01 Օգոստոս 2014, 15:34
3452 |

Աշխատացրե՛ք զգայարանները

Համ, հոտ, տեսողություն, լսողություն, շոշափելիք. սրանք մարդու հինգ զգայարաններն են, որոնց միջոցով նա ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Որպես 6-րդ զգայարան էլ ընդունված է համարել ինտուիցիան: Ու կան մասնագիտություններ, որոնք հիմնված են զգայարաններից կոնկրետ մեկի վրա: Աշխատացրե՛ք ձեր զգայարանները:

Հոգեբան Արմինե Մանուկյան
Ցանկացած բանական էակ ունի ինտուիցիա, սակայն ոչ բոլորն են վստահում նրան: Հոգեբան Արմինե Մանուկյանը գտնում է, որ անտեսանելի ու խորհրդավոր երևույթը մարդու 6-րդ զգայարանն է. «Նույնիսկ եթե բանականությունը մերժում է դրա գոյությունը, միևնույն է՝ փաստերն ավելի խոսուն են: Ինտուիցիան հայտնվում է հանկարծակի, առանց արտաքին միջամտության»: Ընդունված է համարել, որ կանանց մոտ ինտուիցիան առավել զարգացած է։ Սակայն դա միայն թվացյալ է. «Պարզապես տղամարդիկ ձգտում են որոշումներ ընդունել՝ ելնելով փաստերից, իսկ կանայք հիմնվում են «ներքին ձայնի» վրա»։

 


Խոհարար Սեդրակ Մամուլյան
Նա համտես է անում իր պատրաստած բոլոր ուտեստները, թեև գտնում է, որ ֆիզիկապես համտեսելն այդքան էլ կարևոր չէ, գլխավորը բաղադրիչների ու չափաբաժնի մասին ինֆորմացիային տիրապետելն է: «Իհարկե, համտեսելը կարևոր է, ուտեստը նախևառաջ պետք է պատրաստողին դուր գա, հետո ճաշակողին»: Համի զգայարանով աշխատելը պատահական է ստացվել:

Մամուլյանը՝ սեփական փորձից ելնելով, փաստում է՝ իր համի զգայարանը միշտ ակտիվ է, նա անընդհատ փնտրում է նոր համեր, նոր բաղադրատոմսեր: Միևնույն ժամանակ Հայաստանի թիվ մեկ խոհարարը խոստովանում է՝ երբեք չի մոռանա տատիկի ստած ուտեստները, հատկապես մեկը. «Երկանքով աղացած փոխինդից պատրաստված խաշիլի պես , համեղ ուտեստ դեռ չեմ ճաշակել»:

 


Կոնյակագործ Ժորա Բայրամյան
Ընկերոջ ու խմիչքի հինն է լավ: Հատկապես՝ կոնյակի և գինու պարագայում: Կոնյակագործ Ժորա Բայրամյանը քիթը օգտագործում է ավելի հաճախ, քան մյուսները: «Խմիչքի համտեսը սկսվում է գույնից, հաջորդում է հոտը, այնուհետև համը: Բաժակը մի քանի անգամ մոտեցնում եմ քթիս և հեռացնում: Սկզբից շնչում եմ մակերեսորեն, այնուհետև՝ օդի հետ միասին, և հետո միայն որոշում՝ ինչ որակի խմիչք է բաժակիս մեջ»:

Ժորա Բայրամյանի խոսքով՝ հոտառության զգայարանը մշտապես ակտիվ պահելու համար կարևոր նախապայման է ծխախոտ չօգտագործելը: «Համտեսի ժամանակ պետք է բացակայեն բոլոր այլ հոտերը՝ օծանելիք, կոսմետիկ որևէ պարագա: Բնականաբար, չի կարելի նաև միաժամանակ մի քանի դեգուստացիա անել, օրվա ընթացքում թույլատրելիի շեմը տասն է»,- ասում է Բայրամյանը:

 


Ասեղնագործող Անահիտ Մինասյան
27 տարի է՝ ինչ նա աշխատում է տեսողության զգայարանի միջոցով: Իր բնորոշմամբ՝ անկուշտի նման է ասեղնագործում. «Մանկուց սիրել եմ ասեղնագործել, 5-6 տարեկան էի, երբ առաջին անգամ ձեռքս առա ասեղը»: Գիշեր-ցերեկ ասեղնագործելու հետևանքով տեսողության զգայարանը փոքր-ինչ թուլացել է: Այն մշտապես ակտիվ պահելու կանոններ ևս կան. «Տեսողությունս ակտիվացնում եմ քնի միջոցով: Տասը րոպե աչքերս հանգստացնելուց հետո զգում եմ, որ վերականգնվել եմ: Մասնագետը խորհուրդ է տալիս չշահագործել տեսողությունը, նայել հեռու՝ բաց գույներին, կանաչին, բնության կանաչը շատ հանգստացնող է:

 


Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյան
Նա արդեն 19 տարի է՝ ինչ գործի է դրել լսողության զգայարանը: «Մասնագիտություն ընտրել եմ ոչ թե բացարձակ լսողություն ունենալու պատճառով, այլ որովհետև երաժշտությունն իմ տարերքն է»: Շահրիմանյանի խոսքով՝ զգայարանը մշտապես ակտիվ պահելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում: Լսողության զգայարանը նրան երբեք չի «դավաճանել» աշխատանքի ընթացքում . «Եթե դու նրան չդավաճանես, նա քեզ հաստատ չի դավաճանի»:

 


Ուսուցչուհի Աստղիկ Նուրջանյան
Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատող Աստղիկը հատուկ ինչ-որ գործողություն չի անում շոշափելիքի զգայարանը ակտիվ պահելու համար: Մասնագիտությամբ բանասերը 2012-ից սկսել է վարել բրայլյան ուսուցման դասընթացներ տեսողության խնդիրներ ունեցողների համար: շոշափելիքի զգայարանի հետ: «Աշխատելիս օգտագործում եմ բոլոր զգայարաններս, բայց առավել շատ շոշափելիքը: Շոշոփելիքի զգայարանը զարգացնելու համար դպրոց եկած երեխաներին առաջինը ցույց ենք տալիս մեծ առարկաներ, ծանոթացնում աշխարհի ու նյութերի հետ»: Եթե մատները սովորեցին, ապա հաստատ շոշափելիքի զգայարանը չի դավաճանի՝ համոզված է տիկին Նուրջանյանը: « Շոշափելիքը միայն մի դեպքում կարող է բթանալ, եթե մարդիկ աշխատեն արտադրությունում, մատները կկոշտանան, այդ դեպքում հնարավոր է շոշափելիքի զգայարանը թուլանա»:

Այս թեմայով