13 Սեպտեմբեր 2014, 11:52
5296 |

Քարե քաղաքի հմայքը

Ներկայացնում ենք այս տարիների ընթացքում Տիգրանակերտում պեղված ամենաթանկագին, ամենակարեւոր գտածոները՝ ըստ մասնագետների:

2005-ի գարնանը պաշտոնապես ապացուցվեց, որ Արցախում գտնվում է Տիգրան արքայի հիմնադրած Տիգրանակերտը. 2006-ի ամռանը պատմական գիտությունների դոկտոր, հանգետ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ սկսվեցին պեղումները:Ամեն տարի հայտնաբերվում են հազարավոր գտածոներ, որոնք մասնագետներին հստակ պատկերացում են տալիս ճարտարապետական ու քաղաքաշինական հզոր ավանդույթներ ունեցող հնագույն քաղաքի մասին:Տիգրանակերտը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում եւ շարունակել կառուցվել ու ընդլայնվել մինչեւ մոնղոլական արշավանքները: Քաղաքը 70 հա. տարածք ունի. 8 տարվա ընթացքում պեղվել է ընդամենը 2 հա-ը: Տիգրանակերտով հետաքրքրված են նաեւ օտարազգի մարդաբաններն ու հնագետները: Մեր լաբորատոր պայմանները բավարար չեն՝ լիարժեք հետազոտություններ կատարելու համար, ուստի հաճախ դիմում ենք արտասահմանյան կենտրոնների օգնությանը: Բայց ձեռքի տակ եղած միջոցներն էլ բավական են՝ համոզվելու, որ գործ ունենք զարգացած քաղաքակրթության ու պատմամշակությաին արժեքավոր կոթողի հետ, որը նաեւ մեր ինքնության ակունքներն է հաստատում Արցախ աշխարհում: Գիտական այս գյուտի դեմ ադրբեջանցիները մաղձ են թափում նաեւ այն պատճառով, որ 50-60 տարի առաջ նույն տարածքում պեղումներ են արել՝ իբր գտնելու իրենց աղվան նախնիների արմատները ու շատ չանցած՝ ի լուր աշխարհի հայտարարել, թե այդտեղ ոչ մի քաղաք էլ չկա: Երեւի նախախնամությունն էլ չի ցանկացել, որ հայկական քաղաքի ավերակներին օտար ձեռք դիպչի: Տիգրանակերտն իրականում մեռյալ թագավորություն է, որի ամեն անկյունում մեր նախնիների ոգին է թեւածում:Տիգրանակերտի պեղումների ղեկավար Համլետ Պետրոսյանը երազում է, որ հայոց հնագույն քաղաքի մասին ստվարածավալ մենագրություն ունենանք, այն էլ՝ օտար լեզուներով: Գիրքը կներկայացնի քաղաքը՝ որպես հազարամյակների կնիքը կրող կենդանի օրգանիզմ: Ամենակարեւորը՝ ցույց կտա կառույցի էթնոմշակութային դիմագիծն ու հայկական պատկանելությունը՝ փաստերի քննության հենքի վրա:Իսկ առայժմ ներկայացնում ենք այս տարիների ընթացքում պեղված ամենաթանկագին, ամենակարեւոր գտածոները՝ ըստ մասնագետների:

Կնիքներ՝ հատուկ խորհրդանշաններով
Պեղումների ժամանակ Տիգրանակերտի միջնաբերդում հայտնաբերվել է Տիգրանի ժամանակների՝ մ.թ.ա. 1-ին դարի ագաթե կնիք, վրան՝ եղջերու, գավակին՝ արծիվ: Գտածոն ապացուցում է, որ Տիգրանակերտը եղել է կարեւոր ադմինիստրատիվ կենտրոն, որտեղ պաշտոնյաները գործարք են կատարել սեփական կնիքով: Այդօրինակ մի քանի կնիք է գտնվել, ինչպես նաեւ պարթեւական դրամներ ու սասանյան կնքադրոշմներ, որոնք վկայում են, որ հայկական քաղաքն այլ երկրների հետ վարչական, առեւտրական ակտիվ շփումներ է ունեցել:

Կնիքներ՝ հայերեն արձանագրություններով
Յուրաքանչյուր հնագետի մեծագույն ցանկությունն է գտածոյի վրա տեսնել գրավոր արձանագրություն, որը կգաղտնազերծի պատմական մութ անցքերն ու, ամենակարեւորը, կհաստատի տարածքի եւ հուշարձանի էթնիկ պատկանելիությունը: Հուրախություն մեր հնագետների՝ այդպիսիք գտնվել են նաեւ Տիգրանակերտում: Բազիլիկ եկեղեցու պեղումների ժամանակ հողի տակից հանել են կավե սկավառակ, որի վրա հայերեն գրված է. «Վաչագան ծառայ Տեառն Աստուծոյ»: Մեկ այլ կնիք հնագետներին տարակուսանքի մեջ է գցել: Վրայի գրությունը տարօրինակ է թվացել՝ պահլավերե՞ն է, թե եբրայերեն: Պարզվել է՝ ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը: Մասնագետները հակված են կարծելու, որ գրությունը հայերեն է, բայց թարս: Իսկ գրված է՝Սահակ:

Խաչեղեն առեղծվածներ
Իռլանդական բարձր խաչերը մինչ այժմ համեմատվում էին խաչքարային հորինվածքների հետ: Տիգրանակերտում գտնել են ձեւավոր շրջանակների մեջ առնված խաչեր, որոնք ակնհայտորեն ավելի շատ են նման իռլանդականին: Հնագետները հակված չեն պնդելու, թե իռլանդական խաչերը հայկական ծագում ունեն, բայց որ հիշեցնում են Տիգրանակերտի քարե կոթողները, անհերքելի է:

Խեցեղեն մշակույթ
Տիգրանակերտի խեցեղենն ուղղակի ապշեցրել է մասնագետներին: Այն Հայաստանի այլ տարածքների համանման խեցեղենի համեմատ շատ բազմազան ու բարձրորակ է, հետեւաբար, հատուկ հետազոտության կարիք ունի: Հայտնաբերվել է նաեւ մեծ թվով ջնարակապատ խեցեղեն: Անիի ու Դվինի պեղումներից հետո այդքան մեծ քանակություն դեռ չէր հայտնաբերվել: Հողի տակից օրական հանվել է 20-100 բեկոր: Շուտով Տիգրանակերտի խեցեղենի մասին գիտական համապարփակ ուսումնասիրություն կունենաք: Հնագետ Տատյանա Վարդանեսովան գիտական մենագրություն է պատրաստում:

Սարկոֆագ՝ չբացահայտված բովանդակությամբ
Անտիկ դամբարանադաշտը դեռ չի հայտնաբերվել: Մեր մասնագետները հնարավորություն չունեն հատուկ տեխնոլոգիայով սկանավորել տարածքը: 1 հա-ը սկանավորելու համար 1 մլն դրամ է պետք: Բայց գտնվել են վաղ քրիստոնեկան ժամանակների եկեղեցիներ, որոնց կողքին բացվել է քարե հսկայական սարկոֆագ: Մասնագետների պնդմամբ՝ այն ամենամեծն է Կովկասում: Սարկոֆագը քարե դագաղ է՝ միակտոր քարե կափարիչով: Հնագետները սարկոֆագը չեն բացել: Դա թողել են հաջորդ տարվան՝ որպես դեսերտ:

Առաջին կրաշաղախը
Մասնագիտական շրջանակները մինչեւ հիմա պնդում էին, թե Կովկասում կրաշաղախը կիրառվել է մ.թ. 3-րդ դարում: Տիգրանակերտի պեղումներն ապացուցում են, որ Տիգրան արքան այդ շինանյութն օգտագործվել է շատ ավելի վաղ՝ մ.թ.ա. 1-ին դարում: Ուստի՝ կրաշաղախի գործածության ավելի հին տարեթիվ, քան Տիգրանակերտինն է, առայժմ գոյություն չունի:

Քարի չմաշվող հմայքը
Հնագետներին ապշեցրել է այն, որ Տիգրանակերտը կերտված է բացառապես սրբատաշ քարից, այնտեղ հողե շինվածքներ չկան: Քաղաքի հզոր էներգետիկան ու ազդեցիկ լինելը նաեւ այդ հանգամանքով էպայմանավորված: Մերձավոր Արեւելքի հարյուրավոր քաղաքներ ժամանակի ընթացքում հողակույտերի են վերածվել, կորցրել անունն ու հմայքը հենց միայն այն պատճառով, որ քարեղեն չեն եղել: Քարը ոգի է ուհզորություն, քարը կրում է դարերի դրոշմն ու մնում անսասան: Նույնքան տպավորիչ է Անին, որովհետեւ այն նույնպես քարե թագավորություն է:

Ժայռի ֆենոմենը
Տիգրանակերտը հիմնադրվել է ժայռերի վրա, ավելի ճիշտ՝ ժայռերի մեջ: Մեր նախնիները ժայռը փորել են ու ամրոց կանգնեցրել, որի պատերը մոտ 3 մ լայնություն ունեն: Ամեն մի ժայռ մի հիմք է, եւ այդ պատճառով քաղաքը վերից ժայռեղեն աստիճանների է նման: Այդ մեթոդը ոչ միայն ճարտարապետական հնարք է, անառիկության երաշխիք, այլեւ սեյսմիկ տեսանկյունից՝ ապահով: Տիգրանն այլ դիտավորություն էլ է ունեցել. ժայռակուռ ամրոցը վախ է ներշնչում թշնամուն:

Տիգրանակերտը՝ քաղաքաշինության վառ օրինակ
Քաղաքը ժամանակի քաղաքակրթական ինովացիան է Հայկական լեռնաշխարհում: Տիգրանն իր քաղաքը հզորացրել նաեւ դրսի աշխատուժի շնորհիվ: Կապադովկիան նվաճելուց հետո նա Միհրդատի հետ պայմանավորվել է՝ տարածքը՝ քեզ, գույքն ու մարդիկ՝ ինձ: Հայոց արքան լավ գիտեր, որ շուտով պարթեւների հետ պատերազմելու է: Դրսից բերված աշխատուժի միջոցով նա ամրացնում է հյուսիսային սահմաններն ընդդեմ հյուսիսային կովկասի ցեղերի, որոնց պարթեւները հրահրում էին հայերի դեմ: Այս ռազմավարության ճշմարտացիությունը հաստատվել է պեղումներով: Տիգրանն օգտագործել է ժամանակի ամրաշինական ամենահզոր տեխնիկան: Կիրառել է նաեւ ծիծեռնակապոչ կապի մեթոդը, որն անսասան է պահում շինությունը: Այդ հնարքը ներմուծել է Միջագետքից ու Փոքր Ասիայից:

 

Այս թեմայով