03 Հոկտեմբեր 2014, 10:26
1451 |

Հատակապար

Ի՞նչ է սա՝ սպո՞րտ, թե պար, ո՞ւմ համար է այն՝ բողոք ունեցողների՞, թե հոգով ազատների, ի՞նչ արդյունքներ կտան երկար ու տանջալի պարապմունքները, ո՞ր շարժումներն են ընդունելի և որոնք՝ թեմայից դուրս. եթե ձեզ նույնպես տանջում են այս հարցերը, ուրեմն բրեյք-դանսի համաշխարհային ակումբի անդամ դառնալը սարերի հետևում չէ։

Եվ թող լինի պար
1973-ին Նյու Յորքի Բրոնքս թաղամասի փողոցներում պաշտոնապես սկիզբ առած բրեյք-դանսը հիփ-հոփ մշակույթի ուղղություններից է։ Բրեյք-դանսի «պապան» Ջեյմս Բրաունն է, հենց նա հսկայական զանգվածային շոուի միջոցով առաջինն աշխարհին ներկայացրեց այս պարի ամբողջ հմայքը։ 1980-ականներից, երբ ուղղությունը հասավ իր տարածման գագաթնակետին, պարողները ձեռք բերեցին նաև կարճ ու լակոնիկ դիմելաձև՝ բիբոյ ու բիգրլ, իսկ նրանց մրցումները՝ բաթլ։

Հատակապարի հատակը
Բիբոյի զենքը ոչ իր գրիչն է, ոչ էլ մատիտը։ Նա գործունեություն ծավալում է հատակին, հետևաբար՝ այն պետք է լինի իդեալական։ Ինչ շարժումներ ասես, որ չեն անում բրեյք-դանսի ժամանակ՝ էլ գլխով անթիվ պտույտներ, էլ ձեռքը՝ որպես ծանրության կենտրոնօգտագործելը, էլ մի ձեռքից մյուսն արագ-արագ տեղափոխվելը։ Ու այստեղ է, որ գնահատում ես ամուր հատակը։ Օրգալիտը ունիվերսալ տարբերակ է, այն այնքան հարթ չի, որ անընդհատ սղղաս, ու նաև կպչուն չէ, որպեսզի չխոչընդոտի շարժումները։ Օրգալիտը հանովի-դնովի է՝ այն հնարավոր է տեղաշարժել։ Փաստորեն, բրեյք-դանսով զբաղվող ամեն մեկը կարող է ունենալ իր անհատական հատակը:

Պահի որսորդները
Ազնավուր Վանյանը, նույն ինքը՝ բիբոյ Ազոն, արդեն վեց տարի է՝ ինչ բրեյք-դանսով է զբաղվում: Նա իր հինգ ընկերների հետ կազմել է թիմ՝ Funky Monsters, ու արդեն մեկ ու կես տարի զբաղվում է Հայաստանում բրեյք-դանսի քարոզով: Մասնակցում են տարբեր մրցույթների, ընդ որում՝ ոչ միայն այստեղ, այլև արտասահմանում: Այս տարի իրենց հնարքներով ու վարպետությամբ արդեն զարմացրել են բոլորին Թիֆլիսում ու Ռոստովում անցկացված մրցույթների ընթացքում:

Ազնավուրը համոզված է, որ բրեյք-դանսը լավագույնս բացահայտում է մարդու ստեղծագործելու ունակությունները. «Բրեյքն անմիջական կապ ունի բնության հետ, պարողի ոգեշնչման աղբյուրը հենց նա է: Ես կարող եմ իմ պարի մեջ օգտագործել դելֆինի, կատվի շարժումներ: Ընդհանրապես, բրեյք դանսը, ինչպես և ցանկացած պար, առաջին հերթին փիլիսոփայություն է, հիմքում ընկած է կյանքի անցողիկության գաղափարը: Ոչ մի պար երբեք չի կրկնվում, ամեն զգացմունք, շարժում վայրկյան անց անցյալ է»:

Բրեյքը՝ մեր մեջ, մենք՝ բրեյքի
Բրեյքով շնչել, բրեյքով ապրել՝ այլ տարբերակ չկա նրա համար: Բիբոյ Պոլուքսը՝ Էդուարդ Հարությունյանը, բրեյք-դանսով ոգեշնչված է արդեն վաղուց, համոզված է, որ Հայաստանում մեծ պոտենցիալ կա, սակայն զարգացումը հիմնականում սխալ հունով է ընթանում. «Հայկական խմբակներում երեխաներին սովորեցնում են միայն շարժումներ, բայց ոչ փիլիսոփայություն: Բրեյքը նախևառաջ ազատություն է, իսկ մեր պարուսույցները սահմանափակում են երեխաներին, ասում՝ սա ճիշտ է, սա՝ սխալ: Չկա նման մոտեցում բրեյք-դանսում, կարևորը էսթե- տիկ լինի, տեմպի մեջ, այլ օրենք գոյություն չունի»: Էդոն պատմում է, որ բրեյք պարելու համար որևէ նախապայման պետք չէ, ընդամենը հեռախոս, որի մեջ կա ռիթմիկ երաժշտություն: Պարում են հիմնականում ֆանկ, սոուլ, բրեյք-բիթս և այլ գործերի տակ: Բրեյք-բիթեր կան ամենուր, կարևորը դրանք գտնելու ցանկությունն է: Հայկը՝ բիբոյ Մունքին, նշում է, որ բրեյք-դանսի զարգացումն ու տարածումը անմիջական կապի մեջ են նաև ակումբային երաժշտության տարածման հետ: Մինչդեռ Հայաստանում այս ուղղությամբ քայլեր դեռևս չեն ձեռնարկվում. «Դիջեյների խնդիր կա, կարգին հայ դիջեյ դեռ չենք հանդիպել, մրցումների ժամանակ ստիպված ենք լինում դիջեյ հրավիրել արտասահմանից»: Որքան էլ Հայաստանում բրեյք-դանսի զարգացման մակարդակը զիջի արտասահմանին, փաստ է, որ հայ բի-բոյները արդեն հաջողությամբ կարողանում են նվաճել առաջատար դիրքեր արտասահմանյան բաթլների ժամանակ: Դա է վկայում մրցաշարերից հաղթանակած վերադարձած երիտասարդների օրեցօր ավելացող քանակը:

Տասը պատվիրան
Բաթլներն ունեն իրենց կանոնները, որոնց հետ չհամաձայնվողներին պատժում են օրենքի ողջ խստությամբ։ Առաջին կետը անհասկանալի է հնչում, բայց հավանաբար, դեպքեր եղել են. «չքնել բաթլի ժամանակ»։ Երկրորդ կետի համաձայն՝ «երբեք ցույց չտալ շարժումների ամբողջ պաշարը միանգամից»։ Օջախ է, պետք կգա։ Երրորդ կետն «արգելում է կատարել շարժումներ, որոնք դեռևս մինչև վերջ հղկված չեն»։ Չորրորդի համաձայն՝ «մեկ բաթլի ընթացքում մի քանի ելույթ չունենալ»։ Հինգերորդ կետը ընդունելի է ամենուր և վերաբերում է հեղինակային իրավունքներին՝ «չկրկնել հակառակորդի շարժումները»: Նույնիսկ հատուկ անուն կա գողացած շարժման համար՝ «բայթ»։ Վեցերորդ կետը խոհափիլիսոփայական է՝ «քիչ խոսքեր, շատ կենտրոնացում»։ Յոթերորդ կետը կոչ-հորդոր է՝ մասնակիցներին ուղղված՝ «բաթլում հաղթում է ոչ թե շարժումը, այլ միտքը»։ Ութերորդ կետը հուշում է՝ «ազդել ենթագիտակցության վրա»։ Իններորդը՝ հիշեցում՝ «հայացքը ոչ մի դեպքում չհեռացնել գերնպատակից»։ Եվ վերջապես բաթլի ոսկե օրենքների տասներորդ կետը սառը ցնցուղի էֆեկտ ունի՝ «կարողացիր արժանապատվորեն ընդունել պարտությունը»։

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2014

Այս թեմայով