25 Օգոստոս 2014, 11:47
2236 |

Բազե. օր վեցերորդ

Ավարտվեց համահայկական երիտասարդական հավաքը: Բազեի ավարտական օրվա սպորտային միջոցառումները, թերևս, ամենաէքստրեմալն էին, իսկ օրն ամփոփվեց մեծ գալահամերգով:

Վեց օր միմիանց դեմ «կատաղի» պայքար մղած եռագույն ճակատները վերջին օրով հանդիպեցին մարտի դաշտում: Օրը սկսվեց փեյնթբոլի մրցաշարով: Զուր չէին ՊՆ մասնագետների խորհուրդներն ու վարժանքները յուրաքանչյուր օրվա ավարտին: Բազեականները գունավոր գնդակների մարտի դաշտում իսկական մենամարտ ցուցադրեցին: Գունանետող զենքերով զինված աղջիկ, թե տղա  «կյանքի ու մահվան» պայքար էին մղում միմանց դեմ: Փորձառու ռազմագետների նման հակառակորդից թաքուն մշակում էին հարձակման պլան ու ամեն գնով փորձում պահպանել դրոշը օտար ոտնձգություններից:

Ճակատների հաջորդ բախումը ճանապարհային էր: Մարտի էին դուրս եկել եռագույն վազորդները, որոնք մոտ երեքկիլոմետրանոց ուղին փորձում էին հաղթահարել հնարավորինս կարճ ժամկետում: Չնայած հաղթանակին հասավ նարջնագույն ճակատի տղաներից մեկը, սակայն էլի ու կրկին այս մենամարտում նույնպես աղջիկները գերակտիվ էին: Բարդ վերելքների պահին, երբ շնչառությունը դժվարանում էր, աղջիկները չէին զլանում ոգևորող կոչերով թարմացնել և գոտեպնդել թիմակիցներին:

 

Սպորտային հանդիպումներն ավարտին միավորների պարզ հաշվարկով արդեն հայտնի էր, որ հաղթանակը նարնջագույն ճակատինն է: Գալահամերգի ընթացքում ակնկալվող միավորներն արդեն կարմիր ու կապույտ ճակատների միջև երկրորդ տեղը գրավելու համար էին: Ու երբ սպորտային մրցաշարերը տեղը զիջեցին ստեղծագործականներին, սկսվեց հավաքի էմոցիոնալ պայքարը:

Վեց օր շարունակ, յուրաքանչյուր ճակատի երիտասարդ մոդելավորողները իրենց ճակատի գույներին համապատասխան կտորներով հագուստներ էին կարել: Գալահամերգն առաջին վայրն էր, որտեղ ներկայացվեցին մոդելները: Այստեղ նույնպես հաղթանակը նարնջագույնինն էր:

Առհասարակ, նարնջագույն ճակատը, այս հավաքի ընթացքում ոչ միայն աչքի ընկավ փայլուն հաղթանակով, այլև ռեկորդ գրանցեց: Բազեի պատմության ընթացքում առավելագույն միավորների տարբերությունը առաջին հորիզոնականի համար 11-ն էր: Նարինջները գերազանցեցին այս շեմը՝ այն հասցնելով 13-ի:

Կապույտ ու կարմիր ճակատների երիտասարդները նարնջագույնի հաղթանակը վերագրում են գրեթե բանակային կարգուկանոնին: Երբ կարմիրներն ու կապույտները հանգստի ժամերին զանազան խենթություններ էին անում, նարջագույնը պատրաստվում էին հաջորդ օրվա մրցություններին:

Առհասարակ ճակատներից յուրաքանչյուրն աչքի էր ընկնում միայն իրեն բնորոշ հատկանիշներով: Կարմիր ճակատում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ջոկատն էր, ու այս հանգամանքը բավական է պատկերացնելու՝ կարմիր ճակատի օրը որքան հագեցած էր անցնում: Թատերականցիները գիշեր-ցերեկ նոր խենթություններ էին մոգոնում, դիվադադար անելով մյուս ճակատներին: Մե՜կ հարսանիք, մե՜կ թաղում, մեկ-մեկ էլ իմպրովիզային ներկայացումներ հենց Սպորտ բազայի միջանցքներում: Մի խոսքով, կարմիր ճակատ` ուրախ ճակատ:

Կապույտ ճակատի ներկայացուցիչներն աչքի էին ընկնում իրենց մարդամոտությամբ: Տեղակայված լինելով նարջագույն ու կարմիր ճակատների ուղիղ մեջտեղում՝ նրանք մեկ այս հարկից, մեկ մյուս հարկից հյուրեր էին բերում իրենց մոտ, ու իսկական հայկական հյուրընկալություն կազմակերպում: Մարտական ոգին չկորցնելով, այնուամենայնիվ, այս ճակատի ներկայացուցիչները մյուս գույներին չէին ընկալում որպես հակառակորդներ: Կապույտների՝ արդեն լեգենդար դարձած լրագրողների ջոկատն էլ ճակատի պարծանքն էր:

Վեցերորդ օրը, ինչպես միշտ, ավարտվեց դիսկոտեկով: Հրավառությունից ոգևորված երիտասարդները վերջին գիշերն աչք չկպցրեցին: Նոր ծանոթությունները, նոր ընկերներն ու առհասարակ հավաքի օրերի ձեռքբերումներն իմի բերելու համար գիշերը դժվար թե բավարարեր: Ինչևէ, Բազեն հաջողակ վայրէջք կատարեց, ու գնաց հանգստի մինչ հաջորդ տարի:

 

 

Այս թեմայով