20 Հոկտեմբեր 2014, 10:08
9032 |

Նեո քաղաքի նոու-հաուն կամ Երևանը՝ 2025-ին 


Մետրոյի երկու նոր կայարան, ժամանակակից կենդանաբանական այգի ու նոր որակի հասարակական տրանսպորտ: Է՞լ ինչեր են լինելու մայրաքաղաքում 2025-ին: Հին քաղաք, նոր հեռանկարներ» միջազգային համաժողովի մասնակիցների ծրագրերը շատ էին, ու բոլորն էլ պատրաստ իրագործման, տասը տարի անց մայրաքաղաքն ավելի լուսավոր է լինելու: Հնարավոր է նաև մետրոյի նոր երկու կայարան ունենանք Աջափնյակ համայնքում:

«Էրեբունի» թանգարան

Հայաստանի թանգարաններից քչերն են եկամուտ բերում, հազիկ կարողանում են փակել սեփական ծախսերն ու աշխատավարձերը վճարել: Հինը նոր ձևով ներկայացնելով փող աշխատելու բանաձևը պատրաստվում են կիրառել նաև «Էրեբունի» թանգարանում: Արգելոցի տարածքն ամբողջությամբ ցանկապատվելու է, կառանձնացվի վարչական տարածքի հարակից հատվածներից, թանգարանի կողքին գործելու է ուրարտական տան ոճով կառուցված ռեստորան, նույնիսկ մի քանի հազարամյակ առաջ օգտագործված կերակուրներն են ներկայացնելու զբոսաշրջիկներին ու բոլոր այցելուներին:

1982-ից ցուցադրության դրված նմուշներին ավելանալու են նորերը: Կառուցվելու է բացօթյա ամֆիթատրոն, որտեղ Երևանի պատմության մասին երեք լեզվով ֆիլմեր են ցուցադրվելու, հարմար տեղաշարժման համար գործելու են ձիակառքեր ու փոքր մեքենաներ: Միայն ամֆիթատրոնը տարեկան 40 միլիոն դրամ եկամուտ կարող է բերել: Քիչ գումար չէ թանգարանը մի լավ վերակառուցելու ու զբոսաշրջային երթուղիները հարստացնելու համար: Արդեն գործում է «Պատանի հնագետ» ակումբը, որտեղ դպրոցականներին սկզբնական գիտելիքներ են տալիս հնագիտության մասին: 



«Հաղթանակ» զբոսայգի
Քաղաքի բարձունքում գտնվող խորհրդային այգու մասին շատ են խոսել, քննարկել ու գծագրեր արել: Խնդրի միակ լուծումը մասնավոր ներդրողներ գտնել է: Այգին 2025-ին կարող է միանգամայն այլ տեսք ունենալ' նոր ատրակցիոններով, ժամանցի կենտրոններով, ժամանակակից լուծումներով, մի խոսքով' նման բան Հայաստանում դեռ չի եղել:

Կենդանաբանական այգի 

Հնացած այգին նոր տեսք կստանա, կկառուցվեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Կենդանիների համար նոր ու ընդարձակ ազատավանդակներ կլինեն, հատուկ առանձացված անասնաբուժական կլինիկա և բնապահպանական քոլեջ: Պետք եղած միջոցների ներգրավման դեպքում մի ծրագիր էլ կա. նախատեսվում է մի քանի կանգառ ունեցող վերգետնյա էլեկտրագնացքով իրար կապել կենդանաբանական և բուսաբանական այգիները:

Աղբահանության կազմակերպումը
Երևանի աղբի վերամշակումը արդեն մեկ տասնամյակ լուրջ քննարկումների մեջ է: Քաղաքապետարանի հաշվարկներով քաղաքը պետք է բաժանել երկու' արևելյան և արմտյան, մասերի, 2 օպերատորներ կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունը, մի առանձին կազմակերպություն էլ՝ վերամշակումը: Մինչ 2025-ը երկու նման վերամշակող կենտրոն կունենանք: Կվերազինվի աղբահանությունն իրականացնող տեխնիկայի պարկը: Վերամշակված աղբից ստացված ամբողջ հասույթը կլինի Երևանի քաղաքապետարանի սեփականությունն ու կմտնի համայնքային բյուջե: 2016-ից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ կսկսվի հին աղբավայրի մեկուսացումն ու նորի կառուցումը:



Հաշմանդամություն ունեցողների Երևանը
Հայաստանում հաշվառված 61 000 հաշմանդամություն ունեցողներից 34 000-ը աշխատանքային տարիքի են: Նոր կառուցվող բոլոր շենքերի առնվազն մուտքերը, ըստ քաղաքապետարանի, պետք է հարմարեցված լինեն տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար, տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում արդեն կան լուսացույցի գույնը հուշող ձայնային ազդանշաններ, մոտ ապագայում նրանց թիվը մի քանի անգամ կավելանա: Փողոցներում կսարքավորվեն հատուկ գորգային գծեր, որոնք կօգնեն հեշտ ու արագ անցնել հարկավոր տարածությունը և հատել փողոցը ճիշտ տեղում: Ավտոմեքենա վարողների համար հատկացվել են հատուկ գծանշմամբ անվճար կայանատեղեր: Մինչև տարեվերջ 10 ավտոբուսում կտեղադրվի հարմարեցված վերելակ, սրահում առաստաղից կկախվեն հատուկ լուսատախտակներ, որոնք ցույց կտան հաջորդ կանգառն ու երթուղին:



Քաղաքի լուսավորությունը

Երևանը լուսավոր պահելու համար միլիոնավոր կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա է ծախսվում: Հիմա օրական 6 ժամ լուսավորությունը ապահովում են մոտ 61 000 լուսատուներ: 2025-ի գերնպատակը էներգախնայողությունն է, 200 ՎՏ-ոց լամպերը կփոխարինվեն ավելի երկարակյաց ու լավ լուսավորություն ապահովող 75 ՎՏ-ոցներով: Կփոխարինվեն բոլոր հենասյուները, կփոփոխվեն բարձրությունները, փողոցների վրայով անցնող էլեկտրագծերը, որոնք նաև քաղաքի արտաքին տեսքն են են գցում, կանցկացվեն ստորգետնյա խրամուղիներով: Երևանի լուսավորությանն էլ առցանց ռեժիմով կհետևի հատուկ օպերատորը:



Մետրոն հասավ Աջափնյակ

Խորհրդային տարիներին այդպես էլ իրականություն չդարձած ծրագիրը աջափնյակցիներն ամեն մետրո նստելիս հավանաբար հիշում են: Ութսունականների վերջին արդեն սկսվել էին «Բարեկամություն» կայարանից աջափնյակ համայնք տանող թունելի շինարարական աշխատանքները, սովետի քանդվելուց հետո ծրագիրը մնաց կիսատ, թունելն էլ հողով փակեցին: Տասը տարի անց մետրոյի երկու կայարանները կապահովեն տրանսպորտային ցանցի բեռնաթափումը: Մի կայարան կգործի Հանրապետական հիվանդանոցի մոտակայքում, մյուսը՝ «կվարտալում»: Ուղևորահոսքերը կաճեն 30 տոկոսով:


Այս թեմայով