Արդյոք երկրի վրա դեռ կա՞ն վայրեր, որտեղ կարելի է հանգիստ, առանց առողջությունը վտանգելու ծորակից ջուր խմել: Երևանն այն հազվագյուտ քաղաքներից է, որտեղ շշալցված ջուր գնելն ավելի շատ տուրք է նորաձևությանը, քան անհրաժեշտություն: Դրա ամենավառ և մինչ օրս կենդանի վկայությունը ջրի որակի վերահսկում իրականացնող դանիական ընկերության մասնագետներն են, ովքեր ծանոթանալով «Երևան Ջուր» ընկերության կենտրոնական լաբորատորիայի տվյալներին՝ սկսեցին ջուր խմել ծորակից: Իսկ ինչպե՞ս է ջուրն աղբյուրից հասնում մինչև մեր խոհանոցների ծորակները:
Սեփական հունը
Հայերենում հետաքրքիր արտահայտություն կա՝ «նրանց ջուրը մի հունով չի հոսում»: Սա մարդկանց մասին է, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում լեզու գտնել: Ինձ միշտ թվում էր, որ այս արտահայտությունը զուրկ է որևէ իմաստից առնվազն այն պատճառով, որ ջուրը հաշվելի գոյական չէ:
— Դե, չէի ասի,— չի համաձայնում «Երևան Ջուր»-ի դիմում-բողոքների և հաղորդակցության տնօրեն Գագիկ Մարգարյանը, — օրինակ, ասենք, ջուրը Երևան է հոսում տարբեր աղբյուրներից, տարբեր հուներով՝ Ապարանից, Գյումուշից, Արզնիից, Գառնիից: Կոնկրետ ո՞ր աղբյուրն եք ուզում տեսնել:
Նման ընտրության պարագայում, իհարկե, դժվար էր մեկի վրա կանգ առնել ու բացի այդ, ամեն օր չէ, որ այդպիսի փակ, ռազմավարական կարևորության օբյեկտներ մուտք գործելու թույլտվություն ես ստանում: Այդուհանդերձ, որոշեցինք գնալ Գառնի և Արզնի:
Մաքուր զգացմունքների կաթիլ
Իհարկե, անսովոր է Գառնի գնալ ոչ թե քրիստոնեության ընդունումից հետո պահպանված միակ հեթանոսական տաճարը տեսնելու, այլ կապտաժ այցելելու համար: Տաճարը նույնիսկ հեռվից չտեսանք. ճանապարհից թեքվեցինք դեպի կիրճը: Ձախից Ազատ գետն էր, աջից՝ բնության բացառիկ հուշարձան քարերի սիմֆոնիան կամ երգեհոնը: Հսկայական հուշարձան՝ նվիրված երաժշտությանը: Մտքովս անգամ չէր անցնում, որ մի քանի մետրից իսկապես կլսեմ նրա ձայնը:
Ճռռացին դարպասները, հետո՝ երկաթե դուռը, և ես հայտնվեցի մի մեծ արհեստական քարանձավում, որն արտաքին աշխարհից բաժանված էր պողպատե թիթեղներով: Աստիճաններով շարժվեցինք դեպի քարանձավի խորքը, զուգընթաց լսվում էր ջութակի հնչյուններ հիշեցնող ջրի բարակ շիթերի ու թմբուկների նման խլացուցիչ ջրվեժի ձայնը:
— Գագիկ, իսկ կապտաժն ի՞նչ է, — փորձում եմ ի մի բերել տեսածս ու այդ անվանումը:
— Դա ստորգետնյա աղբյուրի ջրերի կուտակման վայրն է, որտեղից դրանք երկրի երես են դուրս գալիս: Լատիներենից թարգմանաբար նշանակում է «բռնում եմ»:
Այդքան բան:
Ջուրը հավաքելու ժամանակը
Կրկին շարժվում ենք քարի ու ջրի միջև, որը, թեև անհանգիստ է, ինչպես ցանկացած լեռնային գետ, բայց հոսում է իր հունով՝ զուգահեռներ առաջացնելով ժամանակի հետ:
