Լեզուն խուճուճ երևույթ է, ի տարբերություն ճշգրիտ գիտությունների՝ այն հաճախ տրամաբանության չի ենթարկվում: Լեզվի օրենքները պայմանավորված են տարբեր հանգամանքներով, պատմական իրողություններով: Հատկապես բարդ է հայերենը, քանի որ գոյության հազարամյակների ընթացքում բազում փոփոխությունների է ենթարկվել: Ըստ այդմ գրագետ հայերեն լսելը դարձել է եզակի երևույթ: Ներկայացնում ենք հայերենում 10 հաճախ հանդիպող սխալները:
1. Երբ հարցնում են. «Ձեր անունն ինչպե՞ս է», ամեն անգամ գայթակղություն է առաջանում պատասխանել. «Շնորհակալություն, շատ լավ է, բարևում է»:
Ճիշտ պատասխան. Ձեր անունն ի՞նչ է:
2. «Ես սիրահարվեցի քո վրա առաջին հայացքից», - խոստովանում է տղան: Թող նա չզարմանա, եթե աղջիկն իրեն մերժի անգրագետ լինելու պատճառով:
Ճիշտ պատասխան. Սիրահարվեցի քեզ:
3. «Ես օրեկան կարող եմ տասը րոպե անցկացնել սոցցանցերում»: Եվ այդ տասը րոպեում հաստատ հայերեն չես սովորի:
Ճիշտ պատասխան. Օրական: Նույնը վերաբերվում է ամսականին, բայց ոչ տարեկանին:
4. «Օպերայի վրա քեզ եմ սպասում», - հեռախոսով ասում է ընկերդ՝ վախ առաջացնելով, որ չգիտես ինչու՝ բարձրացել է Օպերայի կտուր:
Ճիշտ պատասխան. Օպերայում: Նույնը՝ հրապարակում, կանգառում, փողոցում:
5. «Դուք մոռացաք ձեր ակնոցները», - հուշում են սիրալիր մարդիկ: «Բայց ես մեկ ակնոց ունեի», - զարմանում եք դուք: Այս դեպքը ռուսաբանության վառ օրինակ է:
Ճիշտ պատասխան. Ակնոց:
6. «Անհայտ կորել» արտահայտությունը կարելի է հանդիպել նույնիսկ առաջադեմ լրատվական աղբյուրներում: Փաստորեն, մարդը կորել է, այդպես էլ հայտնի չդառնալով:
Ճիշտ պատասխան. Անհետ կորած:
7. «Ծիրանի գինը այս տարի էլ ավելի է թանկացել», - փաստորեն, ոչ միայն ծիրանն է թանկացել, այլև նրա գի՞նը: Թանկանալ կարող է ապրանքը, մթերքը, իսկ գինը…
Ճիշտ պատասխան. Գնի բարձրացում, գնի աճ:
8. «Քայլելուց խոսել այդքան էլ հարմար չէ»: Միգուցե հարմար է նստելու՞ց խոսել:
Ճիշտ պատասխան. Քայլելիս խոսել:
9. «Հայերեն լեզու» արտահայտություն գոյություն չունի, ինչպես, ասենք «ռուսերեն լեզու»: Եթե անպայման ուզում եք օգտագործել «լեզու» բառը, ապա կիրառեք «հայոց լեզու» ձևը:
Ճիշտ պատասխան. Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Այստեղ «-երեն» վերջածանցն արդեն իսկ նշանակում է «լեզու»:
10. Երբ ասում ենք «դեպի հետ», «կատուն դա կենդանի է», «ասենք թե՝», մոռանում ենք, որ լեզուն չի սիրում ավելորդ բառեր, առանց որոնց արտահայտությունը իմաստը չի կորցնի:
Ճիշտ պատասխան. «Հետ», «Կատուն կենդանի է» «ասենք»:
Հայերենում տարածված սխալների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Wikibooks կայքում: