21 Հուլիս 2014, 14:00
2089 |

Ձմերուկաթերապիա

Հուլիսի 19-ին Կարապի լճում «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Արարատյան դաշտավայրի ցմփոր բարիքի` ձմերուկի փառատոնը։

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ձմերուկները հանգրվանել էին ոչ թե լճում, այլ «լճափին»՝ հարմարավետ հովանոցների տակ։ Ելնելով 2013-ի դառը փորձից, երբ փառատոնի ավարտից հետո սոցկայքերը ողողվեցին լճի ջրով լվացած ձմերուկների սանիտարահիգիենիկ նորմերի մասին քննարկումներով՝ այս տարի կազմակերպիչները զինվել էին մաքուր ջրի մեծ պաշարներով։ 

Մաքրամաքուր, տռզած հատապտուղների գեղարվեստական ձևավորման աշխատանքներին կցվել էին մայրաքաղաքի ֆուրշետային ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրը  գերլարված մրցակցային պայմաններում փորձում էր ներկայացնել կանաչ գեղեցկուհու ձևավորման իր տարբերակը։ Հյուրերն ու զբոսաշրջիկներն էլ իրենց հերթին անտարբեր չէին անցնում տաղավարների կողքով:

Տարվա նորամուծություններից մեկը լճում հանգրվանած քաղաքային զինանշանն էր, որին շրջապատել էր Երևանի 12 վարչական շրջանները խորհրդանշող 12 ձմերուկային բուրգերի պատվո պահակախումբը։ Չնայած կազմակերպիչները լճում միջոցառումներ չէին նախատեսել, սակայն երևանյան տապին չդիմացող փոքրիկներն առաջին հերթին ջուրը նետվեցին։

Փառատոնի հյուրերին այս անգամ ձմերուկ էին հյուրասիրում հայտնի մարդիկ։ Սիրված հաղորդավարների, երգիչների ու դերասանների ձեռքից մի պատառ քաղցր ձմերուկ վերցնելու համար հյուրերը շրջապատել էին տաղավարները։

Կարապի լճի ձմերուկային փառատոնը երևանցնիների համար իսկական տոն էր։ Քաղաքի սրտում հանգրվանած 4 տոննա ձմերուկներն արագ չսպառվեցին ու բերքառատ տոնը ձգվեց մինչ ուշ գիշեր՝ եզրափակվելով հին ու բարի դիսկոտեկով։

Այս թեմայով