր են լինելու նրանք, պարզ կդառնա սցենարի վերջում: Իսկ մինչև այդ փաբի դռները բաց են ամեն օր պարելու, լավ երաժշտություն լսելու, խմելու ու զրուցելու համար: