26 Սեպտեմբեր 2014, 09:40
1782 |

Ավստրիական շտրուդելի օրը Հանրապետության հրապարակում

Արդեն 8-րդ տարին անընդմեջ այս օրերին «Ավստրիական ավիաուղիներն» ու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը ավստրիական տոն են կազմակերպում քաղաքի կենտրոնում: «Մարիոթի» բակը վաղ առավոտից լցվում է նոր թխած ավստրիական քաղցրավենիքի`խնձորի շտրուդելի հոտով, հավաքվում են հարյուրավոր մարդիկ ու փորձում գնել հենց շահող կտորներից մեկը: Խաղարկվում է ուղևորություն Վիեննա 2 անձի համար:

Տոնը մեկնարկեց առավոտյան 11:00-ին: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շեֆ-խոհարար Ռոլֆ Գրաբերն իր թիմով մի ամբողջ օր խոհանոցում է անցկացրել, 82 մետրանոց տոնական խնձորով շտրուդել պատրաստելն այնքան էլ հեշտ գործ չէր:



Խոհարար 

Գրաբերը մասնակցել վերջին 4-ին ու ամեն տարի գերազանցել ինքն իրեն: Ասում է, որ ամենակարևոր նախապայմանն այն է, որ պատրաստելիս չափաբաժինները ոսկերչական ճշգրտությամբ ընտրվեն, այլապես ոչինչ չի ստացվի: Շտրուդելը կատակներ չի սիրում:



Տոնի մեղավորն ու անբաժան ընկերը: Խնձորի շտրուդելը կտրված է: Հմուտ խոհարարները այն բաժանում են հավասար մասերի ու համարակալում: Յուրաքանչյուր գնորդ վերցնում է իր բաժին թխվածքը ու այն համարը, որով մասնակցելու է խաղարկությանը: Միջոցառման կազմակերպիչների խոսքերով' ամենամյա տոնակատարության հիմնական նպատակը հայերին ավստրիական մշակույթի և խոհանոցի հետ ծանոթացնելն է:





Խաղարկությունը մեկնարկեց 18:00-ին: Մինչ այդ երևանցիներն ու քաղաքի հյուրերը հերթ կանգնած համտեսում էին իրենց բաժին թխվածքներն ու պինդ պահում վիճակահանության թերթիկները: Գլխավոր մրցանակը Վիեննայում հանգստանալու ուղեգիրն էր երկու անձի համար, ավիատոմսերը տրամադրել էր «Ավստրիական ավիաուղիները», հյուրանոցն էլ՝ «Արմենիա Մարիոթը»:

Հիմնական մրցանակից բացի խաղարկվում էին նաև բազմաթիվ այլ նվերներ' «Կուչինա» իտալական ռեստորանում շքեղ ընթրիք երկու հոգու համար, Ծաղկաձորի և Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցներում հանգստյան օրերն անցկացնելու ուղեգրեր և այլն: 

Այս տարի վիճակահանությամբ բախտը ժպտաց Շողակաթ Գալստյանին և Հայկ Վարդանյանին: Երջանիկ զույգը հանգստյան մի քանի օր կանցկացնի Վիեննայում: 

Այս թեմայով