Մարդը միշտ իր տեղն արևի տակ գտել է ջրի կողքին: Բնակավայրեր հիմնվել են լճի, գետի, աղբյուրի մոտ այնքան ժամանակ, մինչև որ մարդիկ սովորեցին տեղափոխել ջուրը: Միայն դրանից հետո հնարավոր դարձավ մեծ քաղաքների կառուցումը: Այդպես մեր թվարկությունից առաջ 782-ին հիմնվեց նաև Երևանը: Ավելի ճիշտ՝ Էրեբունին: Ամրոցի հիմնադրման մասին Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրության մեջ հիշատակվում է, որ հողն այստեղ անապատային էր, և որ արքան այստեղ «մեծամեծ գործեր» է կատարել: Մեծամեծ գործերի շարքում, իհարկե, նաև ջրատար խողովակի կառուցումն էր՝ Գառնու աղբյուրից խմելու ջուրը քաղաք բերելու նպատակով: Էրեբունու ջրամատակարարման համակարգն այդ ժամանակվա համար տեխնիկական առաջընթաց էր, քանի որ ապահովում էր ամրոց հասնող ջրի որակի հսկողությունը: Ջրատար խողովակը պատրաստված էր տաշած տուֆե աղյուսներից: Քարի ընտրությունը պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ հեշտ է մշակվում, այլև, որ տուֆը զտիչի դեր է կատարում. դրա անցքերը բակտերիաները կլանելու հատկություն ունեն: Բացի այդ, իրարից որոշակի հեռավորության վրա քարե խողովակներում անցքեր էին փորվել, որոնց մեջ նայելով կարելի էր տեսնել, թե ինչ է կատարվում խողովակի ներսում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ առանձնացնել հատվածներից մեկը, մաքրել այն և վերացնելով խոտանը՝ տեղը վերադարձնել: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ժամանակվանից մինչ օրս ջրի մատակարարման հետ կապված խնդիրները չեն փոխվել՝ ապահովել ծավալ և որակ:
Անկախությունից հինգ լիտր պակաս
Մենք կողմնակի անձինք չենք, համենայնդեպս՝ այսօր: Արզնիի սանիտարական գոտու աշխատակիցները և անգամ զինված հսկիչները հանգիստ ներս թողեցին մեզ «Կողմնակի անձանց մուտքն արգելված է» ցուցանակի կողքով, իսկ շղթայված հսկա շունը միայն թարս հայացք նետեց մեր կողմ: Բարձրանում եմ գետակի վրայի կամրջով, որը նույն վայրկյանին, առանց իրար խառնվելու, ալարելով թափվում է թունելի մեջ: Վերջինի քարե ճակատին՝ կամարի անմիջապես վերևում, կառուցման տարեթիվն է՝ 1936: Որքան ջուր է հոսել այդ օրվանից... Կարելի էր, իհարկե, հաշվել, թե որքան և որերորդ լիտրի
վրա է հռչակվել Հայաստանի անկախությունը: Այդ դեպքում կարելի է անգամ փորձել պարզել, թե ինչ է կատարվել անկախությունից հինգ լիտր պակաս: Դե լավ, հո ջրային ժամացույց չէ…
Բլրի վերևում՝ ևս մեկ երկաթե դռան հետևում, մեկ այլ կապտաժային կառույց կա: Այն բոլորովին ուրիշ տեսք ունի: Կատաղի ջրվեժը եռում է ծակոտկեն պատնեշի հետևում, որից ակնթարթորեն մտքիդ են գալիս դրա հետ բոլորովին կապ չունեցող խորհրդային արտահայտություններ, օրինակ՝ «ՍՄԿԿ Կենտկոմի պլենում»: Օգտվելով իմ իրավունքից՝ արձակում եմ շղթան, մոտենում հոսքին ու կռանում դեպի ջուրը. ինչպե՞ս կարելի է գոնե մի կում չխմել այդ արծաթափայլ հեղուկից՝ զտված լեռնային ապարի զանգվածներով:
— Զգո՛ւյշ, կընկնես, կկորես: Մնացածը գետնի տակ է, ու քեզ եսիմ որտեղից ենք հանելու, — հռհռում է հատուկ համազգեստով պապիկը:
Սպառողական դույլեր ունեցողները
Մարդիկ նույնպես տեղը տեղին աշխատել են: Խողովակներ են անցկացրել, որոնցով ջրի մի մասն ինքնահոսով քաղաք է հասնում: Հետո կառուցել են պոմպային հարմարանքներ ու սկսել են քաշել մյուս մասը: Սարքավորումներ են տեղադրել, որոնց օգնությամբ հնարավոր է դարձել քլորացնել ջուրը՝ դրանով իսկ ապահովելով ջրի անվտանգությունը: Բայց այդ ամենի հետ մեկտեղ շուրջօրյա ջուրը երկար տարիներ մայրաքաղաքի բնակիչների մեծամասնության համար երազանք էր: Հետո էլ եկավ 1992-ը, երբ շատերի համար ջուրը դույլի տեսք և ոսկու գին ստացավ, իսկ բառն ավելի հաճախ օգտագործվում էր «ջուր ծեծել» բառակապակցության մեջ: Այսօր այդ խնդիրների մասին երևանցիների մեծ մասը չի էլ հիշում. ջրվել-գնացել է:
Երիտասարդ, ժրաջան բանվորը հետևողականորեն բացում է ջրամբարի դռնակը, «վանտուզ» ծիծաղելի անունով օդային բարձիկների վերացման համար նախատեսված սարքավորման սրահի երկաթե դռները, որտեղ նաև տեղադրված է «Գրունդֆոսն»՝ հեռակառավարումով պոմպային սարքը: Իսկ Գագիկն այդ ընթացքում թվեր է շաղ տալիս. մենք փոխել ենք … մետր խողովակ, … միլիոնի սարքավորում ենք գնել, ջրի կորուստը քչացել է … լիտրով… Ողջ այդ թվաբանությունից հիշեցի միայն «ջրամատակարարման ժամանակը օրական 19,8 ժամից հասել է 23,1-ի»:
Կենդանի ջուր
«Երևան Ջուր»-ի կենտրոնական լաբորատորիայի ստերիլ սալահատակ սրահների կոլբաներում հանդարտված ջուրը նման է ախտորոշմանը սպասող հիվանդի:
— Ես արդեն չեմ հիշում, թե երբ ենք վերջին անգամ ջրում վտանգավոր փոփոխություններ հայտնաբերել, — վստահեցնում է լաբորատորիայի տնօրեն Սոֆյա Ասատրյանը, — հենց այս պատճառով էլ աշխատում ենք տարին 365 օր, երկու հերթով, առանց տոների ու հանգստյան օրերի, որպեսզի բացառենք ցանկացած պատահականություն: Հասկանում եք, սա ռազմավարական նշանակության համակարգ է:
Սպիտակ խալաթներով կանայք մանրամասն բացատրում են սարքերի նշանակությունը, գործողությունների հերթականությունը… Ամեն օր նրանք կապտաժներից բերված ջրի պլանային հետազոտություններ են կատարում, իսկ 3 ամիսը մեկ՝ անմիջապես աղբյուրներից բերված ջրի: Բացի այդ, հետազոտվում է քաղաքի տարբեր ծայրերում ծորակից վերցված ջուրը, իսկ աշխատակիցները գնում են այն բնակարաններ, որոնց բնակիչները ինչ-ինչ պատճառներով կասկածներ ունեն «իրենց» ջրի անվտանգության հարցում:
— Տիկին Ասատրյան, դուք ծորակից ջուր խմո՞ւմ եք:
— Հենց միայն ծորակից էլ խմում եմ: Հասկանում եք, մենք բացառիկ հնարավորություն ունենք օգտագործելու կենդանի ջուր, որը պարունակում է մեր օրգանիզմին անհրաժեշտ ամեն ինչ: Ասեմ ավելին՝ կես տարին մեկ մեզ մոտ գալիս են «Ռամբոլ» դանիական ընկերության աշխատակիցները. այդ ընկերությունը տեխնիկական աուդիտոր է, որին Հայաստանի կառավարությունը վարձել է «Երևան Ջուր»-ի աշխատանքի որակը վերահսկելու համար: Սկզբում նրանք մեր ցուցանիշներին թերահավատորեն էին մոտենում: Իսկ այն բանից հետո, երբ սեփական հետազոտությունը կատարեցին, իրենք էլ սկսեցին
ջուր խմել ծորակից: Նրանք էլ հո հասկանում են, թե ինչ գին ունի այսօր նման հնարավորությունը:
Բաժակը կիսով չափ լիքն է
Հետևելով բնության մեջ ջրի շրջանառության օրենքին՝ մենք կրկին հայտնվեցինք Երևանում՝ Գագիկի գրասենյակում:
— Թե՞յ, սու՞րճ…, — առաջարկեցին մեզ:
— Ջուր: Ձեզ մոտ այն պետք է որ յուրահատուկ լինի:
— Այն բոլորիս մոտ էլ յուրահատուկ է, — ճշտում մտցրեց Գագիկը,
— պարզապես մենք դա չենք նկատում: Մենք ընդհանրապես ավելի հաճախ նկատում ենք այն, ինչ վատ է, այլ ոչ թե այն, ինչ լավ է:
Եվ որպես նրա խոսքերի ապացույց իմ առջև՝ սեղանին, բաժակ է՝ կիսով չափ լցված ջրով: