Հոկտեմբերի 11-12-ին Երևանը կնշի հիմադրման 2796-ամյակը: Էրեբունի-Երևան տոնակատարությունն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, մեծ շուքով կնշվի: Երկու ամբողջ օր երևանցիներն ու քաղաքի հյուրերը կշրջեն քաղաքի փողոցներով, կմասնակցեն քաղաքապետարանի կազմակերպած տասնյակ միջոցառումներին ու մի լավ կզվարճանան:
Արդեն երկու օր է, ինչ քաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են մոտակա տոնակատարության մասին հուշող գովազդային պաստառներ: Հոկտեմբերի 11-12-ին նշում ենք մայրաքաղաք Երևանի օրը:
Միջոցառումների մասին
Այս տարի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեխը սոցիալական ծրագրերն են: Մայրաքաղաքի սոցիալապես անապահով, ազատամարտիկների և նյութական օգնության կարիք ունեցող 2796 ընտանիքներ համակարգիչներ, սառնարաններ, հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա կստանան Երևան քաղաքապետարանի կողմից: Այդ ընտանիքները կհրավիրվեն նաև հոկտեմբերի 12-ին Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին:
Հետաքրքիր է, չէ՞՝ ինչ տեսք կունենա Երևանը 10 տարի անց, ինչ ճարտարապետություն, երթևեկություն ու քաղաքային մշակույթ: Երևանի օրվա տոնակատարությունն այս տարի կմեկնարկի «Երևան-2025» միջազգային կոնֆերանսով: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ կներկայացնեն 10 տարի անց մայրաքաղաքի տեսքի, մշակույթի, ճարտարապետության ու քաղաքաշինության մասին իրենց պատկերացումները: Քաղաքապետարանը կորոշի՝ որ ոլորտներին ուշադրություն դարձնել մայրաքաղաքն ավելի հարմարավետ դարձնելու համար:
Օր 1-ին
Հոկտեմբերի 11-ին ժամը 14:00-ին «Էրեբունի» թանգարանին հարակից տարածքից կտրվի Էրեբունի-Երևան 2796-ի պաշտոնական բացումը՝ժողովրդական արվեստի գործերի, ազգային տարազի, խոհանոցի ցուցադրությամբ:
Օրվա ընթացքում՝ ազգային խաղերի մեկնարկ, «Պատանի երաժիշտների Երևանը» համերգ, լարախաղացների մրցույթ, ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ:
Օրվա վերջում՝ 19:00-ին կկայանա «Երևանում տոն է» համերգային ծրագիրը:
Oր 2-րդ
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին , փողոցներում ջրցան մեքենաների շքերթով կսկսվի տոնական երկրորդ օրը: Այն ավելի հագեցած կլինի բազմապիսի միջոցառումներով՝ սպորտային, մշակութային ծրագրեր քաղաքի տարբեր հատվածներում, բակային խաղերի մրցույթներ, երաժշտություն տարբեր ոճերի սիրահարների համար՝ դասական, ռոք, էստրադային ու ջազ համերգներ: Մոսկովյան պուրակում կլինի նաև հեղինակային երգերի երեկո բարդերի ակումբի կատարմամբ:
Վերջերս քաղաքում զգալիորեն ավելացած հեծանվորդներն էլ կարող են վայելել քաղաքում առանց մեքենաների երթևեկությունը: Հեծանվավազքի մեկնարկը 16:30-ին է, երթուղին՝ Արգիշտիի, Իտալիայի, Նալբանդյան փողոցներ, Սայաթ-Նովայի, Մաշտոցի Իսակովի պողոտաներ, վերջնագիծը՝ հեծանվահրապարակում:
Դպրոցականների համար
Մինչ հոկտեմբերյան տոնը դեռ բավական ժամանակ կա: Հանրակրթական դպրոցի աշակերտները կարող են հավաքել մտքերն ու պատկերացումները մայրաքաղաքի մասին, շարադրություն գրել ու հաղթել համաերևանյան մրցութում: Տոնական օրերին պարզ կդառնա՝ դպրոցականներից ովքեր են արժանացել մրցանակային տեղերի:
Երիտասարդների համար
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, տոնական գալա համերգից հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի երիտասարդական դիսկոտեկը: Ռոքի սիրահարներն էլ ժամը 20:00-ին կարող են Ազատության հրապարակում լինել:
Բաց չթողնեք քաղաքը վայելելու հնարավորությունը, չէ որ Երևանի կենտրոնական փողոցները ամեն օր չեն փակվում մեքենաների համար: Միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ տոնակատարությունների ծրագրում: