15 Սեպտեմբեր 2014, 10:33
4335 |

Երևանյան հիպիները. վրձինով քանդած մեխանիզմ

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրած գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ, «Հայաստան» հանրախանութի տեղում 70-ականների Երևանի առաջադեմ նկարիչների արվեստանոցն էր, հավաքվում էին խորհրդային համակարգից ու ժամանակից շեղված արվեստագետներն ու խոսում ջազից, ռոքից, ժամանակակից գրականությունից, որոշում՝ ոնց են քանդելու սովետի վարագույրը ու ավելին իմանան Rolling Stouns-ի, The Beatles-ի ու մնացածների մասին:

Նկարիչ, հիպի Գրիգոր Խաչատրյանը նրանցից մեկն էր ու ճանաչում էր քաղաքի ստաժավոր հիպիներից շատերին:

Հիմա շատերն են ասում, որ 40 տարի առաջ շարժման մեջ են եղել, հիպիի հատուկ կոդեքս ունեի՞ք:
- Կոդեքս, իհարկե, չկար, շատերն էին ժամանակակից հագնվում, մտածում այլ ձևով, կարդում այլ գրականություն ու լսում այն, ինչ խորհրդային բնակարաններ մուտք չուներ: Բոլորս էլ երիտասարդ էինք, ինձ հոգեհարազատ համարել եմ նրանց, ովքեր այդպես էլ չընդունեցին համալսարանը որպես կրթության մոդել ու կարգին ուսում չստացան:

Արվեստագետի համար դժվար էր էն տարիներին պատկերացնել խորհրդային քաղաքացու ՝ տնից՝ գործի, գործից՝ տուն մոդելը, ու էդպես մինչև կծերանայիր ու կանցնեիր թոշակի: Մտածում էինք ՝ավելի լավ է նկարիչ լինել, արթնանալ՝ երբ քեֆդ տա, քնել՝ երբ քունդ իրոք տանի ու անել ամեն արգելված բան, ինչի համար նույնիսկ դատ էր հասնում:


Կրթության պակասը լրացնելու հնարավորություններ կայի՞ն:

- Նախ կարդում էինք բոլոր արգելված գրքերը, մամուլում էլ ժամանակ առ ժամանակ հրապարակումներ էին լինում, «Комсомольская Правда», «Авангард» թերթերը քննադատական հոդվածներ էին տպում արևմտյան խմբերի կամ մշակույթի, նույն հիպիների մասին, թերթերից գոնե տարրական գիտելիքներ էինք ստանում: Գրաքննական հոդվածներից էլ արգելված գրականություն էին ուսումնասիրում: Վերևներից չհասկանալով՝ մեզ օգնում էին, հետո զարմանում՝ որտեղից էս ջահելները էսքան բան գիտեն արևմուտքի, ջազի ու մնացած բաների մասին:

Զենք ու բռնություն մերժող հիպիները ինչպե՞ս էին բանակում ծառայում:
-
Շատերը փախչում էին, ես էլ չեմ ծառայել, փախա, հետո ինձ հոգեբուժարան տեղափոխեցին: Որ ճիշտն ասեմ՝ իսկապես որ էն ժամանակների համար հոգեկան հիվանդի տեսք ունեի՝ երկար մազեր, մազերիս նման երկար մորուք ու տարօրինակ հագուստ: Որոշ ժամանակ էնտեղ անցկացրի ու ինձ ազատեցին բանակից: Լավագույն տարբերակը գժի տպավորություն թողնելու համար անտարբերությունն էր, պարզապես ուշադրություն չէիր դարձնում շուրջդ կատարվող քաոսին ու վերջ: Ես չէի կարող զենք բռնել, կարգապահությամբ ծառայել ու հրամաններ կատարել, ցանկացած իրեն հարգող հիպիի համար դրան նոնսենսներ էին:


Ինչո՞ւ հենց Հայաստանում առավել մեծ տարածում գտավ հիպի շարժումը:
- Եթե ուշադիր ուսումնասիրենք, այդ տարիներին (1960-ականների վերջ,1970-ականների սկիզբ) Հայաստանում մշակութային ու այլ ոլորտների բում էր, «Արարատը» դարձավ չեմպիոն, ուժեղ էր եկեղեցին, զարգանում էր նկարչությունն ու ջազը, հետո նույնիսկ ռոքը, սովետում մեծ ճանաչում ունեցող խմբեր ունեինք: Գիտությունը խելահեղ ռիթմով առաջ էր գնում: Հիպիներ էլ, որպես զարգացած երկրի սիմվոլ, բնականաբար պետք է լինեին:
Մոսկվայից հասկացան, որ դեմներս առնել այլևս հնարավոր չի լինի, հուպ տվեցին ու փակեցին բոլոր խողովակները:


Ի՞նչ հակասություններ կային հասարակության ու պետական համակարգի հետ:
- Կարելի է ասել՝ կռիվ էր մեկը երկուսի դեմ: Ոստիկաններն ավելի շատ չեզոք դիրք էին զբաղեցնում ու կողքից հետևում, թե ինչպես է խավարամիտ ամբոխը դուրս գալիս մեր դեմ: Ռեստորաններից մեկում մի խումբ ջահելների հետ իրար տվինք, ոստիկանները կանգնած լուռ հետևում էին, չէին խառնվում, իրենց էլ էր ձեռ տալիս, որ մեզ մի լավ ծեծեն: Հետո մոտեցան մեզ, որ իբր տեսնեն՝ ինչպես ենք, հո շատ չենք վնասվել, ապտակեցինք ու հետ ճանապարհեցինք: Ամեն դեպքում՝ ինչ-որ առողջ, լուսավոր բան կար այդ ամենի մեջ… վաղուց նման էմոցիաներ չեմ ունեցել:

Այս թեմայով