Դույլերով, բաժակներով, թասերով, շշերով միմյանց ջրելը տարին մեկ անգամ օրինական է: Վարդավառին գրեթե անհնար է դուրս գալ փողոց ու չոր վերադառնալ տուն: Տարբեր երևանցիներ պատմում են ջրվելու իրենց հուշերից:
Արա, 31 տարեկան
Իրականում ես ահավոր չեմ սիրում Վարդավառի ջրոցին, էդ օրերին աշխատում եմ տնից դուրս չգալ, որովհետև առհասարակ ջուր չեմ սիրում, էդպես էլ ա պատահում: Բայց անցյալ տարի, չգիտեմ ինչի էդպես եղավ, ընկերներիս հետ դույլերը ձեռներիս քաղաքով քայլում ու մարդկանց էինք ջրում՝ Կարապի լճից հրապարակ, հետո կինո «Մոսկվա» ու էդպես շարունակ, առավոտից երեկո: Իսկ ես էդ ժամանակ նոր էի ընդունվել աշխատելու մի գովազդային գործակալությունում: Ու, պատկերացրեք, մեկ էլ հանկարծ հանդիպում եմ գործակալության կրեատիվ տնօրենին: Ինքն էլ շատ լուրջ մարդ ա, համբավ ունեցող ռեժիսոր, ինձանից տարիքով զգալի մեծ, իրար հետ դուք-ով ենք խոսում: Մի խոսքով, էս մարդը կնոջ հետ քայլում էր փողոցով, ու հենց ինձ տեսավ՝ ժպտալով ձեռքով արեց, իսկ ես առանց երկար-բարակ մտածելու մի դույլ ջուր լցրեցի իրանց վրա: Ռեժիսորը, իհարկե, փորձեց փախչել, բայց չստացվեց՝ ոտից գլուխ ջրվեց: Ու էնպիսի հայացքով նայեց վրաս, որ ես միանգամից դուրս եկա էդ լակոտական կեցվածքից ու հասկացա, որ չարժեր իրան ջրել: Հաջորդ մի քանի օրերին աշխատավայրում փորձում էի հնարավորինս քիչ իրա աչքին երևալ, իսկ ինքը երբ տեսավ, ասեց, որ ես իրան մի հատ այֆոն եմ պարտք, որովհետև Վարդավառի ժամանակ փչացրել եմ: Էդպիսի անհաջող բան ստացվեց էդ ջրոցու պատճառով: Ի դեպ, ես շատերի պես միշտ ասում էի ոչ թե Վարդավառ, այլ Վարդևոր: Բայց էս վերջերս ահագին ուսումնասիրություններ արեցի ու հասկացա, թե ինչ հարուստ ու գեղեցիկ տոն ա եղել Վարդավառը, ամեն ինչ իր իմաստն ա ունեցել: Ցավոք, հիմա մնացել ա մենակ ագրեսիվ ջրոցին: Բայց դա ինձ չխանգարեց, որ արդեն մի քանի տարի ինչ-որ հավես նախագծեր մտածեմ՝ կապված էդ տոնի հետ: Ամեն ինչ սկսվեց, երբ 2009-ի ամռանը ընկերներով մեր 3-րդ մասի բակում հավաքված էինք, ու շոգ էր: Սկսեցինք հավեսի համար նկարվել, հետո սկսեցինք նկարվել իրար ջրելուց ու տենց գնաց, դարձավ նախա-գիծ՝ լուսանկարեցինք լիքը ցանկացողների, իսկ բուն Վարդավառի օրը կազմակերպեցինք մեծ ցուցահանդես Սիրահարների այգում: Ու էս տարի էլի անում ենք՝ մի քանի լուսանկարիչներով, հավես նոր դետալներով: Ամենակարևորը՝ մեր մոտ բոլորը ջրվում են իրենց ցանկությամբ:
Սերգեյ, 32 տարեկան
Մեր տան հենց կողքը մեծ շուկա կար: Մի տարի Վարդավառին որոշեցինք բակի ընկերներով շուկայի ծախողներին ջրենք: Գնացինք մի բոլ ջրեցինք, մեր ադրենալինի պաշարը ստացանք ու թռանք: Ուրախ-ուրախ եկա տուն ու մեկ էլ մամաս փող տվեց, ասեց՝ գնա շուկայից գազար բեր: Ես էլ ոչ մի բան չկասկածելով գնացի շուկա: Գյուղացիք էլ բռնեցին, թե բա՝ մենք քեզ հիշում ենք, ա՜յ լակոտ, դու էն ջրողներից ես: Գնացին ջուր ճարեցին, դանդաղ գլխիս լցրին, մի հատ էլ դույլը դրին գլխիս ու կըտըցրին: Լավ էր՝ մաման փողը տոպրակի մեջ էր փաթաթել, գիտեր՝ էտ օրը ինչ կարա գլխիս գա:
Նարեկ, 25 տարեկան
Ես կինո շատ եմ սիրում ու մի տարի ստացվել էր, որ «Ոսկե ծիրանի» բացման հրավիրատոմս էի կպցրել: Սիրուն հագնված, տրամադրված, ամբողջը օրը սպասում եմ, թե երբ եմ գնալու: Առավել ևս, որ տենց տեղ մենակ չես գնա՝ գեղեցիկ աղջկա էի հրավիրել հետս: Քայլում ենք Թումանյանով, մեկ էլ վերևից երկու մեծ տոպրակ ջուր ուղիղ գլխներիս: Հըլը ջուրը ոչինչ, բա ոնց ա ցավում՝ դաղում ա: Ոտից գլուխ թրջվեցինք, հետիս աղջիկը սկսեց լացել: Քսած աչքերը լղոզվեցին, մազերը թաց, շորերը կպան վրան: Ու ես տենց էլ չհասա «Ծիրանի» բացմանը:
Արեգ, 27 տարեկան
Մի անգամ քիչ էր մնում կնոջս հետ կռվեինք ու բաժանվեինք: Դեռ ընկերություն էինք անում ու էտ ժամանակ դեռ ձեռքի հեռախոս չունեինք: Վարդավառ էր, մենք էլ ժամադրվել էինք. էկել, սպասում եմ, սպասում եմ՝ չկա: Սկսեցի անհանգստանալ՝ ինքը սովորաբար չի ուշանում: Հիմա մտածում եմ՝ գնամ տուն զանգեմ, ասում եմ՝ բա որ ես գնամ, ինքը գա՞: Տենց մի ժամ սպասելուց հետո գնացի տուն, զանգեցի, պարզվեց ջրել էին, գնացել էր տուն փոխվելու: Հետո ինչքան փնտրեցի, չգտա էտ ջրողներին, որ ես էլ իրանց ջրեմ: Բայց էդ հեչ, կարևորը վերջը իրար գտանք:
Անի, 38 տարեկան
Ես Վարդավառին տնից դուրս չեմ գալիս, որ ոչ ես նեղվեմ, ոչ էլ ինձնից նեղվեն: Երբեք չեմ հասկացել ու չեմ հասկանա, թե էդ ինչ հաճույք կա նրա մեջ, որ ջրես մարդկանց, ովքեր չեն ուզում ջրվել ու սիրուն հագնված ինչ-որ տեղ են գնում: Մի անգամ Վարդավառին ոնց ստացվեց՝ անցնում էի ավտոլվացման կետի կողքով: Դու մի ասա՝ Վարդավառին հատկապես տենց տեղերի կողքով չի կարելի անցնել: Ինձ ջրեցին ոչ թե դույլով, ոչ թե թասով, այլ շլանգով: Նենց էի թրջվել, ոնց որ հենց նոր բաղնիքից դուրս եկած լինեի՝ չէի կարողանում քայլել, կոշիկներս թռնում էին ոտքերիցս: Մեկ ա, տենց էլ չհասկացա, ի՞նչ հաճույք կա 3 հոգով, շլանգով ջրել մեկին, ով գոնե մի բաժակ ջուր չունի պատասխան հարվածի համար:
Տաթև, 25 տարեկան
Հիմա, որ հիշում եմ ինչ էինք անում մենք փոքր ժամանակ Վարդավառին՝ սարսափում եմ: Ջրում էինք անխտիր բոլորին, ով հայտնվում էր մեր շենքի լիֆտի մեջ: Չէինք նայում՝ մեծ, փոքր: Կազմ-պատրաստ կանգնում էինք լիֆտի դիմաց, հենց դռները բացվում էին՝ մի դույլ ջուրը դատարկում էինք: Ընդ որում, մի կետում չէինք կանգնում, տարբեր հարկեր էինք գնում՝ 1-ից մինչև 7-րդ, որ բոլորին էլ բաժին հասնի: Դրանից հետո մեր շենքի լիֆտը մի երկու օրով փչանում էր. դե պատկերացրեք ինչքան ջուր էր կուտակվում մեջը:
Ստեփան, 30 տարեկան
Մեր բակում մի հատ ձյաձյա կար՝ «բուդկա մասկվիչ» ուներ ու մի հատ վաննա, որ գառաժի մեջ էր պահում: Ու ամեն տարի վաննան դնում էր «մասկվիչի» հետևը' մեջը լիքը ջուր ու սկսում էր գնալ թաղով մեկ ու ջրել սաղին: Որպես պատասխան՝ կողքի թաղի տղերքից մեկի հերը ջրող ավտո էր քշում: Էտ ավտոյով ընգնում էին էս «մասկվիչի» հետևից: Մենք էլ՝ թաղի մանրներով, մարդ ա մի շիշ ձեռներս վազվում էինք իրանց հետևից:
Գարուշ, 40 տարեկան
Մի տարի՝ դեռ տրամվայները կային, մարդ ա մի-մի տոպրակով գնացինք կանգառ: Մի հատ տրամվայ եկավ, մեկը առաջ եկավ որ նստի, ասի՝ հետևից ջրով տոպրակով խփեմ: Մինչ ես կխփեի, էս տրամվայը դռները բացեց, տոպրակը ընգավ մեջն ու պայթեց: Էլ կայծ, էլ ճտճտոց: Լավ էր՝ էժան պրծա, պաժառ չընգավ, բայց շոֆեռը ականջներս ձգեց:
Արմինե, 18 տարեկան
Մեր բակի Վարուժ ձյաձյան ժամանակին պաժառնիկ էր եղել: Ամեն տարի չգիտեմ որտեղից ու ոնց մի հատ հին պաժառնի ավտո էր բերում ու մեր բակը միշտ հաղթում էր ջրոցիում: Վարդավառին ջուրը թանկ հաճույք ա ու միշտ քչություն ա անում: Իսկ մերը բոլ-բոլ էր: Նախ՝ շշերով էինք ջրում, իսկ տակը ինչ մնար՝ իրար էինք ջրում: Մի անգամ էլ մի հատ մառշռուտկա կանգնացրին, իբր հարցնում ենք ուր ա գնում, մտանք ներս ու վարորդից բռնած՝ բոլորին ջրեցինք: