Արվեստաբան Վիգեն Գալստյանը վերլուծում է անկախության շրջանի Երևանում արձանների տեղադրման տրամաբանությունը և առանձնապես չի զարմանում Խորհրդային Միության փլուզումից գրեթե քառորդ դար անց Անաստաս Միկոյանի հուշարձանի ստեղծման գաղափարից:
Անհայտ անձինք 1990-ին պայթեցրին բոլշևիկ հեղափոխական Ղուկաս Ղուկասյանին: Ավելի ճիշտ՝ նրան պատկերող արձանը՝ տեղադրված Ազգային գրադարանի այգում: Դա 1930-ականների հայկական մոնումենտալ արվեստի անկասկած լավագույն նմուշներից մեկն էր՝ կերտված «ստուկաչ» քանդակագործ Սուրեն Ստեփանյանի կողմից: Բայց այդ հանգամանքը չօգնեց Ղուկասյանին վերապրելու սովետական մաշկազերծման այս խառնաշփոթ ժամանակները: Պայթյունը խորհրդանշում էր ազգային գաղափարախոսությունների կտրուկ ձևափոխումը Հայաստանում: Դա կատարյալ մոդեռնիստական ժեստ էր. հիմնահատակ ոչնչացնելով սպառված սիմվոլները՝ ստեղծվում էր «մաքուր» տարածություն, որի վրա պետք է կառուցվեին անկախ Հայաստանի նոր խորհրդանիշները:
Լավ եմ հիշում 90-ականների սկիզբը, երբ ամբողջ հանրապետությամբ մեկ ծավալվեց «ֆիդայիստական» քանդակամոլության արդյունաբերությունը: Անդրանիկների, Չաուշների ու Նժդեհների մի ստվար բանակ պահակների նման կանգնեցվեց համարյա թե բոլոր քաղաքային այգիներում և պուրակներում: Հիմա ի՞նչ անենք, որ դրանք բոլորը, մեղմ ասած, գեղարվեստական արժեքից զուրկ էին: Պատերազմ էր, կռվող տղերք էին պետք ու, բնականաբար, դրանց արձանները նույնպես: Տեսքին հո չէ՞ին նայելու:
Այդուհանդերձ, հուշարձաններն ընդմիշտ մնում են ֆունկցիոնալ գործիքներ: Խաղաղության, նորակառույց հայկական նեոլիբերալիզմի պայմաններում անհրաժեշտ էին բոլորովին այլ կերպարներ: 2000-ականների այդ թարմ, քոչարյանական ժամանակաշրջանում իսկույն առաջ են մղվում նորահայտ սիստեմը հաստատող կուռքեր՝ իրենց համապատասխան մեհյանների դիմաց: Նոյը, Տիգրան Մեծը, Տրդատ թագավորը, Արգիշտի Ա-ն, Բաղրամյանը և տարատեսակ առաջնորդների մոնումենտալ կերտվածքները հստակ ազդարարում են ժամանակակից նախրապանների հայեցակարգը: Հանրային տեսադաշտում տվյալ հուշարձանները գալիս էին ներկայացնելու անհատին, քաղաքացուն ու մտավորականին չեզոքացնող տոտալիտար ուժային համակարգը: Հետին պլանում նաև մեր ֆոլկլորային հերոսներն են՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Վիլյամ Սարոյան, «Հայուհին» և այլն:
Ինչ-որ առումով կանխագուշակելով Սերժ Սարգսյանի կարգախոսը՝ Նոյն ու Բաղրամյանը, ձեն ձենի տված ասում էին՝ «հավատանք, որ փոխենք»: Սակայն ինչո՞ւմ պետք է բացահայտվեր այս փոփոխությունը: Բնականաբար խոշոր, մասնավոր կապիտալի մեջ: Իսկ ովքե՞ր կարող էին մատնանշող օրինակ ծառայել ներկա քաղաքական պայմաններում գործող օլիգարխիայի համար: Հանկարծակի հիշեցին Ալեքսանդր Մանթաշովին և Հովհաննես Այվազովսկուն: Վերջինս արվեստագետի արձան է, որը, սակայն, իրականում բնավ արվեստագետի մասին չէ: Մանթաշովի նման, այն լոկ հուշարձան է՝ նվիրված ցարական Ռուսաստանում հարստացած մի հայի:
Այսպիսով, անկախության շրջանի մոնումենտալ արվեստը հիմնականում ներկայանում է որպես վերջին 25 տարիների քաղաքական և մշակութային շրջադարձերի նյութականացված մի պատկերագիրք: Այն համարյա չի փոխել իր՝ սոցռեալիստական դասագրքերից ժառանգված նատուրալիստական, հռետորական ձևաչափը, որից դուրս են մնացել կանայք, անարխիստները, ազատամիտները, վերացականը և ցանկացած այլ բան, որ կարող է խորհելու, խնդիր բարձրացնելու առիթ տալ: Ու մի՞թե զարմանալի է, որ երբ պայթեց Ղուկասյանը, ընթացքում հայտնվեց Անաստաս Միկոյանը:
Այս ամենին պակասում էր միայն բրոնզաձույլ նրբերշիկը, որի մասին, թերևս, տխուր մտորում էր Երվանդ Քոչարի միայնակ ու մոլոր «Մելամաղձությունը»: