22 Սեպտեմբեր 2014, 12:24
9122 |

Հավատալ, թե չէ. այս է խնդիրը

Սնահավատ լինելը բնորոշ է մարդուն: Այն ամենը, ինչը չի կարողանում բացատրել, վերագրում է մութ ուժերին: Ընդ որում, այս ֆենոմենը կա աշխարհի բոլոր ազգերի մոտ: Իսկ որո՞նք են հայկական հիմնական սնահատությունները:

Մատները խաչել
Մատները խաչում են երազանք պահելիս, խռովելիս կամ բարիշելիս, որևէ հաջողության սպասելիս: Թե ինչի համար կխաչես մատներդ՝ քո ընտրությունն է, սակայն իրականում այդ ժեստը օգտագործվել է քրիստոնյաների հալածանքների ժամանակ, այդ ժեստով հավատացյալները ճանաչել են միմյանց:

 


Սև կատուների սարսափը

Դիմացով սև կատու անցա՞վ: Մի հապաղիր՝ պտտվիր երեք անգամ, փոխիր ճանապարհդ, հետ դարձիր եկածդ ճանապարհով: Եկեղեցին սև կատվի ներկայությունը քո ճանապարհին բացատրում է այսպես. վախը լեգենդի սխալ ընկալման հետևանք է, ըստ որի միայնակ կանայք, ովքեր ապրում էին բազմաթիվ կատուների հետ, կախարդներ էին և կարող էին իրենց կատվի տեսքով կտրել ճանապարհը:

 


Հարվածել փայտին

Թու՛, թու՛, թու՛: Ինչու՞ թու: Հաջողությունդ արձանագրելուց կամ որևէ դժբախտության մասին խոսելիս երեք անգամ տկտկացնում են փայտին ու ասում թու, թու, թու: Դա բացատրվում է հետևյալ կերպ. ծառերում ապրող բարի հոգիներին խոստովանում ես քո հաջողությունը և կանչում նորանոր հաջողություններ:

 


Ախ, այդ հայելին

Գրեթե բոլոր մարդիկ օգտագործում հայելիներ, սակայն եթե հավատանք ավանդությանը, ապա նրանք բոլորն անհոգի են, քանի որ հայելու մեջ հաճախակի նայելը գողանում է նայողի հոգին: Ըստ այդմ՝ ի՞նչ կպատահի, եթե հայելի կոտրվի: Ասում են՝ յոթ տարվա դժբախտություն, քանի որ ըստ ավանդության հոգի գողացած հայելին վատ է անդրադառնում մեր ճակատագրերի վրա:

 


Թռչնաղբ

Աղբի այս տեսակը կարող է հարստացնել: Այս սնահավատությունը եկել է հին ժամանակներից, երբ երեխային հագուստը կեղտոտվել է թռչնաղբից, մեծահասակները մխիթարելու համար ասել են, որ դա հաջողության նշան է, քանի որ թռչունը հենց քեզ է ընտրել:

 


Թվերի խորհուրդ

Ըստ Պյութագորասի, թվերն են կարգավորում աշխարհը և բոլոր գաղտնիքները թվերի մեջ են: Այբուբենի տառերն ունեն թվային արժեք: Աստվածաշունչ չկարդալու արդյունքում սնահավատների համար 666 թիվը սատանայական է: Աստվածաշնչում թվային խորհուրդներ, իհարկե, կան՝ Սուրբ երորդություն, շաբաթվա 7 օր, 12 Առաքյալներ և այլն, սակայն եկեղեցին բացառում է մարդու կյանքում թվի վատ կամ լավ ազդեցությունը:

 


Մայիս ամսին չամուսնանալը

Մայիս-վայիս: Մայիսյան պսակադրությունից խուսափողները չգիտեն' ինչն է պատճառը, որ իրենք այդ ամիսը համարում են դժբախտության ամիս: Մայիս-վայիս արտահայտությունը պարզապես բառախաղ է, ուրիշ ոչինչ:

 


Եկեղեցու մոմ

Ուրիշի վառած մոմից մոմ չվառել, կենտ կամ զույգ մոմեր վառել, եթե մոմը հանգեց՝ վատ նշան է: Եկեղեցին չի հանդուրժում նման բաներ, քանի որ մոմավառությունը գեղեցիկ բարեպաշտական սովորություն է, որը չի կարելի վերածել մոգական ծեսի, իբր վառած մոմերի քանակից կամ ձևից են կախված մեր դժբախտություններն ու հաջողություները:

 


Մազեր

Կտրած մազերը չի կարելի թափել, եթե մեկն ու մեկը տրորի այն՝ գլուխն ուժեղ կցավի: Այս արտահայտությունը մեծահասակների փոքրիկ խորամանկությունն է, որը ժամանակի ընթացքում սկսել է խորհուրդ պարունակել իր մեջ սնահավատների կողմից:

 


Աղբը գիշերը չթափել

Տան հաջողություն աղբի մեջ չէ, իսկ այս արտահայտությունը դանդաղաշարժներին գործին տրամադրելու համար է: Ընդամենը կյանքը կանոնավորող նորմ՝ մինչ գիշեր գործերդ ավարտիր:

 


Աղը թափվեց

Աղը թափվեց, վեճ կլինի՝ այս համոզմունքը եկել է հին ժամանակներից, երբ աղը թանկ արժեր և դժվար էր ճարվում: Պետք է զգույշ և խնայողաբար օգտագործել այն:

 


Օճառ, սխտոր, սոխ

Սրանք այն բաներն են, որ չի կարելի տալ ուրիշին: Ըստ սնահավատների, սրանք ձեռքից ձեռք փոխանցվող իրեր չեն, քանի որ մռմուռ ունեն իրենց մեջ: Իսկ տալու դեպքում մրմուռ կբերի և՛ տվողնին, և՛ վերցնողին:

 

Այս թեմայով